Էստոնիայում դեկտեմբերի 14-ից կփակվեն բոլոր ուսումնական հաստատությունները
Էստոնիայի կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար հաջորդ շաբաթվանից լրացուցիչ սահմանափակումներ կսահմանի ամբողջ երկրի կրթական եւ սպորտի բնագավառում: Այդ մասին հաղորդել է rus.postimees կայքը:
Պլանավորվում է, որ դեկտեմբերի 14-ից կփակվեն բոլոր ուսումնական հաստատությունները՝ հանրակրթական դպրոցները, մասնագիտական եւ կիրառական դպրոցները, ինչպես նաեւ համալսարանները: Հեռավար ուսուցման կանցնեն բոլոր աշակերտները՝ սկսած առաջին դասարանից:
Հաջորդ տարի աշխատանքը կշարունակվի սովորական կարգով, եթե կառավարությունն այլ որոշում չկայացնի: Մանկապարտեզներն ու մսուրները կգործեն: Դեկտեմբերի 14-ից երեք շաբաթով կդադարեցվի նաեւ ըստ նախասիրությունների խմբակների եւ սպորտային պարապմունքների գործունեությունը երիտասարդների եւ մեծահասակների համար, բացառությամբ անհատական պարապմունքները:
Կուժեղացվի ինքնամեկուսացման պարտականության պահպանման հսկողությունն ամենից առաջ նրանց համար, ովքեր կհատեն սահմանը: Սահմանի հատումը պլանավորվում է հասցնել նվազագույնի: Կառավարությունը դրամական փոխհատուցման լրացուցիչ մեխանիզմներ կմշակի այն ոլորտների համար, որոնք առավել շատ կտուժեն բիզնեսի փակման արդյունքում:
Ինչպես սպասվում է, այդ սահմանափակումների մասին որոշումները կընդունվեն նախարարների կաբինետի հերթական նիստում: Սրանք արդեն երկրորդ լրացուցիչ սահմանափակումներն են վերջին օրերի ընթացքում: Նախորդները սահմանվել Էին դեկտեմբերի 5-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: