Օրագիր խրամատից, որն անավարտ մնաց. Banak.info
Պահեստազորի սպա, ավագ լեյտենանտ Գևորգ Արշակյանը Banak.info-ի հետ համատեղ ներկայացնելու էր ակնարկների շարք, որտեղ պատմելու էր իր ընկերների քաջագործությունների մասին մարտի դաշտից, խրամատից ու հիշողություններում պահած իր մարտական անմահացած ընկերների սխրանքներից: Իսկ այսօր ընկերները իր մասին են պատմում. Գևին, երբ հարցնում էինք ինչպես ես, միշտ ասում էր՝ ֆանտաստիկ:
Գևորգի առաջին ակնարկը, որը նրա անմահացած ընկերոջ՝ Գևորգ Կիրակոսյանի մասին էր, այդպես էլ հրապարակված չտեսավ ավագ լեյտենանտ Արշակյանը: Ստորև ներկայացնում ենք անմահացած հերոս Գևորգ Արշակյանի ակնարկը անմահացած հերոս Գևորգ Կիրակոսյանի մասին առանց խմբագրման:
«Դու համազգեստով ալկոհոլ չէիր օգտագործում, ես էլ, բայց կենացդ համազգեստով եմ խմելու»
-Ընկերներս եկել էին։
-Ապրեն, գիտեմ, որ քեզ մենակ թողնող չկա։
-Տարա հետ ճամփեցի։
-Վայ, մենակ դու տենց բան կանես, Գև։
Գևին տեսա մեր այս խոսակցությունից մի քանի օր հետո։ Տեսա այնտեղ, որտեղ բոլորը մի փոքր շունչ էին քաշում ու իրար նայում։ Էս հայացքները աշխարհի ոչ մի տեղում, ոչ մի գրքում, ֆիլմում, ոչ մի մոլորակի վրա չեք տեսել. ես էլ չէի տեսել։ Երբեք այդքան փոշոտ, հողոտ հայացքները չեն լինում այդքան մաքուր ու ջինջ, չեն լինում ժպիտով ու կարոտով։
-Եկե՞լ ես…
Սա այն խոսքն է, որ տալիս են քեզ ինքնամոռաց գրկելուց հետո։ Կյանքիս ընթացքում ոչ ոք ինձ այդպես պինդ չէր գրկել ու չէր կարոտել, ինչպես զինվորներս։ Ու էդ պահին հասկացա, որ ես էլ իրենց։ Ինչ-որ մի պահի աչքերդ սկսում են չհավատալ նրան, ինչ տեսնում են, բայց հենց այդ պահին է, որ հասկանում ես` ինչի ես ծնվել Հայ։ Հենց այդ պահին է, որ նայում ես Գևին ու հասկանում, թե ինչ էր ուզում բացատրել, երբ ասում էր, որ վաշտից ոչ զոհ կա, ոչ վիրավոր։
-Ուժեղ ենք, չէ՞։
– Ուժեղ չէ, շատ ուժեղ, անհավատալի հզոր եք։
Արդեն պիտի մթներ, երբ Գևը ասաց, որ գնում է։ Եթե իմանայի…բայց չէ, չէի կարող մտածել։ Գրկեցի ու գնաց Գևը։ Գնաց, իսկ ես սկսեցի հիշել էն առաջին օրը, որ եկել էր մեր զորամաս։ Նոր էր դարձել սպա, նոր էր դարձել հրամանատար։ Այդ պահին համեմատում էի ու հասկանում, որ մեկ տարվա մեջ ոնց էր փոխվել, ավելի հասուն, ավելի կայացած էր դարձել։ Օրը մթնեց ու հասկացա, որ պատերազմը շարունակվում է, պիտի պայքարել, կռվել ու հաղթել։
-Բարի լույս, ասում են հնարավոր է` հրադադար լինի։
-Չհավատաս։
Երբ ուզում ես մտածես, թե կլինի՞ արդյոք, հնարավոր է պահել դա լինելու դեպքում, թե ոչ, այդ պահին լսում ես, որ չկա…Գևը։ Ու լռություն է տիրում։ Կյանքդ տակնուվրա է լինում, ուզում ես հասկանաս ինչ-որ բաներ, բայց չի ստացվում։ Այդ պահին է, որ զգում ես գիտությունը կամ այն, ինչ սովորել ես դպրոցից մինչև համալսարան մի պահ դառնում է սուտ, փիլիսոփայությունը չի կարողանում օգնել, որովհետև Գևը անմահացավ։
Հիշում եմ՝ պայմանավորվել էինք ծառայությունից հետո հանդիպել ու մի լավ փիլիսոփայել այս կյանքի մասին, որովհետև երկուսս էլ սիրում էինք դա անել։ Դու համազգեստով ալկոհոլ չէիր օգտագործում, ես էլ։ Բայց կենացդ համազգեստով եմ խմելու։
-Ընկերներիս հետ եմ ճամփել։ Լավ եմ արել, չէ՞։ Լավ ես արել, Գև, դու կյանքում ամեն ինչ ճիշտ ես արել, պարոն լեյտենանտ։
Գևորգ Արշակյան