
ԼՂ-ում ռուս խաղաղապահները Ստեփանակերտ քաղաքի հարավային մասի ավելի քան 1,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը մաքրել են պայթունավտանգ առարկաներից

ՌԴ ՊՆ մարդասիրական ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են աշխատել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության տարածքում ինժեներական հետախուզման և ականազերծման ուղղությամբ:
Ռուսաստանից ժամանած ստորաբաժանումները մասնակցում են տեղանքի և հանրային ճանապարհների հետախուզմանը և ականազերծմանը խաղաղապահ դիտակետերի, բնակավայրերի և սոցիալական ենթակառուցվածքների միջև գտնվող երթուղիներում: Մարդասիրական ականազերծման կենտրոնի մասնագետները Ստեփանակերտ քաղաքի հարավային մասի ավելի քան 1,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը մաքրել են պայթունավտանգ առարկաներից: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ի պաշտոնական կայքէջից։
«Մեկ օրում հայտնաբերվել է 87 պայթյունավտանգ առարկա, որոնք դուրս են բերվել հատուկ տարածք և ոչնչացվել:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ընթացքում ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 2 հեկտար տարածք և շուրջ 3 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է 144 պայթյունավտանգ առարկա»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ականազերծման աշխատանքներում ներգրավված զինծառայողները ապահոված են սակրավորի ժամանակակից պաշտպանիչ հանդերձանքներով և զինված են պայթուցիկ առարկաներ որոնելու ժամանակակից միջոցներով:
Ռուս խաղաղապահները օգնություն են ցուցաբերում նաև տեղի իշխանություններին խաղաղ կյանքը վերականգնելու գործում: Խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները օգնում են վերականգնել սոցիալական օբյեկտները և բնակելի շենքերը, էլեկտրականությունը, ջուրը և ջերմամատակարարումը: