Ո՞ւմ պետք է դիմեն Լոռու մարզում գտնվող արցախցիները՝ սննդի, հագուստի հարցով
Լոռու մարզի Ջրաշեն գյուղում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի ընտանիքն օգնության կարիք ունի․ անհրաժեշտ է կաթի փոշի, տակդիր, հագուստ, տաքացուցիչ, վերմակ, ներքնակ։ Ընտանիքի մոր՝ Լիլյա Պետրոսյանի փոխանցմամբ՝ իրենք օրեր առաջ դիմել են Լոռու սոցիալական ապահովության տարածքային բաժին, սակայն ասել են՝ սպասեք։
«Մասնագիտությամբ խոհարար եմ, եթե լինի աշխատանքի առաջարկ՝ անպայման կաշխատեմ ու կփորձեմ հոգալ ընտանիքի կարիքները։ Սպասում եմ այն օրվան, երբ կկարողանանք վերադառնալ Արցախ։ Մենք ոչ մի բան թշնամուն չենք տալու կամ թողնելու»,- նշեց տիկին Լիլյան։
Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Աննա Գասպարյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ մարզպետարանում պատերազմի առաջին իսկ օրվանից ձևավորվել է Լոռու մարզի համակարգման կենտրոն՝ փոխմարզպետի գլխավորությամբ, և բոլոր համայնքները ներկայացնում են մարդկանց կարիքները, ու բոլոր ընտանիքների համար փորձ է արվում լուծել խնդիրները։
«Մինչ այս պահը դժգոհություններ չեն եղել։ Եթե տվյալ ընտանիքը խնդիր ունի, ապա դրա մասին չի իրազեկվել մեզ։ Սնունդի, դեղորայքի, հագուստի համար կարելի է դիմել Նարինե Ղազարյանին՝ 098599377 հեռախոսահամարով։ Կենտրոնն աշխատում է շուրջօրյա ռեժիմով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետը։
Նրա փոխանցմամբ՝ Լոռու համակարգման կենտրոնը շարունակում է համագործակցել տարբեր հասարակական կազմակերպությունների և անհատների հետ՝ նպատակ ունենալով արցախցի ընտանիքներին ապահովել հնարավոր բոլոր միջոցներով՝ հագուստ, սնունդ, առաջնային անհրաժեշտության պարագաներ: Որոշ ընտանիքների տրամադրվել է նաև ֆինանսական աջակցություն: