«Մեզ կհաջողվի ձեռք բերել պայմանավորվածություն՝ խորհրդարանական երկու խմբակցությունների հետ». Արթուր Ղազինյան
«Նրանք, ովքեր ծանոթ են Հայաստանի քաղաքական կյանքին և գիտեն, թե ինչ է արվել վերջին 20-25 տարվա ընթացքում՝ կարծում եմ, որ դա իրենց համար նորություն չէր: Դա երևի նորություն էր այն մարդկանց համար, որոնք ապրել են հորինված իրականության մեջ, փորձել են հավատալ ինչ-որ մի բանի, և այդ հավատն իրենց մոտ ձևավորել է համոզմունք, իսկ այդ համոզմունքը՝ ինչ-որ մի կեղծ, ֆեյք իրականություն, որի մեջ նրանք շարունակում են ապրել: Իրենք շոկի ենթարկվեցին՝ լսելով, որ ՀՀ երրորդ նախագահն Ալիևին առաջարկել է ավելի մեծ գումար, որ հրաժարվի այդ 7 տարածքներից: Ասել, որ նախկինում եղել է որևէ քայլ դեպի նրան, որպեսզի հանձնվի Արցախի տարածքային ամբողջականությանը վերաբերող որևէ հողի կտոր՝ դա առնվազն խելացնորություն է»,- ԱԺ-ի մոտ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքի ժամանակ ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:
Հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանին ևս գումար առաջարկե՞լ են, Ղազինյանը պատասխանեց.
«Ես դատախազություն հաղորդում եմ ներկայացրել՝ պետական դավաճանության, հանցագործության մասին: Մանրամասն հիմնավորված է, հանցավոր խումբ է գործել՝ նախնական, հանցավոր համաձայնության գալով: Եղել է պետական, աննախադեպ դավաճանություն: Ես չեմ խորշում այդ բառն օգտագործել, և իրենց մասին խոսելիս մշտապես օգտագործում եմ «պետական դավաճաններ» եզրույթը: Մենք գործ ունենք պետական դավաճանական խմբի հետ: Հանցավոր խումբ է եղել, որոնք զավթել են իշխանությունը՝ պետական դավաճանություն անելու նպատակով: Մոտիվը, թե ինչի՞ համար է տեղի ունեցել պետական դավաճանությունը, դա կպարզվի քրեական գործի ընթացքում: Հիմա մենք խոսում ենք, որ գոյություն ունի դավաճանության փաստ: Ովքեր են դա արել, ինչ նպատակով և ինչ են ստացել դրա դիմաց: Իշխանություն չկա, այսինքն՝ փոխելու ոչինչ չկա, կա խնդիր՝ ձևավորել ազգային շահի վրա հիմնված կառավարություն, հայկական շահին հետամուտ լինող քաղաքական միավոր, որը պետք է 1 տարվա ընթացքում երկիրը դուրս բերի պատմական մասշտաբի խորը ճգնաժամից: Ինքը հեռացած է, գոյություն չունի, այդ անուն-ազգանունով մարդ ես չեմ ճանաչում. և՛ մարդկային, և՛ բարոյական, և՛ քաղաքական իմաստներով՝ նա կործանված մարդ է: Ինքը պետք է լռի և սպասի իր դատաստանին»,- նշեց Արթուր Ղազինյանը:
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահն անդրադարձավ 17 ուժերի կողմից ներկայացված վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ներկայացված Էդմոն Մարուքյանի հարցին՝ ասելով. «17 կուսակցություններն ունեն միասնական թեկնածու, կպաշտպանենք մինչև վերջ, «Լուսավոր Հայաստանը» կարծիք է հայտնել, որ ունեն իրենց թեկնածուն: Դա չի նշանակում, որ ճիշտ եղած պահին չի լինի մեկ միասնական թեկնածու՝ ամբողջ ընդդիմության կողմից: Քաղաքական գործընթաց է, որի ընթացքում, կարծում եմ, մեզ կհաջողվի ձեռք բերել պայմանավորվածություն՝ խորհրդարանական երկու խմբակցությունների հետ՝ Վազգեն Մանուկյանի՝ ՀՀ ճգնաժամային կառավարության վարչապետի պաշտոնը զբաղեցնելու նպատակով»:
Դիտարկմանը՝ իշխանությունը վստահ է՝ արտահերթ ընտրություններում Ն. Փաշինյանը կրկին վարչապետ է ընտրվելու, Ղազինյանը պատասխանեց. «Մենք դեռ կհասկանանք՝ ինքը կունենա՞ իրավաբանական հնարավորություն՝ ընտրություններին մասնակցելու: Կարծում եմ՝ պետական դավաճանության հարցով քրեական գործը հարուցվելու է»: