Ստեղծված իրավիճակը սպառնալից է ՀՀ-ի եւ Արցախի պարենային անվտանգության համար. Գյուղատնտեսական դաշինք

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ագրոպարենային ոլորտին ու պարենային անվտանգությանն առնչվող խնդիրները 2020 թվականի ընթացքում կտրուկ ավելացել են՝ կորոնավիրուսի տարածման և աննախադեպ պատերազմի աղետալի հետևանքներով:

Պաշտոնական տվյալներով 2020 թվականին Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են ընդամենը 222.2 հազ. հեկտար, ինչը նշանակում է, որ հանրապետությունում առկա ընդհանուր վարելահողերի կեսից ավելին նպատակային չի օգտագործվում։

Պատերազմի հետևանքով մեծապես կրճատվել է նաև Արցախի Հանրապետության գյուղատնտեսական ներուժը․ հազարավոր հեկտար վարելահողեր մնացել են Ադրբեջանի տիրապետության տակ, ինչը կհանգեցնի արտադրվող գյուղա­տնտեսական մթերքների ծավալների էական կրճատմանը: Միևնույն ժամանակ, սահմանային և ռազմական նոր ենթակառուցվածքների ստեղծման հետևանքով, կրճատվել է նաև ՀՀ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի՝ մասնավորապես արոտավայրերի հասանելիությունը:

Ստեղծված իրավիճակը Գյուղատնտեսական դաշինքը սպառնալից է համարում Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչ հանդիսացող պարենային անվտանգության համար և անցանկալի զարգացումներից խուսափելու նպատակով խիստ առաջնահերթ է համարում․

1. Ամենակարևոր անելիքների ճանապարհային քարտեզում նոր կետի ավելացումը հետևյալ բովանդակությամբ՝ «Անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկել ագրոպարենային ոլորտի ներուժի լիարժեք օգտագործմանը միտված հավակնոտ և բեկումնային զարգացման ծրագրեր իրականացնելու ուղղությամբ»։ Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ներկայիս ծրագրերն ու կիրառվող մեխանիզմները արմատապես չվերանայելու դեպքում պարենային անվտանգության ապահովման առումով ցանկալի արդյունքներ չեն արձանագրվի:

2. Ագրոպարենային ոլորտի, մասնավորապես, գյուղատնտեսության կառավարման արդյունավետության բարձրացման, գործառույթների հստակ տարան­ջատման և համակարգման, ոլորտի առանձնա­հատկություններով թելադրված կառավարման օպերատիվության բարձրացման նպատակով՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության շուտափույթ վերա­կանգնումը։

3. Պետություն-մասնավոր հատված սերտ համագործակցությամբ խոշոր և լայնամասշտաբ ծրագրերի իրականացումը՝ ուղղված գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ընդլայնմանը և արտադրության արդյունավետության բարձրացմանը, արդյունքում, պարե­նային անվտան­գության մակարդակի բարձրացմանը։

4. Գյուղատնտեսությունում տնտեսավարողների համար նպատակային համալիր և հաս­ցեական աջակցության մեխանիզմների ներդրում՝ կոնկրետ աշխատանքների ուղիղ ֆինանսավորումն իրականացնելով ըստ գոտիների և մասնագիտացման պետական նպատակային քաղաքա­կանություն։

5. Հաշվի առնելով սահմանամերձ բնակավայրերի թվի ավելացման նոր իրողու­թյունը՝ այդ բնակավայրերում գյուղա­տնտեսական գործունեության համար նպաստավոր պայմանների ստեղծման և պետական կարգավորման տարբեր լծակների միջոցով գյուղատնտեսական գործունեությունը խթանելու ուղղությամբ հրատապ միջոցներ ձեռնարկելը:

6. Ագրոպարենային ոլորտի կրթության և գիտության բնագավառի նպատակային և արդյունքամետ ֆինանսավորման ծավալների էականորեն ավելացումը՝ նպաստելով կոնկրետ տարածքներում շուկայի ներկայիս պահանջներին բավարարող մասնագետների պա­տրաս­տմանը, գիտության երիտասարդացմանը և ոլորտում նորագույն տեխնո­լոգիաներ ներառող կիրառական բնույթի գիտական մշակումների իրակա­նացմանը:

7. Գյուղատնտեսության ոլորտում նորարար և արդիական տեխնոլոգիաների ներդրման համար ֆինանսական աջակցության շեշտակի բարձրացումը:

8. Հայաստանի գյուղատնտեսության առկա մարտահրավերներին արձագանքելու և բեկումնային զարգացման համար ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքով դիվանագիտական բոլոր ուղղություններով համապատասխան միջազգային կազմակերպություններին և կառույցներին դիմելը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ

Տեսանյութեր

Լրահոս