Սպանել Նիկոլի ստրուկին․․․1+1+1
Ինչպե՞ս կարելի է բացատրել իրողությունը, որ նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանին պաշտպանում է գեթ մեկ հայ կամ ՀՀ քաղաքացի։
Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանին, այսինքն՝ կապիտուլյացիան, պաշտպանում են ոչ թե մեկ կամ մի քանի, այլ շատ, հազարավոր, գուցե տասնյակ հազարավոր քաղաքացիներ։ Դա, սակայն, ոչ այնքան քաղաքական, որքան բժշկական, առողջապահական իրողություն է, ախտորոշում։ Եվ որևէ մեկը, ով հավակնում է ստեղծված իրավիճակից ելքեր գտնել կամ առաջարկել՝ պարտավոր է հաշվի նստել այդ իրողության կամ ախտորոշման հետ, հակառակ դեպքում վերքը ոչ միայն չի բուժվելու, այլ մակերեսում սպիանալուց հետո՝ խորքում ավելի է բորբոքվելու։
Մեր հասարակությունը հայտնվել է մի իրականության մեջ, որը գիտությանը հայտնի է՝ որպես ստոկհոլմյան ախտանիշ կամ սինդրոմ։ Դրա էությունն այն է, որ զոհը սկսում է սիրել, համակրել ագրեսորին, պատանդը սիրով է լցվում գերեվարողի նկատմամբ, բռնաբարվածը երախտիք է հայտնում բռնաբարողին․․․ Նիկոլ Փաշինյանին ու կապիտուլյացիան պաշտպանող մեր հասարակության այդ հատվածն ահա տառապում է այդ ախտանիշով, համակրում է իր ագրեսորին։
Իսկ ագրեսիա հասարակության նկատմամբ տեղի է ունեցել, տեղի է ունեցել ոչ թե ֆիզիկական, այլ բարոյահոգեբանական ագրեսիա, կազմակերպված գրոհ՝ ընդդեմ անհատական ու հավաքական բանականության։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեր հանրային բանականության պարտության արտահայտությունն է։ 2018 թվականի մայիսին նա իրականացրել է հասարակության բանականության դեմ ուղղված վերջին ակտը, ագրեսիան սկսվել է շատ ավելի վաղ, իրականացվել է հետևողականորեն, մեթոդաբար, կաթիլ առ կաթիլ բթացնելով մարդկանց մտածողությունը։
Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել մարդկանց գիտակցության դեմ ուղղված ագրեսիայով, ինչը նշանակում է, որ առկա է նաև ագրեսիայի զոհ՝ մարդիկ անհատապես և հավաքականորեն։ Ահա այդ մարդիկ, այդ նվաստացած հպարտ քաղաքացիները սիրում են իրենց ագրեսորին, նրանց համար ավելի հեշտ է տրվել զանգվածային անհասցե փսիխոզին և շարունակել համակրել բռնարարին, քան առերեսվել իրականության հետ և սկզբում՝ անհատական, ապա նաև՝ հավաքական մակարդակում խոստովանել 2.5 տարի առաջ ագրեսիայի ենթարկված լինելու իրողությունը։
Եվ քանի դեռ թեկուզ մարդկանց փոքր խումբ շարունակում է ապրել ստոկհոլմյան սինդրոմով, ստեղծված իրավիճակից դուրս գալու որևէ ելք չի հասնելու նրանց ունկերին ու աչքերին, քանի որ նրանք կուրորեն ու խլաբար շարունակելու են համակրել իրենց ագրեսորին։
Հետևաբար կա երկու ճանապարհ՝ կամ մարդկանց գիտակցությանը բոլոր հնարավոր միջոցներով հասու դարձնել իրենց՝ ագրեսիայի ենթարկված լինելու փաստը, կամ նրանց ազատել ագրեսորից։
Վերջին տարբերակը խիստ անարդյունավետ է, քանի որ, եթե չիրականացվի առաջինը՝ մարդիկ շարունակելու են սիրել իրենց ագրեսորին ու նրան հեռացնելուն ուղղված ցանկացած քայլ ընկալելու են՝ որպես իրենց նկատմամբ բռնություն։ Նրանք երջանիկ են բռնության ենթարկված լինելու իրենց կարգավիճակից, նրանք սիրում են հատկապես այն բռնությունը, որի անունը Նիկոլ Փաշինյան է։
Հետևաբար՝ բոլոր այն ուժերը, գործիչներն ու խմբերը, ովքեր ցանկանում են մարդկանց ազատագրել Նիկոլ Փաշինյանի գերությունից, առաջին հերթին պետք է մարդկանց ապացուցեն, որ նրանք բռնության զոհեր են։ Առանց դրա, առանց մարդկանց բանականությունը վերադարձնելու՝ հնարավոր չէ որևէ իրական փոփոխություն իրականացնել, որովհետև քանի դեռ մարդիկ ապրում են ստոկհոլմյան համախտանիշով, նրանք կարող են արդարացնել Նիկոլ Փաշինյանին անգամ այն դեպքում, երբ նա Ադրբեջանին զիջի իրենց թաղամասը, տունը, ննջարանը․․․
Նիկոլ Փաշինյանին դեռևս արդարացնող մարդիկ պետք է կարողանան իրենց մեջ սպանել սեփական ստրուկին, այն ստրուկին, որին սպանելու կոչերով տարիներ առաջ հանդես էր գալիս նույն Նիկոլ Փաշինյանը։ Նա պարզապես այն ժամանակ ազնիվ չէր ու մարդկանց չէր տեղեկացնում, որ այդ ստրուկին սպանելուց հետո իրենց մեջ բույն է դնելու Նիկոլի ստրուկը։
Հարություն Ավետիսյան