Ադրբեջանցիները Սոթքի հանքո՞ւմ են

Այսօր ժամը 17:00-ի սահմաններում  Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Սոթքի հանքում ադրբեջանցիներ կան:

«Ադրբեջանական բանակը Սոթքի հանքում է․․․ Հիմա կասեք, էս ի՞նչ ես խոսում, բայց դե էտա, աշխատակիցներին մեկ ժամ ժամանակ են տվել, որ դուրս գան․․.»,- գրել է Հովհաննիսյանը:

Նման գրառում  ֆեյսբուքյան իր էջում արել էր նաև մի լրագրող, որը նաև գրել էր, թե չի կարողանում կապվել որևէ պատասխանատու անձի հետ:

168.am-ը կապ հաստատեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ՝ պարզելու, թե Սոթքի ոսկու հանքավայրի ճակատագրի մասին որևէ տեղեկություն ունի՞, թե՞ ոչ, ապա նաև՝ այդ հարցով դիմե՞լ են Կառավարությանը:

«Ես այդ ինֆորմացիան, որ Դուք ֆեյսբուքյան գրառումից եք վերցրել, առաջին անգամ լսում եմ, տեղեկություն չունեմ: Ինչքան ես տեղյակ եմ՝ Սոթքի հանքավայրի վարչական տարածքը մեր սահմանում է»,- ասաց Ղազարյանը:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքից ընտրված պատգամավոր Թագուհի Թովմասյանն ավելի վաղ ԱԺ-ում հարց էր բարձրացրել Սոթքի հանքի մասին և հայտնել, որ դրա մի մասը  Քարվաճառի շրջանում է, որը հանձնվել է Ադրբեջանին: Մեր հարցին, թե Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն այն ժամանակ էլ չի դիմե՞լ Կառավարությանը, վերջինը պատասխանեց.

«Ես չեմ դիմել, որովհետև սեփականատերերը Սոթքի հանքի՝  «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, նման հարց չի բարձրացրել մեզ մոտ, որ մենք էլ դիմենք»:

Մեր հեռախոսազրույցից հետո  ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը ևս իր ֆեյսբուքյան էջում գրել էր Սոթքի հանքավայր ադրբեջանցիների մտնելու մասին:

«Հենց նոր տեղեկացրեցին, որ Սոթքի ոսկու հանք են ներթափանցել 80 ազերի զինվորական։ Էտ ո՞ր պայմանագրով ենք կողմնորոշվում, ո՞վ պիտի վերահսկի պայմանագրի կատարումը։ Պատկան մարմիններ, արձագանքեք»,- գրել էր նա:

Հարցը բարձրաձայնվեց նաև այդ ժամանակահատվածում շարունակվող  ԱԺ արտահերթ նիստի ընթացքում: Գեղարքունիքի մարզից ընտրված անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասաց, որ փորձել է ճշտել, և հանքավայր մտնելու մասին տեղեկությունները չեն հաստատվել, սակայն հայտնի է, որ ադրբեջանցիները կոտրել են Քարվաճառում երեկ դրված դարպասները և առաջ են եկել:

ՀՀ պաշտպանության նախարորությունն էլ հաղորդագրություն տարածեց, որ «տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը` չեն համապատասխանում իրականությանը»:

Տեսանյութեր

Լրահոս