«Ինտենսիվ ձևով ոչ միայն ատելության քարոզ է գնում, այլև խրախուսվում է՝ այս արարքներն ադրբեջանական քաղաքականության մաս են». Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ գերիների և անհետ կորած հայ զինվորների փոխանակման պրոցեսն Ադրբեջանն ակնհայտորեն ձգձգում է, ընդ որում, արհեստականորեն։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Մարդու իրավունքների պաշտպանը նաև իրազեկեց.
«Մի դեպքում նշվում է, թե դիակների փոխանակման ավարտից հետո գերիներին կվերադարձնեն, սա էլ ակնհայտ խոչընդոտ է առաջացնում, այս ամենն ակնհայտ կազմակերպված քաղաքականության մաս է և ակնհայտ զուգահեռ այս պրոցեսին, նրանց կողմից շարունակվում են խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք պարունակող տեսանյութերի հրապարակումները։ Ակնհայտորեն օգտագործելով նաև այս էմոցիոնալ հարցերն ու ֆոնը, սա բացարձակ դատապարտելի երևույթ է, հենց մեր գերեվարված հայրենակիցների, որոնք որևէ պատճառով հայտնվել են այնտեղ, նրանց ընտանիքների իրավունքների նկատմամբ։ Դրանից բացի, սա նաև ամբողջ հասարակության հոգեկան անձեռնմխելիությունը խախտելու, հասարակական առողջությունը, համերաշխությունը խաթարելու դիտավորյալ հատկանիշներ ունեն, սա Ադրբեջանի կողմից կազմակերպված ցեղասպանական քաղաքականության մաս է։ Սա ես դիտարկում եմ ատելության խոսքի քարոզի շրջանակում, որ ամբողջ պատերազմական գործողությունների ընթացքում, դրանից առաջ էլ, բայց հիմա շատ ինտենսիվ ձևով ոչ միայն ատելության ու թշնամանքի քարոզ է գնում, այլ ակնհայտ արվում է ամեն ինչ խրախուսելու համար այդ ամենը»։
Ըստ ՄԻՊ-ի, ադրբեջանական կողմից տեսանյութերի հեղինակներն ակնհայտորեն գիտեն, որ իրենք ոչ միայն անպատիժ են մնալու իրենց հանցավոր արարքների համար, այլև արժանանալու են խրախուսանքի։
«Այս արարքները բնույթով այնպիսին են, որ ադրբեջանական քաղաքականության մաս են։ Օրինակ, ինչպես Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե վարույթներ են հարուցել և այդ տեսանյութերի մեծ մասն իրականությանը չի համապատասխանում, և եթե պետք լինի՝ առանձին զինվորների կենթարկեն քրեական պատասխանատվության։ Չկա նման բան, սա պատասխանատվությունը գցելով չէ, իհարկե, այդ զինվորներն էլ պետք է ենթարկվեն պատասխանատվության, բայց սա կազմակերպված քաղաքականության մաս է։ Երբ բոլոր դեպքերն ուսումնասիրում ենք, պարզ չէ, որ սա միասնական քաղաքականության արդյունք է, միշտ էլ այդպես է եղել, այս ողջ ընթացքում, հետևաբար՝ այստեղ խոսքը պատերազմական հանցագործությունների մասին է, նաև կան մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, որոնք դարձյալ կազմակերպված, համակարգված բնույթ կրող քաղաքականության մաս է։ Այս պատճառով, այսօր ես հրատապ կոչով դիմել եմ միջազգային հանրությանը և, բացի հրապարակային դիմումներից, մեր աշխատակազմում այժմ կազմում են առանձին գրություններ և ըստ յուրաքանչյուր միջազգային կառույցի՝ կցվում են նաև մեր ձեռքի տակ եղած ապացույցները»,- հավելեց նա։
Նա նաև շեշտեց, որ առաջին անգամ չէ, որ նման գրություններ են ներկայացնում, սա պարզապես հերթական ապացույցների ներկայացման փուլն է, որը կրկին լինելու է թիրախային, և վերջինը հրատապության բարձր աստիճան ունեցող դիմում է։
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը չունի ուղիղ պատասխանատվություն, և պաշտպանի խնդիրը չէ, և իրավունք էլ չունի բանակցություններ վարել քաղաքական մակարդակում։ Եթե ես նման բան ինձ թույլ տամ, դա կլինի իմ աշխատանքի քաղաքականացում։ Հակառակը, մեր խնդիրն է, որպես ապաքաղաքական մարմին, բարձր հավաստիություն ունեցող տեղեկատվություն ենք ամրագրում, դա դարձնում ապացույց և համապատասխան պահանջներով ուղարկում մեր գործընկերներին՝ համագործակցելով մեր այլ պետական մարմինների հետ ևս»,- ընդգծել է Արման Թաթոյանը։