ԿԳՄՍ նախարարի կողմից բուհի ռեկտոր նշանակելու դրույթն անցումային է. ԿԳՄՍ պաշտոնյա

Կառավարության դեկտեմբերի 3-ին նիստում չզեկուցվող հարցերից մեկով գործադիրը հավանություն տվեց և անհետաձգելի կարգով Ազգային ժողով ուղարկեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծերը: ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանին զարմացրել է փորձագիտական և այլ շրջանակներում շրջանառվող հարցադրումը, թե ինչո՞ւ է օրենքի նախագիծը հապշտապ ուղարկվել ԱԺ:

«Այն թեզը, թե օրենքի նախագիծը հապշտապ է ուղարկվել ԱԺ, փոքր-ինչ զարմանալի է, որովհետև առնվազն վերջին տարիներին քննարկել ենք այդ բոլոր հարցերը, նաև ասեմ, որ սա ինչ-որ տեղ ուշացած օրենք է, նկատի ունեմ համակարգի առջև կանգնած խնդիրների տեսանկյունից»,- ասաց Կարաբեկյանը:

Հարցին, թե եթե վերջին տարիներին քննարկվում էր նախագիծը, ապա ինչո՞ւ է հենց հիմա ուղարկվում ԱԺ, այն էլ՝ անհետաձգելի կարգով, Կարաբեկյանը պատասխանեց.

«Անհետաձգելի կարգով ԱԺ ուղարկելու մտադրությունը կամ նախաձեռնությունը եղել է այս տարի օրենքի մշակման նախորդ փուլերում: Արդեն ամռանը, երբ պատրաստեցինք փաթեթը կառավարություն ներկայացնելու համար, այդ կարգավորումը, կամ այդ խնդրանքը Կառավարությանն ուղղված՝ քննարկել դա արագացված կարգով, եղել է: Պարզապես երևի թյուրիմացության կամ թյուրըմբռնման արդյունք է, որ դա կապվում է այսօրվա իրավիճակի հետ, և առաջացել են ինչ-որ խնդիրներ, որոնք պարտադրում են հապշտապություն: Որևէ հապշտապության մասին այստեղ խոսք չկա»:

Օրենքի նախագծով բուհի ռեկտոր նշանակելու հնարավորություն է ստանում ԿԳՄՍ նախարարը: Հարցին, թե սա չի հակասո՞ւմ բուհի ինքնավարությանը, Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն արձագանքեց, որ պետությունը որդեգրել է բուհերին աստիճանաբար ինքնավարությունը:

«Եթե հարցադրում տաք, թե արդյոք օրենքն ամբողջությամբ ապահովո՞ւմ է բուհերի ինքնավարությունը, ես կասեմ, որ ոչ, այն 100 տոկոսով չի ապահովում, բայց եթե համեմատենք գործող օրենքի հետ, ապա կան մի շարք դրույթներ, որ մի քանի քայլ առաջ են տանում դեպի ակադեմիական, բուհական ինքնավարություն: Կարծում եմ՝ կարևորը որդեգրած քաղաքականությունն է, որ մենք պետք է ժամանակի ընթացքում կարողանանք ապահովել: Այստեղ ոչ միայն այն է, թե պետությունը որքան իրավասություն կտա բուհին, այլև այն է, որ պետք է կարողանանք համագործակցություն ստեղծել՝ պետություն, լիազոր մարմին, բուհ, ստեղծել այն հավասարակշռությունը, որը կբերի արդյունավետ կառավարման»,- ասաց Սուքիասյանը:

Հարցին, թե ԿԳՄՍ նախարարին ռեկտոր ընտրելու հնարավորություն տալով արդյոք չի քաղաքականացվի՞ բուհը,  Սամվել Կարաբեկյանն արձագանքեց, որ այդ հնարավորությունը նախատեսված է անցումային դրույթով, այսինքն՝ դա ժամանակավոր դրույթ է:

«Մեր ռազմավարության մեջ, նախագծում նշված է, որ պատրաստվում ենք բուհերի և գիտական հաստատությունների կոնսոլիդացիայի, բազմաթիվ մանր հաստատությունների փոխարեն՝ կունենաք ուժեղ, զարգացող և կարող համալսարաններ և գիտական կենտրոններ, հարցը վերաբերում է այս հատվածին, որ անցումային  փուլերը պետք է իրականացվեն: Եթե նայեք օրենքի հիմնական տեքստը, ոչ թե անցումային դրույթը, մանրամասն նկարագրված է, թե ինչպե՞ս է ռեկտորը  կամ գիտական կազմակերպության տնօրենն ընտրվում, անցումային դրույթում էլ նշված է, որ որոշակի ժամկետից հետո, ասում եմ որոշակի, որովհետև գրված է՝ մինչև 5 տարի, երբ պրոցեսներն ավարտվեն, նոր կայացած կազմակերպության մեջ կսկսի գործել հիմնական դրույթը: Ես չեմ կարծում, որ այստեղ խնդիր կա»,- ասաց Կարաբեկյանը և ավելացրեց, որ անգամ ամենաժողովրդավար օրենքի դեպքում կարող է խնդիրներ լինեն, եթե դա ամրապնդված չէ, տվյալ դեպքում, ակադեմիական մշակույթով, որի բացակայությունը նա տեսնում է:

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը նշեց, որ, անգամ, եթե ԿԳՄՍ նախարարը նշանակի ռեկտորին, օրենքի մյուս դրույթները թույլ չեն տա, որ բուհը քաղաքականացվի:

«Կոնսոլիդացիայի արդյունավետ կազմակերպման առումով միջանկյալ փուլում ավելի նպատակահարմար է, որ այդտեղ գործադիր մարմինը (ռեկտորը) նշանակվի, որ նա կարողանա արդյունավետորեն կազմակերպի այն խնդիրները, որոնք իր առաջ դրված կլինեն»,- ասաց Սուքիասյանը և ավելացրեց, որ իրենց շրջանում էլ քննարկումներ եղել են, կարծիքները կիսվել են, սակայն, ի վերջո, հանգել են այս տարբերակին:

Տեսանյութեր

Լրահոս