«Ժամանակը բոլոր հարցերի պատասխանը կտա». Հակոբ Սիմիդյանը՝ վարչապետի հրաժարականի պահանջների մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը ոչինչ չի կարող ասել վարչապետի կողմից հրապարակված առաջիկա կես տարվա ճանապարհային քարտեզի մասին:
Ըստ նրա, վարչապետի նշած ճանապարհային քարտեզը բավականին խոսուն էր` բոլոր առումներով:
Հարցին՝ կո՞ղմ է, որ երկիրը շարունակի ղեկավարել մի մարդ, ում մեղադրում են դավաճանության մեջ, Հակոբ Սիմիդյանը պատասխանեց. «Երեկ էլ եմ ասել, որ ժամանակը բոլոր հարցերի պատասխանը կտա, և քննիչ հանձնաժողովի շրջանակում այլ իրադարձությունների և զարգացումների արդյունքում…»:
Հաջորդ հարցին՝ դրանով Արցախը կվերադարձնե՞ն, Հակոբ Սիմիդյանը պատասխանեց, որ իրենց հարց են տալիս, որի պատասխանը ո՛չ ինքը գիտի, ո՛չ հարց տվողը. բոլոր հարցերի պատասխանը կտա ժամանակը:
«Հայտարարությունը, որը եղել է, այլընտրանք չունեցող իրադարձություն է եղել, դրա մասին երեկ էլ եմ ասել և դրա մասին ես չեմ ասում»:
Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի հայտարարությանը, որ պատերազմի օրերին վարչապետին ավելի լավ առաջարկ է եղել, սակայն վերջինս հրաժարվել է, Հակոբ Սիմիդյանն ասաց, որ առաջիկայում այդ ամենը կմեկնաբանվի, հետևաբար՝ հավելյալ մեկնաբանություններ չեն կարող ասել:
Նա նաև շեշտեց, որ կողմ է բոլոր այն քայլերին, որոնք երկրում թույլ չեն տա անկայունություն: