«Բոլորն ի սկզբանե գիտեին, որ Արայիկ Հարությունյանն ամեն մի քայլը համաձայնեցնում է ՀՀ-ում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ». Լարիսա Ալավերդյան

«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Արցախի Հանրապետության քաղաքական իրավիճակին՝ նշեց, որ Արցախի Հանրապետությունն ավելի ինքնիշխան էր մինչև Արայիկ Հարությունյանի նախագահությունը.

«Մենք պետք է հստակեցնենք, որ ցանկացած ընտրության ժամանակ, եթե ժողովուրդը դյուրահավատ է, կամ գրագետ չէ քաղաքական առումով, նա թույլ է տալիս իրեն թեկուզ փոքր-ինչ շեղվել իրականությունից և իրավունքից, անպայման կրում է այդպիսի վնասներ:

Ինչու եմ ասում՝ Արայիկ Հարությունյանի մասին. Ես հիշեցնեմ, որ բոլորն ի սկզբանե գիտեին, որ Արայիկ Հարությունյանն ամեն մի քայլը համաձայնեցնում է Հայաստանում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ: Դա ինքնին անմիջապես իջեցրել է Արցախի Հանրապետության այն իմիջը, որը նա ունեցել է մինչ այդ:

Ես հիշեցնեմ՝ մինչ այդ՝ սկսած Առաջին նախագահից, Երկրորդը, Երրորդը, միշտ եղել են դրվագներ, երբ Արցախը չէր համաձայնվում ինչ-որ առաջարկությունների մի մասի հետ, որն առաջարկում էր ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Հայաստանը, որպես կանոն, ինչ-ինչ փոփոխություններ մտցնելով, բոլոր դեպքերում համաձայնվում էր, և դրանով պարծենում էր, որ տեսեք՝ մենք ինչքան քաղաքակիրթ ձևով ենք վերաբերվում և համաձայնում այս առաջարկությանը. Արցախն է, որ կարողացել է միշտ հայտնել իր անհամաձայնությունը»:

Հակադրելով Հայաստանի Հանրապետության նախկին իշխանությունների հետ Արցախի Հանրապետության իշխանությունների հարաբերությունները՝ Լարիսա Ալավերդյանը մի քանի դրվագներ հիշեց. «Լևոն Տեր -Պետրոսյանի ժամանակ, եթե չհիշեք էլ, կարդացեք, ինչպես է դա տեղի ունեցել՝ հաղթած պատերազմը եղել է շատ անգամ ի հեճուկս Հայաստանում քաղաքական ղեկավարության:

Երկրորդ նախագահը,  լինելով Ղարաբաղյան շարժման, հաղթական պատերազմի ակունքներում, նա այդպես էլ չկարողացավ, բացի այդ ինքնորոշման իրավունքից, փոխել իմաստը ու հունը այդ Մադրիդյան կոչված պիղծ սկզբունքների, այդ առումով  և Սերժ Սարգսյանը ոչ բան չի արել:

Պատահական չէ՝ անընդհատ նշում են, որ գործընթացն այնպես էր գնում, որ համաձայնվելով-համաձայնվելով…, հույսն՝ ինչի՞ վրա դնելով՝ չե՛նք ստորագրելու:  Եվ, ինչպես տեսնում եք, միջազգային և ազգային պրակտիկան ինչ ցույց տվեց՝ Սերժ Սարգսյանը չցանկացավ անգամ անձամբ ինքն իրականացնել այն, ինչ որ համաձայնել է:

Պայմանավորվե՞լ են Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը, թե՞ ոչ՝ ես չունեմ հստակ տվյալներ, բայց որ Նիկոլ Փաշինյանը եկել է անելու այն, ինչ ժամանակին առաջարկել է Առաջին նախագահը, բայց առանց, կներեք, հոշոտելու գոնե Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի տարածքը: Պատահական չէ, որ և Առաջին նախագահը կշտամբեց իր իսկ քաղաքական ժառանգորդին»:

«Մենք ունենք ավելի պակաս ինքնություն, ինքնիշխանություն, և դա սկսվել է հենց ընտրությունների ժամանակ, երբ որ Արայիկ Հարությունյանը կարողացավ համոզել ժողովրդին, որ ինքը, լինելով բավականին հմուտ և հաջողակ տնտեսական ոլորտում, ինքը Արցախը կարող է տանել դեպի բարեկեցություն: Բարեկեցությունը չէ՛ր դրված օրակարգում, այլ անվտանգությունը, և երբ որ մենք տեսնում ենք, որ նա համաձայնեցնում է իր կառավարության և մնացած օղակների ղեկավարների ազգանունները, մենք պետք է հասկանայինք, որ Արցախի այդ ինքնիշխանությունը տապալվում է, ու եթե դա մենք տեսնում ենք, տեսնում է և արտերկիրը:

Դա «իպսո-ֆակտո» կայացած պետություն էր, և «իպսո-ֆակտո» իր կայացվածությունն ընդունվում էր խոշոր պետությունների կողմից, որտեղ ներկայացուցչություն ուներ Արցախի Հանրապետությունը»,- եզրափակեց իրավապաշտպանը:

Տեսանյութեր

Լրահոս