Ի՞նչ են փնտրում Վարդան Այվազյանի բնակարանում. պարզաբանում է փաստաբանը

Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է խուզարկությունը բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի բնակարանում: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց փաստաբան Միհրան Պողոսյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ  Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շտապ լրատվամիջոցներին․․․ Իշխանության տվայտանքներն ու գործիքակազմը: Հենց այս պահին, թուրքին ևս 100 մետր տարածք տալու համար իշխանությունը՝ ի դեմս ԱԱԾ-ի, խուզարկություն է իրականացնում բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի բնակարանում` հույս ունենալով, որ այդ կլռեցնի այս դավադրության դեմ բարձրաձայնողներին։
Չի ստացվելու, չեն լռելու..․»:

Հարցին, թե ի՞նչ հիմքով է կատարվում խուզարկությունը՝ փաստաբանը պատասխանեց.

«Ունեն այդ հարուցված հայտնի քրեական գործը՝ նոյեմբերի 10-ի բողոքի ցույցի հետ կապված, ու բոլոր այն մարդիկ, ովքեր բարձրաձայնում են երկրում տիրող իրավիճակի մասին, այդ դավադրության մասին, փորձում են  արհեստական հիմքեր ստեղծել, կպցնել այդ քրեական  գործին, որ հետո իշխանությունը հնարավորություն ունենա կառավարության կամ դատավորների հետ հանդիպման ժամանակ հայտնել, որ այս քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի՝ այսքան մարդ, կալանավորվել է՝ այսքան մարդ: Այսինքն՝ տպավորություն են ուզում ստեղծել, թե իբր դա իրականում ժողովրդի զայրույթի ձայնը չէր, այլ կազմակերպված գործողություն էր, ինչը, բնականաբար, իրականությանը չի համապատասխանում:  Խուզարկության  հիմքը հենց այն կասկածանքն է, որ Վարդան  Այվազյանի բնակարանում կարող են հայտնաբերվել  փաստաթղթեր, որոնք կվկայեն, որ այդ բողոքի ցույցը կազմակերպել է Վարդան Այվազյանը»:

 

Տեսանյութեր

Լրահոս