«Մեզ համար կարևոր չէ` շարքային ոստիկա՞նն է մեղավոր, թե՞ այն անձը, ով տվել է այդ հրահանգը». Էրիկ Ալեքսանյան

2019թ․ հունիսի 20-ին, այսինքն՝ ուղիղ մեկ տարի առաջ, մամուլում լուրեր հայտնվեցին, թե ՀՀ նախկին փոխվարչապետ, «Մարտի 1»-ի քրեական գործով անցնող Արմեն Գևորգյանին թույլ չեն տվել երկրից դուրս գալ՝ չնայած այն հանգամանքին, որ վերջինս իր մոտ ունեցել է դատարանի համապատասխան թույլտվությունը, ինչն ավելի ուշ հաստատեց նաև վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

168.am-ի հետ զրույցում Էրիկ Ալեքսանյանը նշել էր, որ իր պաշտպանյալին ՌԴ մեկնելու արգելքի պատճառները չեն ներկայացրել, սակայն Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակից իրեն հայտնել են, որ Ոստիկանությունն իրենց էլ տվել է նույն պատասխանը, ինչ Յուրի Խաչատուրովի դեպքում, այսինքն՝ սահմանը հատել պետք է թույլ տա ոստիկանությունը:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին էլ դրանից շուրջ երկու շաբաթ առաջ թույլ չէին տվել հատել հայ-վրացական սահմանը։

Ըստ պաշտպանի՝ ՄԻՊ-ը, իրենց դիմումը վարույթ ընդունելով, իր լիազորությունների շրջանակում համապատասխան վարույթ է սկսում, ու արդյունքում` իրենք ստանում են ՄԻՊ որոշումը, որի մեջ արձանագրված է եղել, որ չի կարող նման պրակտիկա լինել, քանի որ Պաշտպանը ներկայացնում է այլ գործերով ապացույցներ, որոնց պարագայում ոստիկանությունն այլ մոտեցում է ցուցաբերել: Այսինքն` ՄԻՊ-ը ևս արձանագրում է կոնկրետ գործով ոստիկանության տարբերակված մոտեցումը:

«Վերջում ՄԻՊ-ն արձանագրել էր այն, որ տեղի է ունեցել Արմեն Գևորգյանի ազատ տեղաշարժի իրավունքի խախտում»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Պաշտպանը նշում է, որ, երբ խնդիր ունենան Սահմանադրական դատարանում, ՄԻՊ-ի այս որոշումից հետո  այլ մարմին դիմելու, քան, օրինակ, հետագայում Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), ընթացակարգ չկա:

Դրանից հետո, ինչպես նշում է Արմեն Գևորգյանի պաշտպանը, իրենք այս խնդրով տարբեր դատական գործընթացներ են սկսել, սակայն, ի վերջո, Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մերժում է գործ հարուցել ոստիկանության աշխատակիցների գործողությունների առնչությամբ, համարել էին, որ ոստիկանության համապատասխան աշխատակցի արարքում պաշտոնեական հանցագործության հատկանիշներ առկա չեն այն տեանկյունից, որ հիմք է ընդունել կառավարության 884 որոշումը, ըստ որի` ոստիկանությունը սահմանը հատելու արգելքը կարող էր վերացնել այն դեպքում, եթե լիներ խափանման միջոցը փոխելու մասին որոշում:

«Մենք առարկեցինք` նշելով, որ այդ դատողությունը սխալ է, որովհետև կառավարության որոշումը ենթաօրենսդրական ակտ է, իսկ Քրեական դատավարության օրենսգիրքը առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող օրենք է, որը թույլ է տալիս առանց խափանման միջոցը վերացնելու` անձին թույլատրել այլ տեղանք մեկնել ժամանակավորապես: Հետևապես՝ ոստիկանությունը պետք է առաջնորդվեր ոչ թե կառավարության որոշմամբ, այլ Քրդատ օրենսգրքով և Սահմանարության 40 հոդվածով, ինչը տվյալ դեպքում չէին արել` թույլ տալով օրենքի խախտում»,- ասաց պաշտպանը:

Նրա խոսքով` իրենք, բնականաբար, բողոքարկել էին ՀՔԾ քննիչի որոշումը քրեական գործը մերժելու մասին:

«Այսօր փաստացի Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` Վահե Միսակյանի նախագահությամբ, բավարարեց մեր բողոքը և փաստացի վերացրեց քննիչի որոշումը քրեական գործ հարուցելը մերժելու, ինչպես նաև դրա օրինականությունը հաստատելու մասին դատախազի որոշումը, ինչն օրենքի ուժով պարտադիր է դարձնում դատախազի համար քրեական գործ հարուցելը»,- ասաց Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Էրիկ Ալեքսանյանը նշեց նաև, որ իրենց համար սկզբունքային չէ` պատասխանատվության կենթարկվի կոնկրետ այն պաշտոնատար ա՞նձը, որն ուղղակի պարտականություն է ունեցել դատարան օրինական որոշման հիման վրա համապատասխան սահմանափակումը ժամանակավորապես դադարեցնել, թե՞ այլք:

«Ինչո՞ւ ոչ, խոսքը բարձր պաշտոն զբաղեցնող այն անձանց մասին է, որոնք այդ հրահանգն ուղիղ տվել են: Մեզ համար սկզբունքային է, որ պատասխանատվության ենթարկվի այն անձը, որն այս ամենի մեջ ունեցել է իր անօրինական ներգործությունը: Մեզ համար կարևոր չէ` շարքային ոստիկա՞նն է մեղավոր, թե՞ այն անձը, ով տվել է այդ հրահանգը: Յուրաքանչյուրը, ով մեղավոր է, պետք է պատասխան տա օրենքի առաջ»,- եզրափակեց Արմեն Գևորգյանի պաշտպանը:

Տեսանյութեր

Լրահոս