«Այդ տարածքները մեզանից ոչ թե Ադրբեջանն էր պահանջում, այլ ամբողջ աշխարհը». Արամ Խաչատրյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Արամ Խաչատրյանի խոսքով՝ ընդունում է, որ Արցախում պատերազմի ժամանակ կրած պարտությունն իրենց օրոք է եղել, սակայն ժառանգել են այնպիսի դիվանագիտություն, որը հանգեցրել է դրան:

«Գիտեք, որ Արցախը բանակցային գործընթացից դուրս է մնացել՝ 10-15 տարի առաջ, որին հաջորդել են «Մադրիդյան սկզբունքները», Կազանյան համաձայնագիրը, և 2013  թվականից ամբողջ աշխարհը մեզանից պահանջում էր 7 շրջանների վերադարձն Ադրբեջանին: Իսկ կոնկրետ ռազմական գործողությունների փուլում մենք պատերազմել ենք թուրք-ադրբեջանական-սիրիական վարձկանների հետ, մենք այստեղ շատ լավ հասկանում ենք ուժերի հարաբերակցությունը: Մեր զինվորները փայլուն կերպով են կռվել, հերոսաբար են կռվել: Իհարկե, փաստը մնում է փաստ, դուք էլ լավ գիտեք, որ այս 2, 5 տարվա ընթացքում Կառավարությունը մեծ բարեփոխումներ է անել Զինված ուժերում: Մենք այս դիվանագիտությունը ժառանգել ենք նախորդ իշխանություններից»,- նշեց Արամ Խաչատրյանը:

168.amի հարցին՝ իր քաղաքական թիմը չգիտե՞ր` ի՞նչ ժագանգություն է ստանալու, չգիտե՞ր, որ երկիրը գտնվում է կիսապատերազմական վիճակում և կա Արցախի չլուծված հարց: Բացի այդ,  վարչապետը հայտարարում էր, որ բանակցությունները սկսում է զրոյական կետից, հետևաբար՝ ինչո՞ւ դիվանագիտական ճակատում չհաջողվեց առաջ տանել իր զրոյական կետը, Արամ Խաչատրյանը պատասխանեց.

«Ես արդեն ասացի, որ և՛ դիվանագիտական ճակատում, և՛ ռազմական գործողությունների ժամանակ արել ենք գրեթե անհնարինը, բայց այդ տարածքները մեզանից ոչ թե Ադրբեջանն էր պահանջում, այլ ամբողջ աշխարհը, և դա ՄԱԿ-ի կոնվենցիայով էլ է այդպես, և այլն, և այլն: Այո՛, Նիկոլ Փաշինյանը բանակցությունները զրոյական կետից էր սկսում, բայց հակառակորդը զգաց, որ ժամանակն իր օգտին չի գնում, և իրենք սանձազերծեցին այդ պատերազմը»:

Մեր հաջորդ հարցին՝ ինչո՞ւ նախկինում աշխարհին չէր հաջողվում ստանալ իր պահանջածը՝ այդ հողերը, Արամ Խաչատրյանը պատասխանց, որ 2016  թվականին էլ նույն պատերազմը տեղի ունեցավ, և որոշակի հաջողություններ այդ ժամանակ ունեցան:

«Հիմա ես չեմ կարող ասել, թե այդ պատերազմն ի՞նչ բանակցությունների արդյունքում է կանգ առել, բայց ես համոզված եմ, որ Ադրբեջանն այս պատերազմին 10-15  տարի առաջ էր պատրաստվել»:

Մանրամասները՝ 168.am-ի առաջիկա տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս