Ի՞նչ փաստաթուղթ են ստորագրել Մոսկվան և Բաքուն տխրահռչակ եռակողմ փաստաթղթից հետո ու ինչո՞ւ

Պարզվում է, որ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ տխրահռչակ հայտարարությունից հետո Ռուսաստանն ու Ադրբեջանն արձանագրություն են ստորագրել, որը սկսել են հաջողությամբ իրականացնել։ Նախօրեին ռուսական լրատվադաշտում հայտնվեց Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունն այն մասին, որ Ռուսաստանը երկաթուղով բեռներ է ուղարկել Ղարաբաղ, որոնք նախատեսված են այնտեղ տեղակայված 2000 հոգանոց խաղաղապահ ուժերի և հումանիտար աշխատանքներ իրականացնող մասնագետների համար։

«Զինծառայողները, ավտոմոբիլային և հատուկ տեխնիկան, ներառյալ՝ նյութական և տեխնիկական աջակցության այլ միջոցներ, որոնք երկաթուղով մեր երկիր են ժամանել Ռուսաստանից նոյեմբերի 28-ին, անցել են սահմանային և մաքսային հսկողությունը համապատասխան կարգով»,- Ria Novosti գործակալության փոխանցմամբ՝ նշել են Ադրբեջանի ՊՆ-ից՝ հավելելով, որ խաղաղապահների համար նախատեսված բեռն ի սկզբանե հասցվել է Բարդա, դրանից հետո այն ուղարկվել է ավելի հեռուն՝ Աղդամ-Ստեփանակերտ երթուղով:

Մեր տեղեկությունների համաձայն՝ ՌԴ ԱԳՆ-ում մեծ է ոգևորությունը՝ ինչպես եռակողմ համաձայնագրից, որը ռուսական դիվանագիտության հաղթանակն է դարձել, այնպես էլ երկկողմ՝ Մոսկվա-Բաքու արձանագրությունից, քանի որ նախնական 5-ամյա ժամկետով տեղակայված կոնտինգենտին հարկավոր է նյութատեխնիկական համալրում, սպառազինում, կապ, մատակարարում, և դա, այս արձանագրության համաձայն, արդեն տեղի է ունենում նաև Ադրբեջանի տարածքով՝ ցամաքային եղանակով, գուցե ապագայում կողմերը բանակցեն նաև օդային մատակարարման տարբերակ, ինչը ՌԴ ԱԳՆ-ում չեն բացառում։

168am-ի ռուսական աղբյուրների փոխանցմամբ, մինչ նոյեմբերի 28-ը խաղաղապահ ուժերին անհրաժեշտ նյութատեխնիկական համալրումն իրականացվում էր Էրեբունի օդանավակայանով, որից հետո՝ Երևան-Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ երթուղով, իսկ հիմա Ռուսաստանի համար բացվում է նաև ադրբեջանական միջանցքը, որի ցամաքային ճանապարհը թեև ժամանակատար, հոգնեցուցիչ ու խնդրահարույց է, գոհացնում է ռուսական կողմին, որն այս հարցում ևս այլընտրանքներ է փնտրում, հույս հայտնում, որ վրացական կողմն այս հարցով կառուցողական դիրքորոշում կշարունակի պահպանել, իսկ հետագայում հնարավոր կլինի ստանալ նաև Ադրբեջանի համաձայնությունը՝ ուղիղ օդային հաղորդակցություն ունենալ դեպի Ստեփանակերտ։

Ի դեպ, հարկ է հիշեցնել եռակողմ հայտարարության 6-րդ կետը, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը: «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում, շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»,- ասված է այս կետում։ Երկկողմ արձանագրությունից երևում է, որ ռուսական կողմը չի ցանկանում բեռնափոխադրումների, համալրումների համար օգտագործել միմիայն վերոնշյալ ուղին, որի վերահսկողությունը դեկտեմբերի 1-ից լինելու է հենց խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ։ Մեզ մասնավորապես հաղորդեցին, որ այս արձանագրությունը ոչ միայն՝ տեխնիկական, այլև՝ քաղաքական խնդիր է լուծում Ադրբեջանի հետ, քանի որ ռազմական համագործակցության հավելյալ ձևաչափ է ստեղծում Ադրբեջանի հետ և փորձելու է Ղարաբաղում տեղակայված խաղաղապահների համար հնարավորինս լավ պայմաններ ապահովել՝ ձգտելով այս հարցերը մոտ ապագայում լուծել՝ ուղիղ օդային հաղորդակցություն ձևավորելով Ստեփանակերտի հետ, որի համար դիտարկվում է նաև Ստեփանակերտի օդանավակայանը։

«Թուրքիան պատերազմում դարձավ Ադրբեջանի հովանավորը, սակայն Ռուսաստանը մշտապես սովոր է եղել գործել Հայաստանի և Ադրբեջանի միջև, լինելով գլխավոր միջնորդը շատ հարցերում, և այդ հովանավորչությամբ Ռուսաստանի դերը նվազեց տարածաշրջանում։ Ուստի կա խնդիր՝ վերադարձնել ինչ-որ հարցեր ռուսական ազդեցության գոտի Ադրբեջանից»,- ասաց մեր զրուցակիցը։

Ի դեպ, այսօր ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը տեղեկացրեց, որ հատուկ նշանակության բժշկական ջոկատները Ստեփանակերտում դաշտային հոսպիտալ են ստեղծել Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում։ Ըստ հաղորդագրության՝ համապատասխան տեխնիկան տեղափոխվել էր Երևանից Ստեփանակերտ:

Այս հոսպիտալը բժշկական օգնություն կցուցաբերի ՌԴ խաղաղապահ ուժերի համակազմին, ինչպես նաև անհետաձգելի բժշկական օգնություն՝ բնակչությանը: Եվ ընդհանրապես, ՌԴ ՊՆ պաշտոնական կայքն այս օրերին ցավալիորեն ավելի շատ տեղեկություն է հաղորդում և Արցախում տեղի ունեցողի մասին պատկեր հաղորդում, քան ՀՀ և ԱՀ Պաշտպանության նախարարությունների կայքէջերը։

Այս իրավիճակում անհամար են հարցերը ՀՀ ԱԳՆ-ին և ՀՀ ՊՆ-ին այն մասին, թե ինչ մասնակցություն ունեն ընդհանրապես հայկական կողմերն այն ամենում, ինչ տեղի է ունենում Արցախում և Արցախի շուրջ, ընդհանրապես որքանով են տեղյակ այս զարգացումներից և որքանով են կարողանում ազդել այս կամ այն որոշման վրա, որքանով են ունակ բանակցել գոնե ռուսական կողմի հետ, որն այս տխրահռչակ պայմանավորվածությունների երաշխավորն է։

Եռակողմ հայտարարությունից և դրան հաջորդած իրադարձություններից հետո հայաստանյան հանրությունը շարունակում է ականատեսը լինել այն ռազմաքաղաքական ու դիվանագիտական ֆիասկոյին, որն ապահովեցին ՀՀ ներկայիս իշխանությունները, ներկայիս անիշխանության պայմաններում այն շարունակում, ավելի խորն արմատներ է գցում՝ բախտի քմահաճույքին թողնելով մի շարք հրատապ հարցեր, ինչպիսին՝ Հայաստանի հավաքական, այնպես էլ՝ առանձին մարդկանց անվտանգությունն է։

Տեսանյութեր

Լրահոս