Ռուսները Ստեփանակերտ գնում են սեփական շահերի ետևից, մենք խուսափում ենք Անդրկովկասում թուրքական ամրապնդումից․ Տարասով

«Եռակողմ համաձայնությամբ դադարեցվում է արյունահեղությունը, ու դա կապիտուլյացիա չէ»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ խոսելով նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տարածած հայտարարությունից։

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այն հանգամանքը, որ ՌԴ միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ համաձայնությունը քաղաքական ճգնաժամ է առաջացրել Հայաստանում, և ի՞նչ վտանգներ է տեսնում դրանում, նա պատասխանեց, որ որևէ վտանգ չի տեսնում, և, որ այս համաձայնությամբ դադարեցվում է արյունահեղությունը։ Նրա որակմամբ՝ ռուսները փրկում են Ղարաբաղի հայերին։

«Ռուսներն արդեն Ստեփանակերտում են, սա ամենակարևորն է։ Երևանը չկարողացավ պաշտպանել Ղարաբաղի հայերին, մենք չէինք կարող թույլ տալ, որպեսզի նրանց վերացնեին թուրքերն ու ադրբեջանցիները։ Մենք փորձեցինք թույլ չտալ թուրքերին Անդրկովկաս ներխուժել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դեռ չի կարող բացահայտել դետալներ այդ համաձայնության ստորագրման հետ կապված՝ ասելով, որ մոտ ապագայում կասի այդ մասին․ սպասելու ենք, դա շատ հետաքրքիր է»,- ասաց Տարասովը։

Տարասովի խոսքով, իրավիճակը հետևյալ պատկերն ունի՝ Ալիևը հանդես եկավ հաղթողի դերում, նա տոնում է դա, դա փաստ է, Փաշինյանը հանդես եկավ՝ որպես, որպես մարդ, ով հանձնեց շրջաններ, դա փաստ է, և հայտնվում են խաղաղապահներ և, ինչպես պարզվում է, դա համաձայնեցված է ԵԱՀԿ ՄԽ-ի հետ, և ո՛չ ամերիկացիները, ո՛չ ֆրանսիացիները չեն ցանկանում պատերազմել Ղարաբաղում, բացի ռուսներից։

«Իսկ ռուսներն այնտեղ գնում են սեփական շահերի ետևից։ Մենք խուսափում ենք Անդրկովկասում թուրքական ամրապնդումից, հնարավոր են զարգացումներ Ադրբեջանում, Իրանում, իսկ եթե անկեղծ՝ Գյումրիից հետո ռուսական կորպուսի ներկայությունը Ստեփանակերտում Ռուսաստանի դիրքերի ամրապնդում է։ Իսկ ում դուր չի գալիս, ով արևմտամետ է՝ կա՛մ թող սպասեն, կա՛մ վերցնեն ավտոմատները և գնան պատերազմեն։ Պետք չէ գրոհել խորհրդարանը և այլն, պետք է կարողանալ պատերազմել ու ճիշտ քաղաքականություն կառուցել»,- ասաց Տարասովը։

Նա նաև քննադատեց ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունները, թեև նաև ասաց, որ հայերն ընտրել են Փաշինյանին և կրում են կորուստներ այդ ղեկավարի սխալների պատճառով։

Տարասովն ասաց, որ իրենք քննադատում են ՀՀ բոլոր ղեկավարներին՝ Քոչարյանին, Սարգսյանին և այլն։ Սակայն, նրա որակմամբ, Փաշինյանին ժառանգություն էր հասել ստատուս-քվո և շրջաններ, ու նա հասավ նման համաձայնագրի ստորագրման։

«Բայց սա կարելի էր անել դիվանագիտությամբ՝ առանց զոհերի»,- նման կարծիք հայտնեց Տարասովը։

«Բայց ցավալի է Շուշիի կորուստը»,- ասաց Տարասովը։

«Այն տարածքներ, որտեղ ռուս խաղաղապահներ կմտնեն, այլևս երբեք չեն լինի Ադրբեջանի կազմում, դա պլյուս է, և այդ տարածքներ փախստականների մուտքն անպատկերացնելի է։ Որոշ ժամանակ անց կա՛մ Ադրբեջանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը, կա՛մ որպես Հայաստանի ինքնավար մարզ։ Փախստականները կվերադառնան հիմնականում գրավված անապատային հատվածներ, իսկ մյուս հատվածները՝ բացառում եմ»,- ասաց Տարասովը։

Նա նաև անդրադարձավ համացանցում քննարկվող տեղեկություններին, թե Ղարաբաղում թուրք խաղաղապահներ են տեղակայվելու՝ ասելով, որ սա եռակողմ համաձայնագիր է, և նման կոնկրետ գործողություն չի նախատեսվում կարգավորման այս գործընթացի շրջանակում։

Տեսանյութեր

Լրահոս