Բաժիններ՝

«Քարտեզին որ նայում ես՝ ապրելդ չի գալիս». Քարվաճառի բնակիչ

Դավթաշեն վարչական շրջանում բնակվող արցախցի Հասմիկ Թադևոսյանի ընտանիքն ունի աջակցության կարիք: Բնակվում են 6 հոգով, 3-ն անչափահաս երեխաներ են:

«Մեր ընկերներից մեկն իր տունը տրամադրել է մեզ, որտեղ բնակվում ենք ես, ամուսինս, սկեսուրս և 3 անչափահաս աղջիներս: Նրանցից մեկը դպրոցական է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հասմիկ Թադևոսյանը:

Մեր զրուցակիցը ցավով նշեց, որ վաղը՝ նոյեմբերի 25-ին, թշնամուն են զիջելու իրենց բնակավայրը՝ Քարվաճառը:

«Ես մի փոքր կարողանում եմ ինձ տիրապետել, բայց սկեսուրս, ամուսինս կոտրված են: Ամուսինս սկզբից մինչև վերջ եղել է ռազմաճակատում, հիմա վերադարձել է: Այնտեղից մի քիչ կահույք ենք բերել, որոշ չափով հագուստ, ու վերջ: Փորձում ենք այստեղ աշխատանք գտնել, սպասում ենք նաև առաջարկների: Ամուսինս 10-ից ավելի տարի զինված ուժերում է ծառայել, սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, իսկ ես կենսաբանության ուսուցչուհի եմ աշխատել: Լավ կլիներ, եթե Քարվաճառը մնար հայկական ուժերի վերահսկողության ներքո, որովհետև այն միակ օղակն է, Հայաստանի հետ կապող սիրտն է, ես կարող եմ գնալ, Քարվաճառի ցանկացած կետում մնալ, բայց եթե չէ, մի քիչ վախենում եմ. քարտեզին որ նայում ես՝ ապրելդ չի գալիս: Չգիտեմ, երեխաների համար վախենում եմ»,- նշեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 25-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։

Ընտանիքին օգնելու համար կարող եք կապ հաստատել այս հեռախոսահամարով՝ 077131367

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս