«Խաբեբա, 40 օր շարունակ ժողովրդին կերակրում էիր կեղծ հաղթելու կարգախոսներով». Խաչիկ Գալստյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, քաղաքական գիտությունների դոկտոր Խաչիկ Գալստյանն այսօր «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաք-երթի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը վտանգի մեջ է, իսկ Արցախ աշխարհի գոյությունը՝ վտանգված։

«Փողոցով իշխանության եկած դավադիր խաբեբան ժողովրդի թիկունքում ստորագրել է ստորացուցիչ համաձայնություն, Նիկոլ Փաշինյանը խաբել է մի ողջ ժողովրդի, տվել է հազարավոր զոհեր։ Հազարավոր մայրեր լացակումած են, հազարավոր կանայք այրիացած են, հազարավոր երեխաներ որբացած են։ Նիկոլ Փաշինյան, դու հանձնել ես Արցախը, դու քանդել ես Արցախի ծաղկուն շեները, դու կոտրել ես հայի մեջքը, թողել ես հայի սրբության սրբոցները։ Խաբեբա, 40 օր շարունակ քո ֆեյսբուքյան հարթակներով ժողովրդին կերակրում էիր կեղծ հաղթելու կարգախոսներով, ու հանկարծ մի գիշերվա մեջ պարզվեց, որ մենք տվել ենք Արցախը, որ մենք կքում ենք թշնամու ոսոխի լծի տակ»,- նշեց Խաչիկ Գալստյանը։

Նա հայտարարեց, որ հայը երբեք ծնկի չի գալու, երբեք թուրքին չի հանձնվելու, և եթե համախմբվեն, ապա բոլորով միասին կարող են շրջել հայոց պատմության խայտառակ էջը։

«Եվ ուրեմն, բոլորով միասին չենք հանձնում Շուշին, բոլորով միասին կանգնում ենք և իշխանությունից հեռացնում ենք Նեռի վաստակ Նիկոլ Փաշինյանին»,- հավելեց Խաչիկ Գալստյանը։

Հավաքվածները նրա խոսքն ընդհատեցին՝ վանկարկելով՝ դավաճան հեռացիր։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։

Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Տեսանյութեր

Լրահոս