Արցախի ճանաչման միտումների իրական նպատակները, ՌԴ-Արևմուտք բախումն ու հայկական դիվանագիտության անկարողությունը
Նախօրեին Ֆրանսիայի Հանրապետության Սենատում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի ընդունումը մեծ իրարանցում և ոգևորություն է առաջացրել հայաստանյան հասարակությունում և քաղաքական որոշ շրջանակներում։ Հասկանալի է հասարակության ցանկությունը՝ դիվանագիտական ու ռազմաքաղաքական պարտություններից հետո լսել և տարվել լուրերով հաջողությունների մասին, սակայն իրերն իրենց անուններով կոչելու և իրավիճակը ճիշտ գնահատելու խնդիր կա։
Սենատի բանաձևը Ֆրանսիայի կողմից Արցախի անկախության ճանաչում չէ
Նախ հարկ է ընդգծել, որ սենատորներ Բրունո Ռետայոյի, Պատրիկիո Մաննեի, Էրվե Մարսելի, Ալիան Աղասսիի և Գիլյոմ Գոնտարդի Սենատ ներկայացրած այս բանաձևով, որը քվեարկվել է 305 «կողմ», 1 «դեմ» և 30 «ձեռնպահ» ձայներով, Ֆրանսիան չի ճանաչել Արցախի անկախությունը, այլ՝
- առաջարկել է կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,
- դատապարտել Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան ու պահանջում ադրբեջանական զորքերի դուրսբերում սեպտեմբերի 27-ից ի վեր պատերազմական գործողությունների արդյունքում գրավված տարածքներից,
- պահանջել կառավարությունից գործադրել բոլոր հնարավոր ջանքերը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման համար, ինչը կապահովի 1994 թվականի հաստատված սահմանների վերականգնումը, հայ բնակչության անվտանգությունը և տեղահանված անձանց վերադարձը, ինչպես նաև կպաշտպանի հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը։
- Բանաձևում, ըստ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան տարածած հաղորդագրության, հիշատակելով ադրբեջանական իշխանությունների կողմից Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի և Մարաղայի հայկական ջարդերը և հղում անելով Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ԵԽ) ու Ռասայական խտրականության հարցերով ՄԱԿ կոմիտեի (CERD)` Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներին, արձանագրվում է Ադրբեջանում հայ բնակչության ապրելու անհնարինությունը։
Որքա՞ն «հեռուն կգնա» Սենատի բանաձևը
Պետք է նաև ներկայացնել, թե ինչ կարծիք ունի Ֆրանսիայի ԱԳՆ-ն այս բանաձևի վերաբերյալ՝ հասկանալու համար այս հարցով Ֆրանսիայի ջանքերի հեռանկարայնությունը։ Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լեմուանը նախօրեին ասել է, որ Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը օգուտ չի բերի ոչ Հայաստանին, ոչ էլ Ղարաբաղի բնակչությանը, ոչ էլ Ֆրանսիային։ «Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ մեկին օգուտ չէ. ոչ Հայաստանին, ոչ էլ Ղարաբաղի բնակչությանը, ոչ Ֆրանսիային, ոչ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, ոչ Եվրոպային: Դա (Ֆրանսիայի) կառավարության քաղաքականությունը չէ, դա Հայաստանի քաղաքականությունը չէ, դա մեր դաշնակիցների քաղաքականությունը չէ»,- նշել է Լեմուանը:
Ուշագրավ է, որ նոյեմբերի 9-ի Փաշինյան-Պուտին-Ալիև հայտարարությունից անմիջապես հետո Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը նշել էր, որ չնայած կնքված համաձայնագրին` հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար երկու հակամարտող կողմերը պետք է վերսկսեն բանակցությունները։ «Բացի հայտարարված հրադադարի պայմանագրից, դեռ անհրաժեշտ է հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ երկու կողմերի բանակցությունների վերսկսումը: Ֆրանսիան լիովին կխաղա իր դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում` բանակցությունների վերսկսման համար։ Այդ բանակցությունները պետք է րոպե առաջ սկսվեն։ Պետք է որոշել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը»,- նման կարծիք էր հայտնել Ֆրանսիայի ԱԳ նախարարը։ Սա նշանակում է, որ Ֆրանսիան չի կարող որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր՝ ճանաչել Արցախի կարգավիճակը և զուգահեռաբար մասնակցել բանակցությունների նույն հարցի շուրջ, քանի որ ճանաչելով Արցախի կարգավիճակը՝ ըստ էության կտապալի այդ հարցով բանակցությունները, լիովին այլ գործընթացի մեկնարկ տալով։
Ի՞նչ է տեղի ունենում Արցախի շուրջ աշխարհում
Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ու դրա ցավալի ռազմաքաղաքական և դիվանագիտական հետևանքները դեռ երկար պետք է վերլուծել՝ հասկանալու համար այն նոր իրավիճակը, որը ստեղծվել է տարածաշրջանում և աշխարհում։ Ռուս հեղինակավոր վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը Rg.ru կայքում հրապարակված իր հոդվածում գրում է․ «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը և խաղաղ կարգավորման կոնֆիգուրացիայի փոփոխությունը կարևոր իրողություն է ոչ միայն տարածաշրջանային կոնտեքստում։ Սա հակամարտային կարգավորման նոր մոդելի հերթական օրինակ է այն երկրների մասնակցությամբ, որոնց համար հավասարակշռության հաստատումը կենսական կարևորություն ունի։ Եվ առանց այն երկրների մասնակցության, որոնք չունեն անմիջական շահ, այլ ձգտում են մասնակցել միայն ընդհանուր ազդեցության և հեղինակության համար»։
Ըստ նրա, մի շարք դեպքերում նմանատիպ մոտեցումը շատ ավելի արդյունավետ է, քանի որ խոսակցությունն ընթանում է գործնական և առանց ավելորդ գաղափարականացման, որը ծայրահեղ էր Սառը պատերազմից հետո լիբերալ ինստիտուտներում։ Լուկիանովի պնդմամբ, եթե Ղարաբաղյան հարցում նախկինի նման հույսեր կապեին միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, ապա մռայլ փակուղուց ոչ մեկը դուրս չէր գա։ «Ոչ, չկա էյֆորիա կամ պատրանք: Ոչինչ չի ավարտվել: Բայց առնվազն ուրվագծվել է մի ուղի, որն ավելի համապատասխան է ժամանակակից աշխարհին՝ կոշտ, մասնատված, բայց և այնպես՝ սերտ փոխկապակցված»,- կարծում է Լուկիանովը:
168․am-ի հետ զրույցում ՌԴ ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրներն ասացին, որ այս մոդելի նմանությամբ Ռուսաստանը համագործակցել է Թուրքիայի հետ Լիբիայում և Սիրիայում ոչ այնքան հաջողությամբ, ինչ Ղարաբաղում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ակնհայտ է, որ սա չեն ընդունում ԵՄ-ում, այդ թվում` Ֆրանսիայում և ԱՄՆ-ում, ու որոշ հակադիր քայլեր են նշմարվում Երևանից, ինչն աշխարհաքաղաքական իրողությունը լիարժեքորեն չընկալելու նշան է։
«Նրանք, ովքեր դժգոհ են եռակողմ հայտարարությունից և համագործակցության այս մոդելից փորձելու են վերականգնել Մինսկի խումբը, կարգավիճակի շուրջ քննարկումները՝ սպառնալով ճանաչել Արցախի անկախությունը։ Այս հարցով Ֆրանսիայի շարունակական քայլերը, իսկ դրանք, ռուսական հաշվարկներով, լինելու են ապագայում, լիովին տապալելու են առանց այն էլ որևէ լծակ և ազդեցություն չունեցող ԵԱՀԿ Մինսկի խումբը»,- ասաց մեր զրուցակիցը։
Ըստ 168․am-ի աղբյուրի, արդեն պատերազմի ընթացքում Ադրբեջանը, Թուրքիան չէին ցանկանում որևէ համագործակցություն Ֆրանսիայի հետ, և Սենատի բանաձևն էլ ավելի է սրել Բաքվի տրամադրությունները, և այդ հարցով Մոսկվան, Անկարան ու Բաքուն նույն հոսանքի վրա են։
Մեր զրուցակցի խոսքով, ռուսական միջնորդությունը սա ընկալում է որպես քայլ՝ ընդդեմ Անկարայի և Մոսկվայի։
«Առաջինի հետ Ֆրանսիայի հարաբերությունները, տևական ժամանակ է, ինչ լարված են, իսկ Մոսկվայի հետ տարաձայնություններն Արցախյան հարցի շուրջ խորանում են հրադադարի պայմանավորվածություններից հետո, որոնք մեր արևմտյան գործընկերները ոչ մի կերպ չեն ցանկանում ընդունել, քանի որ դա հաղթանակ էր Ռուսաստանի կողմից։ Ակնհայտ է, որ Ֆրանսիան, որը կճանաչի Արցախի անկախություն, թեև այս փուլում ես չեմ կարծում, որ նման բան կլինի, լիովին դուրս կմղվի գործընթացից, որն ըստ էության չկա։ Բայց հնարավոր են ճանաչման ուղղությամբ քայլեր այլ երկրների կողմից, կարող է լինել մի այնպիսի գործընթաց, ինչպիսին Ցեղասպանության ճանաչման երկարատև փուլն էր, որը էական որևէ արդյունքի չհանգեցրեց։ Այս ամենը Մոսկվայի դեմ է՝ ոչ այնքան հանուն Արցախի, չենք բացառում նույնական քայլեր նաև ԱՄՆ-ի կողմից, հատկապես, երբ առջևում Բայդենի նախագահությունն է։ Ճնշումը Ռուսաստանի վրա աճելու է, թեև տեղում որոշումներ կայացնում է և հաջողություն ունենում Ռուսաստանը և աշխատում Անկարայի հետ»,- ասաց մեր աղբյուրը՝ հավելելով, որ ռուսական դիվանագիտության համար հասկանալի չէ նաև, թե ինչի շուրջ պետք է կառուցվի ԵԱՀԿ ՄԽ առաջիկա աշխատանքը, և ինչպես պետք է այն շուտափույթ վերսկսվի, ինչպես ՀՀ վարչապետն է ասում։ «Նոր օրակարգ պետք է նախ լինի, և դա պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի և միջնորդների համար։ Պարզ է, որ այստեղ լուրջ զարգացումներ և տարաձայնություններ են լինելու: Պատերազմը սկսվեց, բացի հեռախոսազանգերից, ոչինչ չկարողացան անել, թողեցին հարցը Ռուսաստանին, Ռուսաստանն արեց, ներկայումս կրկին Ռուսաստանն է մեղավոր, և սա սպասելի էր»,- կանխատեսեց մեր աղբյուրը։
Նա նաև հստակեցրեց, որ այս հարցով հայկական կողմի շեշտադրումներին որևէ նշանակություն Մոսկվայում չեն տալիս։ «Բայց մենք ասել ենք, որ հրադադարի համաձայնությունը կարևոր է, և դա տապալելու պատասխանատվությունը կընկնի նրանց վրա։ Դա ուղերձ է բոլորի համար և դա ցույց տվեց, որ ներկայումս Արցախում Արևմուտքի գլխավոր նպատակը Ռուսաստանն է, և առաջիկա զարգացումները լինելու են դրա շուրջ։
Մոսկվայում գիտեն, որ իր խոսքը դեռ չի ասել ԱՄՆ-ը, և այն կարող է լինել լիովին տարբեր նրանից, ինչ կարծում է Ռուսաստանը կամ մյուս կողմերը, սակայն տարբերությունը նախկինից այն է, որ Արցախում կա նոր իրադրություն, կան խաղաղապահներ, և այդ իրադրությունը փոխելը շատ ավելի բարդ է լինելու, և նրանք զինանոցում, որպես վերջին քայլ, ունեն անկախության ճանաչումը»,- ասաց նա։ Այսինքն՝ Արցախյան հիմնահարցի շուրջ ռուսական և արևմտյան ճանապարհները բաժանվել են, որոնցից առաջինը ներկայումս մերժում է կարգավիճակի հարցը, մյուսը՝ կոչ անում շուտափույթ բանակցել այդ հարցի շուրջ, և այս ամենում լուրջ դերատարություն պետք է ունենա հայկական դիվանագիտությունը՝ առաջ մղելով իր օրակարգը՝ առաջնահերթություններն ու շահերը։
ՀՀ իշխանությունների իրական հնարավորությունները
Մասնագիտական լուրջ շրջանակներում կասկած այլևս չկա այն հարցի շուրջ, որ ՀՀ ներկայիս իշխանություններն ունակ չեն գոնե փոքր-ինչ վերլուծել ստեղծված նոր իրավիճակը, վերականգնել Հայաստան պետության հեղինակությունը, սուբյեկտայնությունը, ինքնիշխանությունը տարածաշրջանում և աշխարհում։ Դրա համար հարկավոր է ահռելի դիվանագիտական ներուժ ու ջանքեր՝ Ռուսաստանի և Արևմուտքի հետ բալանսավորված աշխատանքով։ Նույնիսկ նման իրավիճակում կան վերլուծաբաններ, որոնք տեսնում են իրավիճակը փոխելու հնարավորություններ։ Օրինակ՝ վերադառնալով Սենատում ընդունված բանաձևին, ուշադրություն հրավիրենք բանաձևի տեքստի երկրորդ և երրորդ պահանջներին, որոնցում էական ձևակերպումներ են արված, դրանք նախատեսում են ջանքեր գործադրել զրոյացնելու պատերազմի հետևանքով ձևավորված նոր շփման գիծը։ Սա, բնականաբար, կարող է դառնալ ՀՀ դիվանագիտության ներկայիս փուլի ակտիվության ուղղություններից մեկը, սակայն, նույն մասնագետների խոսքով, ամեն բան այդքան էլ միանշանակ չէ, քանի որ Հայաստանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության, նոյեմբերի 9-ին հրադադարի մասին խայտառակ փաստաթուղթ է ստորագրել Ռուսաստանի և Ադրբեջանի հետ, ընդունելով ռուսական կողմի առաջարկած «խաղի կանոնները», որում ամենաքիչը 5 տարի չի դիտարկվում Արցախի կարգավիճակի քննարկում, որի մասին օրերս խոսեց՝ ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այնպես էլ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Այս հայտարարությամբ ինքը՝ Հայաստանը, իրեն գցել է դիվանագիտական «ծուղակի» և փակուղու մեջ, որը թույլ չի տալու այս իշխանությանը քայլեր ձեռնարկել կարգավիճակի ուղղությամբ, ինչը հետպատերազմյան շրջանում ներառված է Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ճանապարհային քարտեզում։
«Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ»,- նշված էր օրերս նրա ներկայացրած ճանապարհային քարտեզում։ Նախօրեին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ևս Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լիարժեք աշխատունակության արագ վերականգնման հույս է հայտնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով բանակցությունները շարունակելու համար։ Այս ջանքերի շրջանակում կարծես նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) հետ։
«ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձան Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում արցախահայության շահերի պաշտպանությանը և իրավունքների վերականգնմանը՝ այդ համատեքստում շեշտելով միջազգային համապատասխան կազմակերպությունների տեղում ներգրավման անհրաժեշտությունը: ԱԳ նախարարն ընդգծեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության` որպես միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի շարունակականության ապահովման կարևորությունը»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։
Մի շարք թե տեղացի, թե ռուս և եվրոպացի վերլուծաբանների խոսքով, ՀՀ դիվանագիտությունը ներկայիս «դեմքով», արձանագրված իրողություններից ու Նիկոլ Փաշինյանի Արցախյան օրակարգի լիակատար ու ջախջախիչ տապալումից հետո որևէ խնդիր լուծելու ունակ չէ, ունակ չէ ազդելու Ղարաբաղյան «անցուդարձի» վրա, և այս իրավիճակում Հայաստանի դիվանագիտությանը մնում է հարմարվել իր շուրջ իրենից անկախ ձևավորվող աշխարհաքաղաքական իրողություններին՝ իր օրակարգը չկարողանալով առաջ մղել նոր ձևավորված մոդելի շրջանակում և ԵԱՀԿ Մինսկի խմբից կառչելու անհաջող փորձեր անելով։