«Նիկոլ Փաշինյանը պատմության, հայ ժողովրդի առաջ պետք է պատասխան տա». Գևորգ Պետրոսյան
«Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաք-երթի մասնակիցներն այս պահին Ազատության հրապարակում են, նրանք Մատենադարանից երթով գնացին ԱԱԾ շենքի մոտ, այնուհետև եկան Ազատության հրապարակ, որտեղ էլ շարունակում են հանրահավաքը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը դիմելով հավաքի մասնակիցներին՝ հայտարարեց, որ սա քաղաքական, կուսակցական պայքար չէ։
«Այստեղ քաղաքական դիվիդենտներ հավաքելու խնդիր չէ, այստեղ հայրենիքի, պետականության պահպանության խնդիրն է։ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարաման առաջին օրվանից մի թեզ դրեց շրջանառության մեջ, թե Հայաստանում սուտը պետք է բացառվի, արա ամենամեծ ստախոսը դու ես։ Ինքն ի՞նչ ասեց, որ իբր զրոյական կետից է շարունակում բանակցությունները, առանց ամաչելու ասաց, որ այնպես պետք է անել, որ Արցախի հարցի լուծումն ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, բայց այսօր նա այդ հարցը լուծեց բացառապես Ադրբեջանի շահերից ելնելով»,- նշեց պատգամավորը։
Ըստ Գևորգ Պետրոսյանի, նույնիսկ այդ պայմաններում վարչապետն ամոթ չունի և ժողովրդին սպառնում է։
Նա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի նախկինում արած հայտարարությունը, որ Հայաստանում 3 մլն վարչապետ կա։
«Նիկոլ Փաշինյանը պատմության, հայ ժողովրդի առաջ պետք է պատասխան տա։ Հիմա իր ուզածն ինչ է, պետք է 3 միլիոն մարդ հավաքվի՝ նո՞ր հրաժարական տա, հիմա այսքա՞ն մարդ է իրեն ձայն տվել, նա իրավունք չունի 3 միլիոն մարդու անունից խոսել»,- շեշտեց նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ: