«Յուրաքանչյուրն իրեն վարչապետ համարեց, և 2.5 տարի հետո երկիրն ահա հասավ հայրենակորուստի այս ողբերգական իրավիճակին». Գրիգոր Ջանիկյան
«Մեզ ոչ մի ակնթարթ չպիտի լքի այն զգացողությունը, որ մենք հայրենիք ենք կորցրել: Սա մեծագույն ողբերգություն է, որ այս սերունդն ապրել է իր գոյության ընթացքում: Գիտեք՝ 20-րդ դարը կորուստների դարաշրջան է հայ ժողովրդի համար. մենք կորցրինք Արևմտյան Հայաստանը,Կիլիկիան, Նախիջևանը և այժմ կորցրեցինք Արցախը: Ինչո՞ւ է Արցախի կորուստը կրկնակի ողբերգություն, որովհետև մենք Արցախն ազատագրեցինք, ապա կորցրեցինք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը:
Նա իրեն ուղղված տարատեսակ քննադատություններին ի պատասխան՝ հիշեցրեց, որ ինքը բանակի սպա է, և իր կենսագրության մասն է հաղթական բանակն ու հայ զինվորը.
«Ես ուզում եմ այստեղ փակագիծ բացել և պատասխանել այն երեք միլիոն վարչապետուհիներին, որոնք ինձ Ֆեյսբուքում հայ կնոջը ոչ վայել հիշոցներով հայհոյում են, և որպես վերջին ճիգ՝ ինձ և ինձ պես շատերին ասում են՝ զենք վերցնեիք-գնայիք ճակատ:
Ես ուզում եմ հայտնել, որ ես ազգային բանակի սպա եմ, երկար տարիներ ծառայել եմ տարբեր բարձր պաշտոններում, ես Վազգեն Սարգսյանի հորդորանքով գրել եմ «Մահապարտներ» գիրքը, «Մահապարտներ»-ի շարժանկարի սցենարը, բազում այլ գրքեր, որտեղ պանծացրել եմ Արցախի ազատարարներին:
Հիմա եթե Եռաբլուր բարձրանամ, ինչպե՞ս պետք է նայեմ մեր ազգային հերոսների աչքերին, երբ պարզվեց, որ նրանք իզուր են արյուն հեղել, որ Շուշին մեզ պետք չէ:
Ես արևմտահայ եմ, ես ամեն տարի Արևմտահայաստան ուխտագնացության եմ գնում. կարո՞ղ է վաղը հերթական զորահրամանատարը հայտնվի, և պարզվի, որ Արևմտյան Հայաստանն էլ մեզ պետք չի»:
Գրիգոր Ջանիկյանը հայտնի փաստաթուղթը չի համարում պարտություն, այլ կոչում է անձնատվություն. «Մենք անձնատրվել ենք, մենք պարտվել ենք ամեն առումով և, ցավոք, միայն Ադրբեջանին չենք պարտվել: Ուշադրություն դարձրեք այս պայմանագրի խորապես ամոթալի կետերին. արդեն Թուրքիան Նախիջևանի ճանապարհով քիթը մտցնում է Մեղրի: Այսինքն՝ 105 տարի առաջ մեր անթաղ շիրիմների ցեղասպանությունը շարունակվում է: Թուրքիան արդեն մուտք է գործում մեր ազատ-անկախ Հայաստանը»:
Մեր խնդրանքով անդրադառնալով համացանցում իր գրառումներից մեկին՝ «Հարյուր տարին էլ անցավ, վերջապես մենք՝ գոնե մեզ, խոստովանելու ե՞նք, թե ոնց պատահեց, որ Օսմանյան բռնապետության տակ հեծող բոլոր ժողովուրդներն անխտիր ազատագրվեցին, իրենց անկախ պետականությունը կերտեցին, իսկ մենք՝ միա՛յն մենք, ոչ միայն կոտորվեցինք, այլև մեր բնօրրանը կորցրինք», և պատասխանելով հարցադրումին, թե ո՞րն է մեր կորուստների պատճառը՝ նա ցավով արձանագրեց.
«Ամեն ազգի մեջ, մեր ազգում հատկապես, կա ժողովուրդ և կա ամբոխ: 2.5 տարի առաջ ամբոխն ընտրեց իր կառավարությունը, և հավատաց, որ մենք ունենք 3 միլիոն վարչապետ: Յուրաքանչյուրն իրեն վարչապետ համարեց, և երկուսուկես տարի հետո երկիրն ահա հասավ հայրենակորուստի այս ողբերգական իրավիճակին:
Եվ մեր ժողովուրդը, միշտ, որ հասնում է հերթական ճակատագրական պահին, վերջին խարիսխ որպես՝ նույն հարցն է տալիս՝ ո՞ւր է մտավորականությունը: Իսկ ինչո՞ւ ժամանակին ամբոխը չի լսում մտավորականությանը»:
Այս իրավիճակից ելք կա՞. այս հարցին ի պատասխան՝ Գրիգոր Ջանիկյանը վստահեցրեց՝ հավատում է մեր ժողովրդի հանճարին, հեռատեսությանը, ներունակությանը. «Ես հույսս դնում եմ մեր հայության ողջախոհության վրա. մենք բոլորս դժբախտ ականատեսներն ենք, որ տվել ենք արդեն ազատագրված Արցախը:
Աշխարհի բոլոր հայերը, իմ սերունդը հպարտ էր նրանով, որ մենք առաջին անգամ պատմական տարածքներ էինք ազատագրել: Այդ տարածքները մեզնից խլել են: Թուրքը (ոչ թե ադրբեջանցին) ՀՀ սահմանից ներս է ուզում խցկվել. վատթարը չի կարող լինել:
Եթե ամբոխը, հանուն ինչ-ինչ հավակնությունների, ուզում է հայրենիքը տալ իր ամբիցիայի համար, այստեղ արդեն հայ ժողովրդին սպասում է դաժան վերջնական ճակատագիր: Ես կարծում եմ, որ, ինչպես միշտ է եղել, երբ հայ ժողովուրդը հասել է ճակատագրական պահի, սթափվել է, ինքնագիտակցության է եկել, ողջախոհության ձայնը լսել է. հայե՛ր լսեք ողջախոյության ձայնը»:
Մանրամասները՝ տեսանյութում