«Շուշիում քայլելիս մենք վերապրում էինք այդ հոգևոր խաղաղությունը, մենք այդ հոգևոր խաղաղությունը վերագտնելու կարիք ունենք». Տեր Եսայի քահանա Արթենյան

Ազատության հրապարակում մեկնարկել է «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքը։

Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու քահանա տեր Եսայի Արթենյանը, դիմելով հավաքվածներին,  նախ Տերունական աղոթքը հնչեցրեց՝ նշելով, որ այսօր աղոթք են բարձրացնում երկրի և զոհված զինվորների հոգիների խաղաղության համար։ Նաև երկրում յուրաքանչյուր հայ մարդու համար։
«Մենք այսօր աղոթք ենք բարձրացնում, հասկանալով ու գիտակցելով, որ աղոթքը դժվար կացությունից դուրս գալու հեշտ ճանապարհ չէ, աղոթքը դժվար կացությունից, ամենադժվար ճանապարհն է դուրս գալու, որովհետև այստեղ պետք են պայքար ու նվիրում, պետք է միասնական լինենք, համախոհ լինենք և մեկս մյուսի նկատմամբ սիրով լինենք։ Աղոթքը մեր բոլոր խնդիրներն այսօր միանգամից չի լուծելու, բայց աղոթքը, եթե արվում է սիրով, մեկս մյուսի նկատմամբ սիրով, եթե արվում է հայրենիքի նկատմամբ սիրով, հնարավոր է և կարող է փոխել մեր կյանքը, մեր ներաշխարհը»,- նշեց քահանան։

Ըստ Տեր Եսայի քահանա Արթենյանի, այսօր աղոթքը համախմբում է  հայությանը, գիտակցելով, որ աղոթքը միայն  բառեր չեն, որ արտաբերվում են, այլ գործ է, որը պետք է իրականացնել , հայրենիքը շենացնելու ու ոտքի կանգնելու՝ հանուն  հայրենիքի պայծառ ապագայի։

«Պետք է գիտակցենք, որ մենք ունենք մեկ թշնամի և ունենք մեկ գործ, որը պետք է համախմբված իրականացնենք՝ հայրենիքը զարգացնելու, շենացնելու և ավելի անվտանգ դարձնելու։ Ուստի այս ճանապարհին եկեք մեկս մյուսի նկատմամբ լինենք զգույշ և կարեկից։ Որևէ սադրանքի չտրվեք, խնդրում եմ, եթե որևէ մեկը ձեր մեջ հակառակ կարծիք կարտահայտի, խնդրում եմ, սիրով հեռացեք, պետք չէ վիճաբանության մեջ մտնել»,- շեշտեց քահանան։

Քահանան նաև անդրադարձավ Շուշիին ու Ստեփանակերտին, նշելով, նրանք, ովքեր երբևէ եղել են Արցախում, եղել են Շուշիում, կփաստենք, որ Շուշիում միշտ կար հոգևոր խաղաղություն։

«Շուշիում քայլելիս մենք վերապրում էինք այդ հոգևոր խաղաղությունը, Ստեփանակերտում կար նյութական խաղաղություն։ Հոգևոր խաղաղությունը վերևից հսկում էր հոգևոր խաղաղությանը։ Այսօր մենք այդ հոգևոր խաղաղությունը վերագտնելու կարիք ունենք։ Շուշին կորցրեցինք, բայց Շուշին յուրաքանչյուրիս սրտում է, այդ հոգևոր խաղաղությունը յուրաքանչյուրիս մեջ պետք է վերարժևորվի, և պիտի կարողանանք այդ հոգևոր խաղաղությունը վերագտնել»,- եզրափակեց քահանան։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Շուշին դժբախտ,  դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին»։

Տեսանյութեր

Լրահոս