Տարրական անկազմակերպվածություն «Իմ քայլում». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հայտնվել է ոչ նախանձելի վիճակում: Երեկ խմբակցությունը բախվեց մի իրավիճակի, երբ տարրական աշխատանքային քվեարկություն չկազմակերպելու պատճառով Կարեն Առուստամյանը չընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում:

Նա այն թեկնածուն էր, որին մոտ 2 տարի իշխող թիմը փնտրում էր, վերջապես գտավ կիրթ, գրագետ, պրոֆեսիոնալ պետական ծառայողի, որը համապատասխանում էր ՀՊ թեկնածուի բոլոր պահանջներին, նա չընտրվեց ընդամենը մեկ ձայնի պատճառով:

Քվեարկությանը մասնակցել էր 84 պատգամավոր: Անվավեր էր ճանաչվել 2 քվեաթերթիկ: Ձայները բաշխվել էին հետեւյալ կերպ՝ 79 «կողմ» եւ 3 «դեմ»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ, ըստ այդմ, որոշումը չի ընդունվել. անհրաժեշտ էր նվազագույնը 80 կողմ ձայն։ Եվ այս իրավիճակի պատասխանատուն իրականում հենց իշխող խմբակցությունն է, քանի որ նրանք հա՛մ առաջադրել էին Առուստամյանին, հա՛մ էլ չկարողացան 85-հոգանոց խմբակցությունով 80 կողմ ձայն ապահովել, մինչդեռ նրանք պարտավոր էին պատշաճ կազմակերպել քվեարկությունը անլուրջ տպավորություն չթողնելու համար։

Եվ չի բացառվում, որ նույն տարրական անկազմակերպվածության պատճառով առաջիկայում եւս խմբակցությունը նման խնդիրների բախվի: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի եւ դատավորների թեկնածուները երեկ հրաժարվեցին գալ խորհրդարան՝ մտավախությամբ, որ իրենց ընտրությունը վտանգի տակ կարող էր հայտնվել»։

Տեսանյութեր

Լրահոս