
«Մենք վաղը լուռ ենք մնալու, մենք վաղը սգալու ենք». Իվետա Տոնոյան

Այսօր ընդդիմադիր 17 կուսակցությունների անդամներն ու հարյուրավոր քաղաքացիներ ոգեկոչեցին Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը: Նրանք Ազատության հրապարակում մոմավառություն կազմակերպեցին, ապա այդ մոմերով երթով գնացին Մատենադարան: Երթի ընթացքում հնչեցին մեր զոհերի անունները: Մատենադարանի առջև հոգևորականները աղոթք կարդացին մեր զոհված զինծառայողների համար: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց.
«Այսօր անուն առ անուն հնչեցին մեր բոլոր քաջորդիների անունները, ովքեր կյանքը չխնայեցին իրենց սրբազան պարտքը կատարելու գործում: Նրանք իրենց կյանքի գնով պաշտպանեցին մեր հայրենիքը: Նրանցից յուրաքանչյուրի անունը դաջված է մնալու պատմության էջերում և մեր սերունդների հիշողություններում: Հավերժ փառք և հիշատակ մեր բոլոր զոհված զինվորներին, ազատամարտիկներին, քաղաքացիական անձանց: Մեր ապագայի յուրաքանչյուր օրը մենք անցկացնելու ենք ձեր սխրանքը ոգեկոչելու, ձեզանից շնորհակալություն հայտնելու և ձեզ հավիտյանս փառաբանելու համար»:
Պատգամավորը հիշեցրեց, որ վաղն Ադրբեջանին է հանձնվելու Քարվաճառը.
«Մենք վաղը լուռ ենք մնալու, մենք վաղը սգալու ենք: Բայց դա չի նշանակում որ մենք չենք ասելու մեր խոսքը: Մեզ որևէ մեկը չի լռեցնելու»,- ասաց Տոնոյանը: