
Հնդկաստանում մեկ տարում կարտադրեն «Սպուտնիկ V» պատվաստանյութի ավելի քան 100 միլիոն չափաբաժին

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) եւ Hetero դեղագործական պատրաստուկների հնդկական արտադրողը պայմանավորվել են Հնդկաստանում մեկ տարում արտադրել կորոնավիրուսի դեմ աշխարհում գրանցված առաջին պատվաստանյութի՝ «Սպուտնիկ V»-ի ավելի քան 100 միլիոն չափաբաժին:
Այդ մասին ասվում է պատվաստանյութի Twitter օգտահաշվում զետեղված հաղորդագրության մեջ:
«ՌՈւՆՀ-ն եւ Hetero-ն՝ Հնդկաստանի առաջատար դեղագործական պատրաստուկներ արտադրողներից մեկը, հայտարարում են Հնդկաստանում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի ավելի քան 100 միլիոն չափաբաժին արտադրելու շուրջ համաձայնության մասին»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Ճշտվում է, որ կողմերը մտադիր են պատվաստանյութի արտադրությունը գործարկել 2021 թվականի սկզբին:
«Սպուտնիկ V»-ն յուրաքանչյուր երկրի համար, որը ձգտում է պաշտպանել իր բնակչությանը կորոնավիրուսից, պետք է դառնա պատվաստանյութերի ազգային ֆորտֆելի կարեւոր մասը: Hetero-ի հետ գործընկերության շնորհիվ զգալիորեն ավելանալու են պատվաստանյութի թողարկման արտադրական հզորությունները, ինչը հնարավորություն կտա Հնդկաստանի բնակչությանն արդյունավետ պատվաստուկով ապահովել համավարակի ժամանակաշրջանում»,-հայտարարել է ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը:
Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ է՝ միջմկանային ներարկման համար: Այն ստեղծվել է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա, որի կարեւոր առանձնահատություններն են՝ անվտանգությունը, արդյունավետությունը եւ երկարաժամկետ բացասական հետեւանքների բացակայությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: