Արդեն ֆիզիկական հաշվեհարդարով են սպառնում նաև Մարդու իրավունքների պաշտպանին. Դատախազությունն ընթացք կտա

Երեկ ամբողջ օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած երիտասարդների, ՀՀ քաղաքացիների կողմից իրականացված ակցիաները ճնշելու նպատակով Երևանի փողոցներում մեծ քանակությամբ տեղակայված ոստիկանական խմբերը տարօրինակ հանդերձանք ունեին: Նրանք դիմակներով էին, անհասկանալի սև հագուստով, որի վրա չինական հիերոգլիֆներով, հայտնի չէ, թե ինչ էր գրված:

«Պատերազմական գործողություններին մասնակցությամբ պայմանավորված՝ ոստիկանության ծառայողների մի մասի հանդերձանքը պիտանի չի եղել օգտագործման համար և փոխարինվել է պահեստավորված հանդերձանքով, որի գրառումը զուտ ժամանակի սղության պատճառով հնարավոր չի եղել փոխարինել հայերեն գրառմամբ կամ տարբերանշանով»,- երեկ 168.am-ին ասել էին ոստիկանությունից:

Թե որքանով է արժանահավատ այս պարզաբանումը, թող ընթերցողն ինքը որոշի, մանավանդ որ, երեկվանից տարատեսակ լուրեր են շրջանառվում վերոնշյալ խմբերի՝ կաստայական պատկանելության մասին:

Տելեգրամյան ալիքներից մեկն այդ առնչությամբ գրել էր, որ չինական հանդերձանքով դիմակավորված անձանց մեծ մասը, որոնք կեսօրից բռնությամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին, չեն հանդիսանում ոստիկանության ծառայողներ:

«Այդ հանդերձանքով այս պահին քաղաքում շրջում են քրեական տարրեր, Խաչատուր Սուքիասյանի (Գռզո), Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ) և Արտակ Սարգսյանի («Սաս»-ի Արտակ) թիկնապահները, ինչպես նաև Փաշինյանի ամառանոցում հավաքված զինված հրոսակները, որոնց հրահանգված է դաժան բռնություն կիրառել ցուցարարների դեմ: Ոստիկանության ծառայողները հրաժարվել են կատարել ընդդեմ Արցախը հանձնողների ակցիա անող հազարավոր քաղաքացիներին բերման ենթարկելու հրահանգը»,- նշել էր այդ ալիքը:

Միանշանակ է, սակայն, որ անկախ ոստիկանության պարզաբանումից, ոստիկանությունը թույլ է տվել կարգի խախտում, որովհետև Ոստիկանների ծառայողների, այդ թվում՝ հատուկ հանձնարարություններ կատարող ստորաբաժանումների աշխատակիցների համազգեստի նկարագիրը և այն կրելու կարգը սահմանված են կառավարության համապատասխան որոշմամբ, որտեղ որևէ խոսք չկա չինական հիերոգլիֆներով հանդերձանքներ կրող անհասկանալի մարդկանց խմբի մասին։

Այսինքն՝ եթե, օրինակ, թուրքական տարբերանշաններով ու գրառումներով հագուստ լիներ չինականի փոխարեն, դժվար թե դրանով հանդերձավորեին ոստիկանության զորքերին ու հետո ասեին, որ ժամանակ չեն ունեցել հայատառ դարձնելու:

Ինչևէ: Երեկ այս խնդրին անդրադարձավ նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը՝ նշելով, որ Ոստիկանության դիմակավորված ծառայողների ներգրավումը հանրային վայրում ու այն էլ՝ ցերեկային ժամի տեղի ունեցող քաղաքացիական ակցիան կամ խաղաղ հավաքը դադարեցնելու կամ մարդկանց բերման ենթարկելու համար պետք է բացառվի:

«Դա նախևառաջ անհրաժեշտ է նրա համար, որպեսզի հավաքների ընթացքում ոստիկանական ծառայողներին հնարավոր լինի հստակ և անհատապես նույնականացնել: Դրանից բացի, դա Ոստիկանության ծառայողների կողմից հնարավոր որևէ տեսակի վատ վերաբերմունք թույլ չտալու երաշխիք է: Ավելին, այս պրակտիկան կարող է դժվարացնել ենթադրյալ իրավախախտների անհատականացումը վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքներ կամ տեղեկություններ քննելիս:

Ուստի, Ոստիկանությունը պետք է գործի այնպես, որ ապահովված լինի իր գործողությունների կանխատեսելիությունը և որոշակիությունը հավաքի կամ քաղաքացիական որևէ այլ ակցիայի մասնակիցների համար: Խոսքը վերաբերում է նաև նրան, որ մարդու համար պետք է պարզ լինի ոստիկանության ծառայողի որոշակիացված հանդերձանքը»,- գրել էր ՀՀ ՄԻՊ-ը:

Ի դեպ, նա գրել էր նաև, որ այս երևույթը Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել էր նաև 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ, երբ մի շարք դեպքերում հանրային վայրերում հավաքներ կամ քաղաքացիական այլ ակցիաներ իրականացնելու համար ներգրավվում էին Ոստիկանության դիմակավորված ծառայողներ:

ՄԻՊ գրառման մեջ որևէ անուն ու հանգամանք նշված չէ, սակայն, երբ կարդում ես՝ գրառմանն ովքեր են արձագանքել ու ինչ տոնայնությամբ, փազլը հավաքվում է:

Հասել ենք մի կետի, երբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին անձնական հաշվեհարդարով են սպառնում «Հեղափոխության պահապաններ» խմբի կամ խմբավորման անդամները ու դա անում են անթաքույց, առանց մտահոգվելու, որ կարող են դրա համար պատասխանատվություն կրել:

Հիշեցնենք, որ «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամները դեռևս ամիսներ առաջ հարձակվել էին Անժելա Թովմասյանի «Հայելի» ակումբի վրա, ինչի համար որևէ պատասխանատվության չենթարկվեցին:

Ավելի ուշ՝ ս/թ մարտի 23-ին, իրենց «Հեղափոխության պահապաններ» կոչած անձինք, զինվորական հագուստներով, փնտրել ու գտել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին քննադատական, իրենց խոսքով` հայհոյական արտահայտություններ թույլ տված տղամարդուն ու խմբով, սպառնալիքներ հնչեցնելով` պարտադրում էին վերջինիս ներողություն խնդրել։

Ու թեև այս դեպքով քրեական գործ հարուցվեց, բայց հերթական անգամ նրանք որևէ պատասխանատվություն չկրեցին, ու հիմա արդեն սկսել են ահաբեկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին:

Այստեղ տեղին է մեջբերել նաև Mediaport տելեգրամյան ալիքի տարածած տեղեկատվությունը:

«Դիմակավորված ոստիկանների անվան տակ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների վրա երեկ հարձակված բանդաների շարքում են եղել նաև «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամներ Հայկ Ստեփանյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Վահե Խանդիլյանը, Արտակ Մանուկյանը և խմբավորման ևս 7 անդամներ։

Համաձայն ճշտված տեղեկությունների՝ խմբավորումը ֆինանսավորում է քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո)` Բելգիայում բնակվող Արտակ Սերգոյանի միջոցով։

Նշենք, որ «Հեղափոխության պահապան» կոչվող խմբի անդամները Արտակ Սերգոյանի հրահանգով՝ մի շարք ակցիաներ են արել ի պաշտպանություն Դոն Պիպոյի, երբ նա ձերբակալված էր։ Այս օրերին էլ Դոն Պիպոյի ֆինանսավորմամբ գործող այս հանցավոր խմբի անդամները, փաստացի, հաշվեհարդար են տեսնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներից»,- գրել էր Տելեգրամ ալիքը:

Կարծում ենք՝ հիմա արդեն հասկանալի է այս առնվազն հանցավոր հակումներ ունեցող միավորների խրախճանքը ՄԻՊ գրառման ներքո:

Փաստորեն այսօր արդեն ամենաբարձր սահմանադրական անձեռնմխելիություն ունեցող ՀՀ պաշտոնյան է դառնում նման խմբավորումների թիրախ, և սա սկսվեց հատկապես այն պահից, երբ ՀՀ ՄԻՊ-ը դատապարտեց Հանրապետության հրապարակի մեծ էկրանից բռնության կոչերի ու ատելության խոսքի, հայհոյանքների սփռումը և իրերը կոչեց իրենց անուններով:

«Բացարձակ անթույլատրելի, դատապարտելի է Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին երեկ ուշ երեկոյան այն տեսանյութի (արտապատկերը կցված է) ցուցադրումը, որը պարունակում է հայհոյանք ու ատելություն:

Ինչպե՞ս կարելի է Հանրապետության հրապարակում լայն սփռումով ցուցադրել այնպիսի տեսանյութ, որում տրվում են սպանության սպառնալիքներ ու որով խրախուսվում է բռնությունը՝ արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով, ու այն էլ դա անել այս պատասխանատու օրերին:

Ինչպե՞ս կարելի է ցուցադրել նման տեսանյութ՝ ակնհայտ գիտակցելով, որ դա դիտելու են նաև երեխաներ ու կանայք:

Ակնհայտ է, որ դա արվել է հանրային իշխանության ինչ-որ մարմնի կամ պաշտոնյայի անօրինական որոշմամբ կամ թողտվությամբ, որով փաստացի հրահրվում է ներքին թշնամանք»,- գրել էր Արման Թաթոյանը:

168.am-ը ՄԻՊ հասցեին արված նշյալ սպառնալիքների հարցով դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ի՞նչ դիրքորոշում ունի իրավապահ այդ կառույցը այս գրառումների վերաբերյալ:

«Նյութերն ուղարկվելու են Ոստիկանություն: Դատախազությունն անպայման ընթացք կտա այս մեկնաբանություններին»,- ասացին Գլխավոր դատախազությունից:

Ավելի ուշ կփորձենք ներկայացնել խնդրի առնչությամբ ոստիկանության մեկնաբանությունը:

Տեսանյութեր

Լրահոս