Պենտագոնը հայտարարել է, որ Չինաստանը դարի կեսերին կկարողանա ԱՄՆ-ին հաղթել ռազմական հակամարտությունում
Չինաստանի տնտեսական ներուժի աճը նրան թույլ կտա արագ տեմպերով մեծացնել իր ռազմական հզորությունը. իրադարձությունների նման զարգացման դեպքում ՉԺՀ-ն դարի կեսերին ի վիճակի կլինի զինված հակամարտության դեպքում հաղթանակ տանել ԱՄՆ-ի նկատմամբ: Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ-ի զինված ուժերի Շտաբների պետերի միավորված կոմիտեի (ՇՊՄԿ) նախագահ Մարկ Միլլին:
Նրա խոսքով՝ արդեն մինչեւ 2035 թվականը Չինաստանի ռազմական ներուժը կհավասարվի ամերիկյանին:
«Նրանք ընթանում են դրան հասնելու ուղիով: Անպայմանորեն, դա լուրջ մարտահրավեր է Միացյալ Նահանգների անվտանգությանը ներկայում եւ առաջիկա տարիներին»,-ասել է նա, հանդես գալով Wall Street Journal հրատարակության կողմից անցկացված միջոցառմանը:
Միլլիի խոսքով՝ Չինաստանի նկրտումներից պաշտպանվելու համար ԱՄՆ-ը պետք է զարգացնի իր սեփական տնտեսական եւ ռազմական հզորությունը:
Նա նախազգուշացրել է. «Մենք չենք ցանկանում, որպեսզի մեծ տերությունների միջեւ մրցակցությունը վերաճի նրանց միջեւ պատերազմի: Դա աղետալի կլիներ»:
Միլլին նշել է, որ ամերիկացի զինվորականները պետք է հարձակողական եւ պաշտպանական գործողությունների պատրաստ լինեն տիեզերքում եւ կիբեռտարածությունում, հատկապես Չինաստանի եւ Ռուսաստանի դեմ, որոնք ակտիվորեն զարգացնում են ռազմական ներուժն այդ բնագավառներում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: