Թերթը ոչ միայն կոլեկտիվ պրոպագանդիստ է, այլև կոլեկտիվ կրթության միջոց
Ղարաբաղյան խնդրի ներկա հանգրվանը չլուծեց իր վրա դրված ամենամեծ խնդիրը՝ տարածաշրջանը չդարձրեց ավելի կայուն և անվտանգ։ Շատ մեկնաբաններ են կարծում, որ նոր պատերազմը սարերի հետևում չէ, և դրան Հայաստանը պետք պատրաստվի հենց այսօրվանից։
Այսօր չի ստացվի, բացի նրանից, որ հիմա առճակատված ենք հրատապ լուծում պահանջող այնպիսի հսկայական խնդիրների, ինչպես փախստականների, հաշմանդամների, Արցախի քարտեզի գծագրման, համաճարակի, տնտեսական կոլապսի և այլ խնդիրներն են, դեռ պետությունը ներկայացնում է Նիկոլը, ով արդեն հանդիսանում է Հայաստանի անվտանգության ամենամեծ սպառնալիքը։ Նիկոլի հեռացումից անմիջապես հետո պետք է լծվել երկրի անվտանգության բարձրացման, կամ ավելի պարզ՝ նոր պատերազմին պատրաստվելու գերխնդրին։
Հանրային պահանջ կա, որ Նիկոլին փոխարինելու հայտ ներկայացնողը պետք է երկրի զարգացման իր ծրագիրը ներկայացնի։ Որքան էլ դա ոչ պոպուլյար լինի՝ որպես նախընտրական թեզ, սակայն երևի թե նոր պատերազմին պատրաստվելուց բացի, ավելի իրատեսական առաջնահերթություններ և ծրագիր դժվար է գտնել։
Կարծես թե գործողությունների մի մասը շատ պարզ է՝ դիվանագիտություն, սպառազինություն, մարդուժ, զինվորական պատրաստվածության բարձրացում։ Այս խնդիրների լուծումները հսկայական նյութական և մարդկային ռեսուրսներ են պահանջում։ Բայց կա պատերազմին պատրաստվելու ևս մեկ մեծ խնդիր, որը, բացի նյութական ռեսուրսներից, պահանջում է նաև հսկայական ժամանակ, դա կրթության խնդիրն է։
Դեռևս խորհրդային կրթական համակարգից չձերբազատված, բայց արդեն նոր իրողություններին համապատասխանող կրթական չափանիշեր չմշակած Հայաստանը մտավ պոպուլիստական, ստախոս-գանձագողական նիկոլական համակարգի մեջ՝ առաջին հերթին ցածր կրթական մակարդակի պատճառով։ Պոպուլիստ առաջնորդին հեշտ էր խաբել այն մարդկանց, ովքեր չէին հասկանում հասարակական հարաբերությունների տարրերը։
Մի պարզ օրինակ․ «նախկինների թալանի» ֆեյսբուքյան գրառումներ անողների մեծ մասը կամ արտասահմանում ապրող հայերն են, կամ լյումպենացված տարրերը։ Այս մարդիկ երբեք հարկեր չեն մուծել, բայց հայտարարում են այն մասին, որ «նախկինները» բյուջեն թալանել են, ուրեմն իրենց են թալանել։ Այս պնդումը անհեթեթ է զուտ այն պատճառով, որ իրենք բյուջեի մեջ որևէ ներդրում չեն արել։
Ներկա կրթական մակարդակով հասարակությանը շատ հեշտ կլինի կրկին մանիպուլյացնել, խաբել, նոր «սևերի» ու «սպիտակների» բաժանել, ինչն անթույլատրելի է, ինքնասպան տարբերակ է Նիկոլից հետո եկող ու պատերազմի պատրաստվող Հայաստանում։
Միաժամանակ, կրթության մակարդակի բարձրացումը, բացի նյութական, մարդկային ու ինտելեկտուալ լուրջ ռեսուրսներից, պահանջում է այս պայմաններում ամենաթանկ ռեսուրսը՝ ժամանակ։ Բնագավառի մասնագետները կարող են հաշվարկել, թե կոնկրետ ինչ ժամկետներում՝ ինչ արդյունքների կարելի է հասնել, բայց կարծում եմ, որ խոսքը տասնամյակի, եթե ոչ՝ տասնամյակների մասին է։
Այս հանգամանքներում քաղաքացիների կրթության գործի կարևոր մասն իր վրա կարող է վերցնել մեդիան։ «Տպվող» ու «գրվող» լրատվամիջոցները մասամբ այդ դերն այժմ էլ են տանում, բայց տեսանյութերում, հեռուստահաղորդումներում նման խնդիրների վերհանումը շատ ցածր մակարդակի վրա է։ Իհարկե, սա չի ունենա դասական կրթության խորությունը և ամբողջականությունը, բայց գոնե քաղաքացիներին կարող է նախնական գիտելիքներ հաղորդել պետության և պետական ինստիտուտների, անվտանգության օրախնդիրների, օրինականության, ամբոխավարության հետևանքների, հանրային ֆինանսների և այլ հրատապ հարցերի մասին։ Ընդ որում, խոսքը չի գնում միայն ուսումնական հաղորդումների մասին, որոնք սովորաբար բավականին տափակ են ստացվում և ցածր դիտողականությամբ։ Թոք-շոուներից ու հարցազրույցներից բացի, նման թեմաները պետք է տեղ գտնեն անգամ սերիալներում, որոնք մեծ մասսայականություն ունեն և կարող են դիտարժան ձևով մատուցել խնդիրները։ Պետք է մտածել նաև նոր ֆորմատների մասին։
Կա նաև երկու մեծ խոչընդոտ կրթական մակարդակը բարձրացնելու խնդրում․ կեղծ տեղեկատվության և ֆեյքային ինդուստրիայի չափազանց բարձր դերը հանրային քաղաքականության մեջ, և սոցիալական ցանցերում տարածվող անկիրթ պրոպագանդան ոչ միայն պետությանը կից կառույցների, այլև պետական պրոպագանդային արդեն զոհ դարձած օգտատերերի միջոցով։ Կարծում եմ, անվտանգությանը նպատակաուղղված պետական քաղաքականությամբ այս խնդիրները կարելի է շատ արագ լուծել։
Իհարկե, դպրոցի ու համալսարանի փոխարեն փոխմիջոցներով՝ լրատվամիջոցներով, կրթության խնդիրները լուծելը լավագույն մեթոդը չէ։ Սակայն պետք է հաշվի առնել, որ մեդիան, այսպես թե այնպես, այժմ զգալի ազդեցություն է ունենում հանրության դաստիարակության, կրթական մակարդակի և արժեքային համակարգի վրա, և պետությունը՝ անվտանգության նկատառումներից ելնելով, պետք է կանոնակարգի այս հարցերը։ Մյուս կողմից, կրկնեմ, սա թելադրված է ժամանակի սղության հանգամանքով։
ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ