«Կարծում եմ՝ այս ամեն ինչը կատարվել է նրա համար, որ այս հանձնման պատասխանատվությունը գցի իր վրայից». Արմեն Ռուստամյան

«Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաք-երթի ժամանակ, որը մեկնարկել էր Մատենադարանի մոտ, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի՝ ասուլիսում արված այն հայտարարությանը, թե Հայաստանի ընդդիմությունը փորձում է շահարկումներ անել Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների շրջանակում։

«Ես չեմ կարծում, որ Լավրովը հատկապես մեզ նկատի ունի, որովհետև մենք միշտ էլ եղել ենք ջատագովը Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների, մենք միշտ էլ համարել ենք, որ Ռուսաստանի հետ  միասին է պետք նաև մեր ազգային-պետական շահերը պաշտպանել,  մենք հիմա էլ ենք դա պնդում:

Այն, ինչը, որ մեզ հարցնում են՝ Ռուսական միջնորդական առաքելության ներկայության մասին՝ մենք միշտ էլ դրան կողմ ենք եղել, որ ՌԴ-ի ուղղակի անմիջական մասնակցությամբ անվտանգությունը կարողանանք երաշխավորել:

Մենք միշտ դա պնդել ենք, բայց լուծումը մենք պատկերացրել ենք փաթեթի մեջ, որը ենթադրում է, որ այդ ամենը կատարելով՝ ստանանք այն կարգավիճակը, որին ձգտել ենք մինչև հիմա: Մենք այսօր ի՞նչ ենք արել»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում արված հավաստիացումներին, թե լուծումը պետք է բավարարեր երեք կողմերին ու արդեն ձեռք բերված պայմանավորվածությանը, ՀՅԴ անդամը նշեց.

«Այդ հարցերը, որ տվել է «Իմ քայլը»… այսինքն՝ «Էդ քայլը» իբր թե նոր հասկացա՞վ, որ էդ խնդիրները կան: Բայց փաթեթի մաս են դրանք, եթե դու կորցրեցիր փաթեթով հարցը լուծելը, դու կորցնում ես այն փոխզիջման հնարավորությունը, որով դու ես ինչ-որ բան ստանում. մենք այստեղ մի բան ստանո՞ւմ ենք:

Նիկոլ, մեծ-մեծ հայտարարում էր՝ այնպիսի լուծում պետք է լինի, որ բավարարի Ադրբեջանին, Հայաստանին, Ղարաբաղին.  այստեղ միայն Ադրբեջանին բավարարելու լուծում կա: Միայն Ադրբեջանին բավարարելու»:

Լրագրողի դիտարկմանը, թե տրանսպորտային հանգույցներն են բացվում, նա արձագանքեց.

«Տրանսպորտային հանգույցներն ի՞նչ գնով. դա միշտ էլ կար, էդ բա մինչև հիմա ինչի նախորդ իշխանությունները այս բաները չէին հասկանո՞ւմ:

Այս մարդիկ այս հաղթանակի գինը չգիտեն, որովհետև այս հաղթանակի մեջ մասնակցություն չունեն: Այս իշխանությունն այս հաղթանակը ձե՞ռք է բերել, որ այսպես հեշտությամբ  հրաժարվում է այդ ամեն ինչից. այո՛, ձեռք չբերողը  հեշտությամբ կհրաժարվի»:

Ի պատասխան հարցին, թե իրենց պահանջը չկատարելու՝ հրաժարական չտալու դեպքում, ի՞նչ այլընտրանքային մեխանիզմներ կան իշխանությունն իրենց ձեռքից վերցնելու, Արմեն Ռուստամյանը շեշտեց, որ մտադիր են հանգուցալուծմանը հասնել խաղաղ-անցնցում և Սահմանադրական  ճանապարհով.

«Ես ասեցի՝ անհրաժեշտությունը բոլորը կամաց-կամաց հասկանալու են, ինքն էլ է ասում՝ շատ վատ փաստաթուղթ է, չէ՞ :

Դե լավ, էս վատ փաստաթուղթը, որը դու ես ստորագրել, էն էլ՝ մեր բոլորի թիկունքում, որի իրավունքը չես ունեցել, սա ուղղակի իշխանազանցության օրինակ է: Այսօր բոլորին բանտարկում է, բայց հիմնական մեղավորը, որ պետք է բանտարկվի, ինքն է: Ինքն է ինքնաիրավչություն արել, ինքն է  գերազանցել իր իշխանությունը, այսինքն՝ այս ամենը անողը հիմա եկել է, բանտերը լցնում է իր ընդդիմադիրներով:

Հետո  ինքը հայտարարում է՝  ես մտածում եմ նաև հանրահավաք կազմակերպելու մասին.  բա էդ իրեն ինչի՞ չեն բռնում: Այս մարդն իրեն դրել է ամեն ինչից վեր, իրեն ամեն ինչ կարելի է: Այսօրվա մեր հանրահավաքն իբր արգելված է… Այն ժամանակ էլ արգելված հսկայական գործընթացներ կային, չէ՞, փակում էին փողոցները, մտնում էին ռադիոտուն, բայց դա իրեն կարելի էր, որովհետև ինքը ժողովրդի մունետիկն էր, ժողովրդի մարմնավորումն էր, իսկ սա ժողովուրդ չի՞ :

Այս ժողովուրդն այդ ամեն ինչը սիրահոժար ընդունե՞լ է, դու ժողովրդին հարցրե՞լ ես՝ էս բաները գնաս-ստորագրե՞ս, թե՞ չէ:

Մենք ապրում ենք ծուռ հայելիների աշխարհում. այսքան ժամանակ խաբել են և այս սուտն անընդհատ գցել մեր բոլորի բերանը, կուլ ենք տվել: Հիմա ինքը սովորել է դրան. իրեն թվում է՝ շատ սիրուն լայվ կանի, ճամարտակի, հռետորաբանությունը պակաս չի իր մոտ,  ու դրանով հարցը լուծեց, վերջ, և ինչքա՞ն կարելի է այդ թմբիրի մեջ ապրել»:

Ըստ ՀՅԴ անդամի՝ առկա է լրջագույն խնդիր, որը ենթադրում է նաև երկարատև պայքար. «Ես հասկացա, որ այս մարդը չի կարողանում ադեկվատ գնահատել իրավիճակը, նա Ղարաբաղի պատերազմը տեղափոխում է Հայաստան:  Ինքն այսօր նույն բանն է անում, որով մենք պատերազմը պարտվել ենք, մենք պատերազմը պարտվելուց առաց ջլատվեցինք՝ սևերի-սպիտակների, ինչ բաժանումներ ասես արեցինք՝ հետո համախմբումից ենք խոսում. ի՞նչ համախմբում, դու արդեն այնպես էիր ջլատել էս ազգին, որ համախմբման տեղ չէիր թողել:  Դու համախմբողը չէիր: Հիմա էլ նորից շարունակում է նույն թույնն ու թարախը, որ հիմա էլ տեղափոխվի այստեղ»:

Արմեն Ռուստամյանը նաև մի քանի դրվագներ նշեց պատերազմի ականատեսների պատմածներից. «Այս ոստիկանները, որոնք այսքան բրոնեժիլետով եկել-այստեղ կանգնել են. ես ունեմ առաջին գծից մարդիկ, որոնք  առանց բրոնեժիլետի գնացել են Շուշին պաշտպանելու, բեկորային վիրավորում են ստացել: Միայն էն պատճառով, որ ոչ կասկա են ունեցել, ոչ բրոնեժիլետ: Որ ասել են՝ գնացեք նորից գրոհի, ասում է՝ ես գնամ նորից գրոհի, ինձ կասկա ու բրոնեժիլետ է պետք,  ասել են՝ գնացեք դիակների վրայից հանեք.  սրանք բոլորը փաստեր են, դուք շատ բաներ չգիտեք»:

Այս ամեն ինչը հանրությանը հասանելի է դառնում, ողբ է լինելու, որ դուք պատկերացնեք, թե ինչ է կատարվել այնտեղ: Էդ թափթփվածության մեղավորն առաջին հերթին ինքն է:

Ինքը եկել-հայտարարում է՝ համ պետականություն ունենք, համ պետական բանակ ունենք, հետո էլ ասում է՝ գնացեք երեսուն հոգով՝ մարզպետը, համայնքապետը, ջոկատներ ստեղծեք, գնացեք: Այսինքն՝ մենք ջոկատներից բանակ էինք ստեղծել, էս մարդը եկել է քանդում է, հետ է տանում, բանակից սարքում է ջոկատներ»:

Հարցին, թե ինչ պատճառով է ստեղծվել նման իրավիճակ՝  ՀՅԴ անդամը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ այս ամեն ինչը կատարվել է նրա համար, որ այս հանձնման պատասխանատվությունը գցի իր վրայից. էս մարդը ուրիշ բան չի քնում-զարթնում-մտածում:

Ինքն ի՞նչ է ասում՝ լավ չկռվեցիք, սենց բաներ եղան, խնդիրներ եղան, բանակն էր վատ, թափթփված էր. բայց գերագույն գլխավոր հրամանատարն ո՞վ էր: Այն ժամանակ, երբ հրամաններ էր տալիս, ասում էր՝ ես գերագույն գլխավոր հրամանատարն եմ՝ ոնց ասեմ, ըտենց արեք, բայց գերագույն գլխավոր հրամանատարը նաև պարտության պատասխանատուն է, չէ՞:

Ինքը չի ուզում պարտության պատասխանատու լինել, ասում է՝ նախկինների մեջ փնտրեք. պարզվում՝ Գագիկ Ծառուկյանը չի պաշտպանել Շուշին, դրա համար են Շուշին հանձնել. էս աբսուրդներով կարելի՞ է ապրել, լավ:

Գոնե Դաշնակցությանը չեն կարող նման բան ասել. առաջին պահից մեր վաշտերն այնտեղ են, մինչև հիմա այնտեղ են: Այդ մարդիկ լացում էին, որ իմացան՝ իրենց թիկունքում բան է ստորագրվել, անձնուրաց կռիվ էին տալիս, ու մինչև հիմա չեն հավատում, որ այս բաները եղել են»:

Տեսանյութեր

Լրահոս