Ոստիկանությունը օրինահարգության և համակեցության կանոնների պահպանման կոչ է անում
ՀՀ ոստիկանությունը կոչ է անում պահպանել օրինահարգության և համակեցության կանոնները: Ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին իրենց իրավունքներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, չչարաշահել դրանք: Նշվում է, որ դեկտեմբերի 8-ին հանրապետության ողջ տարածքում տեղի ունեցան անհնազանդության և բողոքի գործողություններ: Չնայած ոստիկանության կոչերին ու հորդորներին՝ նաև փողոցներ փակվեցին։ Ոստիկանությունն այդ ողջ ընթացքում պահպանել է հասարակական կարգը։ Որոշ դեպքերում, երբ խախտվել են այլ քաղաքացիների իրավունքները, ոստիկանության ծառայողները հորդորել են դադարեցնել գործողությունը։ Տեղաշարժի սահմանափակման գործողությունների ընթացքում եղել են նաև միջանձնային բախումների դեպքեր։
«Այս պարագայում նույնպես ոստիկանությունն իրականացրել է կանխարգելիչ միջոցառումներ։ Այդ ընթացքում իրավախախտումներ կատարելու համար հանրապետության տարբեր բնակավայրերից ոստիկանության տարածքային բաժիններ են բերվել 100-ից ավելի անձինք, որոնց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Երթևեկությանը խոչընդոտելու համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 4 տրանսպորտային միջոց։ Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանությունը կրկին կոչ է անում օրինահարգության և համակեցության կանոնների պահպանման: Հորդորում ենք ձեր սուբյեկտիվ հիմնական իրավունքներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, չչարաշահել դրանք, հարգել համաքաղաքացիների իրավունքները»,-ասված է հաղորդագրության մեջ: