«Հադրութում դիվերսանտներից ոմանք հայկական բանակի համազգեստով էին, կարողանում էին կենցաղային մակարդակով հայերեն շփվել». Սեմյոն Պեգով
Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հայտնի դարձած WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը «Սպուտնիկ» գործակալությանը տված հարցազրույցում կիսվել է պատերազմի վերաբերյալ իր տպավորություններով:
Մասնավորապես խոսելով Հադրութի մասին՝ Պեգովն ասել է.«Հադրութում, կարծում եմ, որոշակի սխալներ են եղել ոչ այնքան հետախուզական տվյալների ոլորտում, որքան պաշտպանական գծի դասավորվածությունում, որովհետև քչերն էին սպասում, որ այդ դիվերսանտները անտառային ճանապարհով կմտնեն Հադրութ:
Ինչ վերաբերում է Հադրութին, կարծում եմ, որ դա ավելի օբյեկտիվ, ռազմական կորուստ էր, քան քաղաքական: Քաղաքի համար մեկ շաբաթից ավելի կռիվներ էին ընթանում: Սկզբից մտել էին դիվերսանտները, նրանցից ոմանք հայկական զինվորական համազգեստով էին, կարողանում էին կենցաղային մակարդակով շփվել հայերենով, հիմա ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այդպիսինները կան: Հետո դուրս բերվեց մոբիլիզացված զորքը: Քաղաքը մաքրում էին Արցախի պաշտպանության բանակի հատուկջոկատայինները, որպեսզի չսպանեն սեփական զինվորներին այդ խառնաշփոթում, երբ հակառակորդը Արցախի պաշտպանության բանակի համազգեստով է: Դա ավելի շատ նման էր հակաահաբեկչական գործողության:
Այլ հարց է, որ հատուկջոկատայինները մտնում, մաքրում էին քաղաքը, այնտեղ չէին մնում դիվերսանտներ և սկսվում էր զանգվածային հրետանային կրակ, բացի այդ էլ իրար հետևից գալիս էին ԱԹՍ-ները: Դա ես ինքս եմ տեսել: Իմաստ չկար քաղաքում այդքան մարդկանց թողնել նման կրակի տակ: Այդ պահին, հատուկջոկատայինները հետ էին քաշվում, քաղաք էին մտնում հերթական դիվերսանտները, իհարկե այդ ժամանակ կրակը դադարում էր` սեփական կենդանի ուժին վնաս չհասցնելու նպատակով, նորից մտնում էին հատուկջոկատայինները: Եվ այսպես քաղաքի փոխանցումը ձեռքից ձեռք մի քանի օր չէ, որ տևել է:
Այնուամենայնիվ, Ադրբեջանի տեխնիկան ու կենդանի ուժը ավելի շատ էր և ի վերջո քաղաքը անցավ նրանց հսկողության տակ: Հիմա ինձ համար դժվար է ասել ամսաթիվը, բայց հստակ է, որ դա էլ չի համընկել Ալիևի հայտարարության հետ (քաղաքը գրավելու մասին): Ալիևի հայտարարությունից հետո ես ամենաքիչը 3 անգամ եղել եմ քաղաքում: Քաղաքը Ադրբեջանի հսկողության տակ է անցել նրանց նախագահի հայտարարությունից մոտ 10 օր հետո»:
Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին: Հայտարարության համաձայն ՝ մի շարք շրջաններ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, կողմերը գերիներ են փոխանակում, շփման գծի երկայնքով և Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում են ռուս խաղաղապահներ: