«Կորոնավիրուսի կրկնավարակի՝ գիտական հոդվածներով հանրությանը ներկայացված դեպքերը բոլորը պայմանավորվում են նոր շտամով». Համաճարակաբան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսի կրկնավարակի 343 դեպք է գրանցվել: Համաճարակաբան Արման Բադալյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ աշխարհում նման դեպքեր գրանցվել են, սակայն ուսումնասիրված և հանրությանը գիտականորեն ներկայացված դեպքերը քիչ են:
«Միջազգային մակարդակով դեռ ամիսներ առաջ Հարավային Կորեայից սկսվեց այդ պատմությունը, երբ կրկնավարակի լուրը տարածվեց: Հետո տեսան, որ երկրորդային դեպքեր չեն տարածվում, ում մոտ որ հաստատվել էր, երևի ավելի շատ լաբորատոր խնդիրներ էր, նմուշառման խնդիր կար երևի, այդ ժամանակ Հայաստանում էլ ասացին, որ կա, հենց այդտեղից էլ աղմուկը սկսվեց: Բայց այն ժամանակ հատուկենտ, մի քանի դեպքեր էին: Ասացին, որ ընդհանուր հետազոտվում է, բավականին մանրակրկիտ ուսումնասիրվում է, որովհետև քիչ են դեպքերը: Արսեն Թորոսյանի հայտարարությունից ստացվում է, որ բավականին շատ ունենք՝ 343 դեպք: Այսօրվա ընդհանուր մոտեցումներից ելնելով՝ կրկնավարակը հիմնականում պայմանավորվում է նրանով, որ վիրուսի այլ շտամներ են ձևավորվում, այլ տեսակներ: Վիրուսը հիմնականում երկու «նախահայրեր» ունի՝ լինիաներ ենք ասում՝ A և B, իսկ B-ից մի քանի այլ տեսակներ էլ են առաջանում՝ D, G, GR, GH և այլն, մի 5-6 տեսակներ են, որոնք վիրուսի նոր ձևեր են: Աշխարհում գրանցված, այսինքն՝ մանրամասն ուսումնասիրված դեպքերը, որոնք ամեն դեպքում հանրությանը ներկայացվել են գիտական հոդվածների և այլնի ձևով, բոլորը պայմանավորվում են նոր շտամով: Հայաստանյան այս 343 դեպքերը արդյոք այդքան ուսումնասիրվե՞լ են, թե՞ չէ, մեծ հաշվով մեզ մոտ ո՞ր շտամն է, կամ ի՞նչ շտամի փոփոխություն է եղել, եթե եղել է, ես կդժվարանամ ասել, որովհետև դրանք իրար հետ փոխկապակցված պետք է լինեն, այսինքն՝ դու գիտես՝ ինչ շտամ է, փոխվել է, թե չէ, և այդ կրկնավարակումը արդյոք նո՞ր շտամով է, թե՞ ոչ: Այդպիսի տվյալներ մեզ մոտ, ես կարծում եմ՝ չի լինի: Միգուցե առաջին մի քանիսն ուսումնասիրվել է մանրամասն, բայց թե դրանից հետո ի՞նչ եզրահանգումների են եկել, ո՞րն էր շրջանառվում, կարծում եմ՝ նման տվյալներ չկան: Ամեն դեպքում, միջազգային մոտեցումներից ելնելով՝ կարևորում եմ այն փաստը, որ այլ շտամ է գործում»,- ասաց Բադալյանը:
Համաճարակաբանը հավանական համարեց, որ կրկնավարակի դեպքերը կարող են պայմանավորված լինել նաև նախնական սխալ ախտորոշմամբ: Այսինքն՝ հնարավոր է, որ առաջին անգամ թեստավորվելիս, թեստը սխալ արդյունք է ցույց տվել:
«Հնարավոր է, որովհետև բոլոր թեստերը կեղծ դրականի և կեղծ բացասականի այդ տոկոսն ունեն, ոչ մեկն այդ թեստերից ոչ 100 տոկոս զգայուն է, ոչ սպեցիֆիկ է: Զգայունությունը նշանակում է, որ իսկական հիվանդին դու ասում ես, որ դու հիվանդ ես, իսկ սպեցիֆիկությունը՝ ոչ հիվանդին դու հաստատում ես, որ ինքն իրոք հիվանդ չէ: Այս երկու տեսանկյունից թեստերը, նույն ՊՇՌ թեստը կաղում է, ունի իր տոկոսը կեղծ դրական կամ բացասական արդյունք ցույց տալու: Այնպես որ, հնարավոր է, որ դա էլ լինի այստեղ: Բնականաբար, ես Հարավային Կորեայի օրինակով էլ ասացի, որ կա խնդիր նաև լաբորատոր թեստի և նմուշառման»,- ասաց Բադալյանը:
Համաճարակաբանը նշեց, որ հանրությանը ներկայացված կրկնավարակի դեպքերը շատ չեն, քանի որ դժվար է հստակ ապացուցել՝ դա կրկնավարակ է, թե՞ սխալ թեստավորում:
«Մանրակրկիտ հետազոտելը հեշտ չէ, պետք է նայես ամբողջ խրոնոլոգիան՝ սկզբից մինչև վերջ, կլինիկորեն դրսևորումներով, լաբորատոր թեստերով, ինչքանո՞վ է ինքը վերահաստատվել, վերիֆիկացիա եղել: Ամբողջ ճանապարհը պետք է ուսումնասիրես, հետո աշխարհին հայտարարես, որ չէ, այստեղ տարբեր շտամների հետ գործ ունենք: Բարդ գործընթաց է, հեշտ չէ, բայց չեմ կարծում, որ մեզ մոտ դա արած լինեն»,- ասաց համաճարակաբանը:
Մեր հարցին, թե կրկնավարակի դեպքում հիվանդը նույն կե՞րպ է արձագանքում վիրուսին, թե՞ ավելի ծանր է տանում, Արման Բադալյանը պատասխանեց, որ դա շատ անհատական է և հստակ ասելու համար՝ հիվանդը ծա՞նր է տանում, թե՞ թեթև, ուսումնասիրված դեպքերի բազան պետք է մեծ լինի:
«Դեռ վաղ է այս մասին խոսել: Նոր տեսակների դեպքում էլ կարող է տարբերություն լինել: Համ դեպքերը պետք է շատ ուսումնասիրվեն, համ հասկանաս, թե ո՞ր շտամով է: Այդ ամենը պետք է լինի շատ լիարժեք, որ կարողանաս ասել՝ այս շտամով կրկնավարակն ավելի ծանր է, այն մյուսով՝ ավելի թեթև: Մեծ գիտական բազա պետք է լինի, բայց դա ավելի ուշ կլինի»,- ասաց Բադալյանը:
Իսկ իրապես կորոնավիրուսով վարակված և բուժված մարդը որքա՞ն ժամանակ կարող է վստահ լինել, որ այլևս չի վարակվի: Համաճարակաբանի խոսքով՝ ըստ այժմյան ուղեցույցների՝ մինչև 3 ամիս կրկնավարակի դեպք չպետք է գրանցվի:
«Ամերիկյան ուղեցույցով՝ մինչև 3 ամիս, ամեն դեպքում մինչև 3 ամիս թեստավորման խնդիր չի դրվում, բացառությամբ այն դեպքի, երբ բուժող բժիշկը, անհատական մոտեցում ցուցաբերելով, համոզվում է, ներքին համոզմունք ունի բժիշկը, որոշել է, որ պետք է թեստավորել: Հակառակ դեպքում՝ մինչև 3 ամիս, որպես օրենք, խորհուրդ չի տրվում թեստավորել: 3 ամիս անց եթե ունեցար կլինիկա, կարող է մարդը գնալ, կամ բժիշկը խորհուրդ տա, որ եկեք թեստավորենք: Մինչև 3 ամիս, մեծ հաշվով, չպետք է կրկնավարակ լինի, բայց սա այն դեպքում, եթե նախնական լաբորատոր թեստերը ճշգրիտ են եղել»,- ասաց Բադալյանը: