«Եթե կան մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչպես կարելի է պայքարել, որ այս լուրերը չհաստատվեն և պաշտոնական չդառնան՝ արձագանքե՛ք». բերձորցիները՝ քաղաքը լքելու լուրի մասին
Քաշաթաղն Ադրբեջանին հանձնելուց մի քանի օր առաջ Բերձոր քաղաքի ու Աղավնո գյուղի բնակիչներին անակնկալ կերպով տեղեկացրել են, որ համայնքներն անցնում են ադրբեջանցիների հսկողության ներքո։
Տեղի բնակիչները հերթական շրջանը հայաթափելու լուրին չեն ուզում հավատալ: Ավելին՝ նրանց խոսքով՝ արդեն վտանգավոր է դառնում Ստեփանակերտ տանող ճանապարհը:
«Ասում էին՝ Բերձորը չեն տալու, բա ո՞ւր է, ինչո՞ւ այսպես ստացվեց: Մինչև նոյեմբերի 30-ը մեզ ժամանակ են տվել՝ ասելով, որ դեկտեմբերի 1-ին հանձնելու են: Ամեն ինչը կապված էր մեր հողի, մեր քաղաքի հետ, հիմա ի՞նչ ենք անելու: Հասցրել ենք որոշ չափով ապրանք տեղափոխել, որի համար ստիպված եղանք ոսկյա մատանի գրավ դնել, որովհետև բեռնափոխադրման համար տաքսի ծառայությունը 80.000 դրամ էր ուզել, հիմա էլի նույն խնդրի առջև ենք կանգնած»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բերձորցի Լիլիթ Պետրոսյանը:
«Անկեղծ ասած, ի սկզբանե երբ ասվեց, որ Քաշաթաղն էլ է հանձնվում, մեր նախագահի խոսնակն ասաց՝ պետք չէ շտապողականություն մտցնել գույքի և մարդկանց տարհանման համար..․ ի՞նչը նկատի ուներ, որ ոչ թե մինչև ամսի 15-ը կամ 25-ը, այլ մեկ այլ օր: Լուր է շրջանառվում, որ Բերձորը չեն տալիս, այլ Բերձորում հայերը կարող են ապրել, աշխատել, բայց քաղաքի կառավարումը պետք է անցնի ադրբեջանցիներին։ Ճանապարհն էլ կօգտագործվի ՀՀ-ի և ԱՀ-ի համար։ Պաշտոնապես ոչ հերքվել է, ոչ էլ հաստատվել: Արդեն բերձորցին, իր անվտանգությունից ելնելով, պետք է ինքնուրույն որոշում կայացնի, թե ինչ անի հիմա։ Այնպիսի անհույս վիճակ է, որ չես կարող մեղադրել, թե ինչո՞ւ են «օպերատիվ» կերպով այլ բաներ տարածում։ Եվ եթե կան մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչպես կարելի է պայքարել, որ այս լուրերը չհաստատվեն և պաշտոնական չդառնան՝ արձագանքեք։ Ավելորդ անգամ չասեմ, թե որքան է կարևոր Բերձորի միջանցքի անվտանգությունը մեզ՝ հայերիս համար»,- նշեց Բերձորի բնակիչներից մեկը, ում անունն իր խնդրանքով չենք ներկայացնում:
Հիշեցնենք, որ կառավարության պաշտոնական հրապարակված Ադրբեջանին հանձնվող համայնքների ցանկում Բերձոր քաղաքն ու Աղավնո գյուղը չկան։