«Մեր ժողովուրդը չի պարտվել, մեր վարչապետն է պարտվել այս պատերազմում»․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ հայկական կողմը ի վիճակի է եղել այս պատերազմում չպարտվել:

«Չպարտվելը այս պատերազմում ես կհամարեի բնագիծը պահելը կամ գոնե նվազագույն տարածքային կորուստներով պատերազմն ավարտելը»,-5-րդ ալիքին տված հարցազրույցում ասաց երկրորդ նախագահը։

Դիտարկմանը՝ կապիտուլյացիայից խուսափելը, այսինքն, նա արձագանքեց․

«Այո։ Նայեք, ինչո՞ւ Ադրբեջանը չէր համաձայնում զինադարների, որովհետև ամեն օր ուներ հաջողություններ, ամեն օր, հարձակվող բանակը, հաջողություններ ունեցող բանակը ոչ մեկը չի կանգնեցնում, ոչ մեկը: 1993-94 թվականներին ինձ վրա ահռելի ճնշում է եղել մեր առաջխաղացումը կանգնեցնելու համար, չի հաջողվել և կրկնում եմ՝ ոչ մի բանակ չէր կանգնի, ուղղակի մենք պարտավոր էինք մեկ շաբաթ, տաս օր, երկու շաբաթ կանգնեցնել այդ ճնշումը, որից հետո շատ ավելի հեշտ կլիներ կնքել զինադադարի պայմանագիրը, որը շատ ավելի բարենպաստ կլիներ մեզ համար»։

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաև պատերազմի ընթացքում իշխանությունների կողմից տված սուտ ինֆորմացիային՝ ընդգծելով՝ այն սուտը, որը ամեն օր հրամցվում էր մեր ժողովրդին պատերազմի օրերին, այնպիսի մի խզում մտցրեց պատերազմի նկատմամաբ պատկերացումների մեջ Ղարաբաղում, Հայաստանում, առաջին գծում, որն ուղղակի քայքայեց մեր բանակը․

«Երբ առաջին գծում զինվորը տեսնում է՝ ինչ է կատարվում, զինվորի ծնողները կարծում են, թե մենք այստեղ Գետաշեն ենք վերցրել, Շահումյան, շուտով Կուռ գետի վրա ենք դուրս գալու, սա բերում էր նրան, որ առաջին գծի զինվորը չէր հասկանում, թե ինչ է կատարվում, այսպիսի ստերի տարափից հետո մարդիկ դադարում էին վստահել պետությանը, մարդիկ մտածում էին, թե ինչ է կատարվում, որ մենք մի մեծ խաղի մաս ենք, թե մենք ով ենք, իսկ զինվորի համար պետության ներկայացուցիչը սպան է: Եվ անվստահությունը պետության նկատմամաբ անմիջապես տարածվում է անվստահության այդ սպայի նկատմամբ: Բազմաթիվ էին դեպքերը, երբ որ զինվորը չէր ենթարկվում սպաներին, հատկապես ՄՈԲ ռեսուրսից, նաև համացանցում այնպիսի դրվագները շատ էին։ Ես չեմ հիշում այդպիսի դեպքեր 92-94 թվականներին, երբ մարդիկ դիրքեր չգնան: Համոզված եմ, որ պատճառը այդ սուտն է: Այդ սուտը բանակում չէր հորինվում, այդ սուտը հորինվում էր հայտնի ՊՈԱԿ-ում, այդ ֆեյքեր քշող ՊՈԱԿ-ում և դուք գիտեք, թե ում է ենթարկվում այդ ՊՈԱԿ-ը: Այս բոլոր պատճառները, որ ես նշում եմ, սրանք բանակում ծնված պատճառներ չեն, սրանք քաղաքական իշխանության սխալների արդյունք է, հետևաբար՝ մեր ժողովուրդը չի պարտվել, մեր վարչապետն է պարտվել այս պատերազմում, մեր կառավարությունը, այդ քաղաքական թիմն է պարտվել, որովհետև իրենց քայլերը բերեցին նման հետևանքների»։

Տեսանյութեր

Լրահոս