
«907-րդ հոդվածին պետք է նորից իրավական ուժ հաղորդել». Սուրեն Սարգսյան

Երբ ԱՄՆ ընտրությունների ելքն արդեն պարզ էր, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր զանգահարել Բայդենին, շնորհավորել և ներկայացնել իրավիճակն Արցախում:
«Վարչապետին առաջարկում եմ զանգահարել Բայդենին, շնորհավորել և ներկայացնել իրավիճակն Արցախում:
Թող հասկանան հարցի լրջությունը:
Ինքներդ գիտեք, թե ում միջոցով կապվեք, որ արագ լինի: Պետք է խնդրել Բայդենին վերահաստատել 907-րդ բանաձևը վերականգնելու և Ադրբեջանին ռազմական օգնություն չտրամադրելու վերաբերյալ իր դիրքորոշումը: Պետք է ողջունել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու Կոնգրեսի ՆՊ-ի երկկուսակցական ջանքերը (ներքաղաքական կոնտեքստը նա կհասկանա): Ու մի կարևոր բան էլ: Թրամփը դեռ նախագահ ա մինչ հունվարի 20-ը:
Հ.Գ. Նախկին-ներկա չանեք: Նախկինները Բայդենի/Օբամայի ու դեմոկրատների հետ աշխատանքի լավ փորձ ու լավ կապեր ունեն: Հանուն գործի օգտագործեք»:
Ավելի ուշ եղան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձները՝ ուղղված Միացյալ Նահանգների 46-րդ նախագահ Ջո Բայդենին:
Ի պատասխան 168.am-ի հարցին, թե որքանո՞վ է իրատեսական հակաադրբեջանական 907-րդ բանաձևի վերականգնումը, Սուրեն Սարգսյանը նախ հիշեցրեց այդ բանաձևի էությունը.
«907-րդ բանաձևը վերաբերում է Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին օգնություն տրամադրելուն: Օրենքը՝ «Ազատության աջակցության ակտը», ընդունվել է 1992 թ. և մինչև 2001 թ. սեպտեմբերի 11-ի իրադարձություններն այս հոդվածը գործել է:
Հիմա՝ 907-րդ բանաձևի վերականգնումը, որի մասին խոսել է Բայդենը, դրա մասին բազմիցս է խոսվել և միշտ էլ ասվել է, որ այս հոդվածին պետք է նորից իրավական ուժ հաղորդել, որպեսզի կարողանանք պայքարել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին զենք տրամադրելու և ընդհանրապես աջակցություն տրամադրելու դեմ:
Սա մեր մշտական առաջնահերթություններից պետք է լինի՝ անկախ ադմինիստրացիայից, անկախ մեր կառավարությունից և անկախ մնացած պրոցեսներից»:
Միջազգայնագետը հավելեց, որ այսօր դա մեր իշխանությունների, մեր համայնքի, մեր լոբբիստների համար պետք է լինի թիվ մեկ խնդիրը. «Սա նախ պետք է առաջնահերթություն լինի մեր Սփյուռքի, լոբբիստների, մեր կազմակերպությունների և համայնքի համար, և երկրորդիվ՝ կարևոր առաջնահերթություն մեր արտաքին քաղաքականության համար՝ բոլոր ուղղություններով՝ ոչ միայն Արտաքին գործերի նախարարության, այլ նաև՝ պառլամենտական դիվանագիտության և դիվանագիտության մնացած բոլոր հայտնի ձևերի»: