«Պետք է հենց հիմա քննիչ հանձնաժողով ստեղծվի, որը կուսումնասիրի, թե ինչպես է հանձնվել, օրինակ, Շուշին, նաև այլ տարածքներ, այդ թվում՝ ժամանակին ազատագրված»․ Քաղտեխնոլոգ

Վերջին մի քանի օրերի ընթացքում ՀՀ նախագահը քաղաքական խորհրդակցություններ և հանդիպումներ է անցկացրել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, տարբեր ՀԿ-ների ու անհատների հետ, ապա, երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, նոյեմբերի 16-ին ուղերձ է հղել։ Նախագահը կարևորել է նաև ստեղծված իրավիճակում միասնական և համախմբված լինելը՝ ընդգծելով․ «Այս համատեքստում, իմ կարծիքով, միակ պատասխանատու մոտեցումը կարող է լինել կառավարության և իշխող քաղաքական ուժի կողմից սեփական ներուժի օբյեկտիվ գնահատելը և սեղմ ժամկետում ճանապարհային քարտեզ ներկայացնելը, որով կնախատեսվեն համապատասխան սահմանադրական գործընթացների նախաձեռնման ժամկետները, որոնց արդյունքում հնարավոր կդառնա իրականացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, իսկ մինչ այդ կառավարումը կհանձնվի բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը»:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ ամենաբարձր մակարդակով առաջարկ է հնչեցվել, ինչը նշանակում է, որ կարելի է բանակցել, գալ համաձայնության։

«Կարծում եմ՝ այն ճանապարհային քարտեզը, որը, ըստ էության, հիմա նաև հրապարակվեց ՀՀ նախագահի կողմից, նա ասաց, որ նման հանրային պահանջ կա չէ՞, այսինքն, ամենաբարձր մակարդակով հնչեցվեց առաջարկ։ Այսօրվա քաղաքական մեծամասնությունը պետք է իսկապես ռեալ գնահատի իրավիճակը, փոխհամաձայնության, բանակցությունների արդյունքում ձևավորվի ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որը հիմնականում, որքանով ես հասկանում եմ, հակաճգնաժամային ֆունկցիա պետք է կատարի բոլոր ասպարեզներում։ Ամենակարևորը՝ նոր բանակցող առաջ կքաշի, որը կսկսի համեմատաբար զրոյական կետից, առանց որևէ պարտավորություններ ունենալու խոսել նախևառաջ Ռուսաստանի հետ, հետո նաև բանակցային գործընթացում Մինսկի խմբի հետ՝ արդեն ավելի ընդգրկուն թեմաների շուրջ, փորձի ինչ-որ չափով մեղմացնել  պահանջները, որոնք կան եռակողմ համաձայնագրում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վիգեն Հակոբյանը։

Նրա խոսքով՝ հիմա «նախկիններ, ներկաներ անելը սխալ է», քանի որ կոնկրետ կա փրկության թեմա։

«Այս պահի դրությամբ կա կապիտուլյացիայի ակտ, և կարծում եմ՝ պետք է հենց հիմա քննիչ հանձնաժողով ստեղծվի, որը կուսումնասիրի, թե ինչն ինչպես է եղել, ոնց է հանձնվել, օրինակ, Շուշին, ինչպես նաև՝ այլ տարածքներ, այդ թվում՝ ժամանակին ազատագրված մեր տարածքները։ Ես նույնպես չեմ ասում, որ նախկինները պետք է գան, հա, պետք է քննարկել, թե ով պետք է լինի։ Այնպես չէ, որ այսօր կամ ներկաներն են, կամ նախկինները։ Հիմա շատ վատ ժամանակաշրջան է, ու, եթե ինչ-որ մեկն ասում է՝ թողեք մենք բանակցող փոխենք, որպեսզի փորձենք ինչ-որ մի բան մեղմել, դա մեծ ռիսկ է։

Ես վստահ չեմ, որ, երբ այսօրվա քաղաքական գործիչներն ասում են՝ թողեք մենք գանք, որ կարողանանք բանակցել, մի բան անել, իրենք մինչև վերջ հաշվարկել են քաղաքական մեծ ռիսկը։ Բայց, ամեն դեպքում, կարծում եմ, որ արտաքին քաղաքական մեծ խաղացողները, ովքեր այս գործընթացի գլխին են կանգնած, իրենք հասկանում են, որ ՀՀ-ում դժվար է գտնել այլ քաղաքական գործչի, ով  կուզենա ստորագրածի համաձայն՝ ամեն ինչ մինչև վերջ հասցնել։ Դրա համար առայժմ Նիկոլ Փաշինյանն իրենց ձեռնտու է, այ, դրանից հետո միջազգային  միջնորդները, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանն այստեղ ներքին քաղաքական ուժերի հետ աշխատելով՝ փորձելու են գտնել որևէ հարմար սխեմա, որպեսզի ապահովեն իշխանության անվտանգ, երաշխավորված տրանսֆերը»,- նշեց քաղտեխնոլոգը։

Տեսանյութեր

Լրահոս