Պարենի համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին
Պարենի հումքային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին կտրուկ աճել են՝ գրեթե վեց տարվա ընթացքում հասնելով ամենաբարձր մակարդակին: Ինչպես դեկտեմբերի 3-ին հայտնել է ՄԱԿ-ի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպությունը (ՖԱՕ), ՖԱՕ-ի պարենային գների ինդեքսի միջին մեծությունը, ինդեքս, որն արտացոլում է պարենի հիմնական տեսակների միջազգային գների ամսական փոփոխություները, նոյեմբերին կազմել է 105,0 կետ, ինչը 3,9 տոկոսով բարձր է, քան հոկտեմբերին, եւ 6,5 տոկոսով ավելի 2019 թվականի նույն ցուցանիշից:
Կազմակերպության կայքում հրապարակված զեկույցի համաձայն՝ պարենային գների ինդեքսը հասել է ամենաբարձր մեծության 2014 թվականից ի վեր: Նշված է, որ նոյեմբերին նկատվում է բոլոր ենթաինդեքսների աճ: Այսպես, ձեթերի գների՝ ՖԱՕ-ի ինդեքսը մեկ ամսում 14,5 տոկոսով աճել է «արմավաձեթի գների շարունակվող աճի պատճառով, որը կապված է համաշխարհային պաշարների խիստ կրճատման հետ»:
Հացահատիկային մշակաբույսերի գների՝ ՖԱՕ-ի ինդեքսը հոկտեմբերի համեմատությամբ աճել Է 2,5 տոկոսով, շաքարինը՝ 3,3 տոկոսով, մսինը՝ 0,9 տոկոսով: Նշված է, որ կաթնամթերքի գների՝ ՖԱՕ-ի ինդեքսը ավելացել է 0,9 տոկոսով եւ հասել գրեթե 18-ամսյա առավելագույնին: ՖԱՕ-ն նաեւ ճշտել է 2020 թվականին հացահատիկային մշակաբույսերի համաշարհային արտադրության կանխատեսումը՝ այն իջեցնելով մինչեւ 2 742 միլիոն տոննայի նշագիծ:
Նշված է, որ այս ցուցանիշը 1,3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա արդյունքը: Կազմակերպությունում նաեւ թվարկել են այն գործոնները, որոնք սպառնում են համաշխարհային պարենային անվտանգությանը, դրանց թվում են COVID-19-ի համավարակը, փոթորիկները Կենտրոնական Ամերիկայում եւ հեղեղումներն Աֆրիկայում: «45 երկրներ, այդ թվում 34 աֆրիկյան երկրներ, նախկինի պես պարենային օգնության կարիք ունեն»,- նշված է զեկույցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: