«Նման խոսակցություն եղել է․ երբ Շուշիում վիճակը բարդացավ, զանգահարեցի Արայիկ Հարությունյանին ու ասացի, որ թշնամին մտնում է Շուշի». Ռուսլան Իսրայելյան

«Մեդիապորտ» տելեգրամ ալիքում երեկվանից շրջանառվում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի խոսակցության ձայնագրությունը, որտեղ Արցախի նախագահն ասում է, որ 10 օր է՝ Հայաստանից օգնություն է խնդրում գոնե Ստեփանակերտը պաշտպանելու համար, սակայն որևէ օգնություն չեն տրամադրել։

168.am-ի հետ զրույցում Ռուսլան Իսրայելյանն ասաց, որ նման խոսակցություն տեղի ունեցել է, սակայն ինքը չի այդ ձայնագրության տարածողը, թե ով է այն հանրայնացրել՝ կպարզեն, քանի որ այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում։

«Բնականաբար, ձայնագրությունը ես չեմ տարածել, հիմա ես փնտրում եմ այն մարդուն, ով այն տարածել է, ոչ թե նրա համար, որ ինչ-որ բաներ ունեմ պահանջելու այդ մարդուց, այլ ուղղակի հետաքրքիր է՝ ո՞վ է հրապարակել։ Իմ և Արայիկ Հարությունյանի միջև նման խոսակցություն եղել է, թաքցնելու բան չունեմ, բայց թե ով է այն հրապարակել՝ փնտրում ենք»,- նշեց Ռուսլան Իսրայելյանը։

Հարցին՝ փաստորեն Արայիկ Հարությունյանն օգնության համար դիմել է Հայաստանին ու օգնություն չի՞ ստացել, Ռուսլան Իսրայելյանը պատասխանեց.

«Ես չգիտեմ՝ դիմել է, թե չի դիմել, այն, ինչ կա՝ կա մեր ձայնագրության մեջ։ Այդ ժամանակ ես գտնվում էի Շուշիի պաշտպանական մատույցներում, երբ վիճակը բարդացավ, զանգահարեցի Արայիկ Հարությունյանին ու ասացի, որ թշնամին մտնում է Շուշի, որի ժամանակ դուք լսել եք ձայնագրությունում այն, ինչ կա։ Վերջ։ Այլ տեղեկատվության չեմ տիրապետում»,- եզրափակեց Ռուսլան Իսրայելյանը։

Տեսանյութեր

Լրահոս