Դոդոնը հանդես է եկել Մոլդովայի նախագահի լիազորությունները կրճատելու դեմ
Մոլդովայի գործող նախագահ Իգոր Դոդոնը դեկտեմբերի 4-ին հայտարարել է, որ հանդես է գալիս հանրապետության ղեկավարի լիազորությունները կրճատելու դեմ:
Ավելի վաղ ընտրված նախագահ Մայա Սանդուն Դոդոնին մեղադրել է «իշխանությանը բռնատիրելու» փորձի մեջ այն կապակցությամբ, որ Դոդոնին աջակցող Սոցիալիստների կուսակցությունը խորհրդարանում օրինագիծ է ներկայացրել Տեղեկատվության եւ անվտանգության ծառայությունը նախագահի ենթակայությունից դուրս հանելու մասին:
Չնայած դրան, դեկտեմբերի 3-ին խորհրդարանը հաստատել է համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը: «Ես դեմ եմ պետության ղեկավարի լիազորությունների կրճատմանը, առավել եւս, որ մշտապես հանդես եմ եկել նախագահական կառավարման օգտին: Տեղեկատվության եւ անվտանգության ծառայությունը միշտ ենթարկվել է ե՛ւ նախագահին, ե՛ւ խորհրդարանին: Ես խնդիր չեմ տեսնում այն բանում, որ Սանդուն այժմ չի կարողանա նոր ղեկավար նշանակել, քանի որ ծառայության գործող ղեկավարը նշանակվել է անցյալ տարի սոցիալիստների, «Աշխատանք եւ համերաշխություն» կուսակցության եւ «Արժանապատվություն եւ ճշմարտություն» հարթակ» կուսակցության ձայներով»,-ասել է Դոդոնը տեսաուղերձում, որը զետեղվել է Facebook-ի իր էջում:
Նա ընդգծել է, որ Սանդուն մնացել է առանց Տեղեկատվության եւ անվտանգության ծառայության ղեկավար նշանակելու հնարավորության: Մոլդովայում նոյեմբերի 15-ին անցկացվել է հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլը: Մոլդովայի քաղաքացիները պետության ղեկավար ընտրեցին առաջիկա չորս տարվա համար:
Ընտրությունների երկրորդ փուլում հավակնորդները եղել են նախկին վարչապետ Սանդուն եւ երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրած նախագահ Դոդոնը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Սանդուն նախագահի ընտրություններում հաղթել է ձայների 57,75 տոկոսով, Դոդոնի օգտին քվեարկել է ընտրողների 42,25 տոկոսը: Մոլդովայի նոր նախագահի պաշտոնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: