Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին, քննարկվել են մի շարք հարցեր
Դեկտեմբերի 9-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ պաշտոնական կայքից։
Հանդիպմանը մասնակցել են նաեւ Սենատի առաջին փոխնախագահը, արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահը, ինչպես նաեւ Սենատի մի շարք քաղաքական խմբակցությունների ղեկավարներ։
«Զրուցակիցները երկուստեք գոհունակություն հայտնեցին Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ինտենսիվ քաղաքական երկխոսության առկայությամբ՝ հիմնված հարուստ պատմամշակութային առնչությունների եւ երկու ժողովուրդների միջեւ անկեղծ բարեկամության վրա: Նախարար Այվազյանը շնորհակալություն հայտնեց նոյեմբերի 25-ին Սենատի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին» բանաձեւի կապակցությամբ՝ շեշտելով, որ այն կարեւոր ազդակ է միջազգային հանրությանը եւ արտահայտում է մարդու իրավունքների համընդհանուր քաղաքակրթական արժեքներին ֆրանսիացի ժողովրդի անշեղ հավատարմությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Անդրադառնալով բանաձեւի խորհրդին՝ նախարարն ընդգծել է դրա կարեւորությունն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ արցախյան հիմնահարցի արդարացի լուծման գործընթացում: Նախարարը նշել է, որ Թուրքիան, գործուն աջակցություն ցուցաբերելով Արցախի դեմ Ադրբեջանի ռազմատենչ ագրեսիային, պատասխանատվություն է կրում Ադրբեջանի` հայ ժողովրդին իր պատմական հայրենիքում բնաջնջելու քաղաքականության համար:
Նախարար Այվազյանն իր ֆրանսիացի պաշտոնյաների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական պատմամշակութային եւ կրոնական կոթողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, դրանց ոչնչացման, եւ պղծման դրսեւորումների վրա:
Այս համատեքստում կողմերը շեշտել են հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պահպանության եւ այդ գործում միջազգային մասնագիտացված կառույցների ակտիվ ներգրավվածության կարեւորությունը:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով գոյացած հումանիտար մարտահրավերները եւ դրանք հասցեագրելուն ուղղված քայլերը։
Տեղի է ունեցել մտքերի ակտիվ փոխանակում տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ: