«Միջազգային իրավունքի խախտողն Ադրբեջանն է, ագրեսորն Ադրբեջանն է, բայց ինքն է, փաստորեն, բանաձև մտցնում Գլխավոր ասամբլեա: Սխալ իրականության մեջ ենք». Տարոն Սիմոնյան
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2020 թվականի դեկտեմբերի 14-ի լիագումար նիստի օրակարգում է ընդգրվել պրոադրբեջանական բանաձևի նախագիծ, որը հեղինակները վերնագրել են՝ «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում»:
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի դեկտեմբերյան լիագումար նիստի օրակարգում պրոադրբեջանական բանաձևի ընդգրկման մասին երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր նաև ԱԺ «լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանը:
«Լավ, ինչքա՞ն պիտի ասենք, էլ ո՞նց պիտի ասենք, որ ինչքան դիվանագիտությունն ու իրավունքը ցածր ու անվստահ են խոսում, այդքան հրանոթներն են բարձր հնչում»,- գրել էր Սիմոնյանը:
Պատգամավորից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ քայլեր կարող ենք անել այս փուլում, որպեսզի թույլ չտանք բանաձևի ընդունումը:
«Լուրջ աշխատանք պետք է տարվի: Նախ՝ այդպիսի օրակարգային հարց Ադրբեջանը կարծես թե 2008 թվականից ամեն տարի ընդգրկում է այդ օրակարգում: Բայց այս տարի առանձնահատուկ է: Այս տարի առանձնահատուկ է, որովհետև այս տարի մենք պատերազմ ունենք, այս տարի մենք ունենք Գլխավոր ասամբլեայի նախագահ, ով որ թուրք է ու հայտնի է Հայոց ցեղասպանությունը հերքելու իր քաղաքականությամբ, և այս պայմաններում մեր ջանքերը պետք է բազմապատկվի և եռապատկվի: Մենք լուրջ աշխատանք պետք է տանենք անդամ պետություների հետ, անհատապես պետք է խոսենք պատվիրակների հետ, ներկայացնենք իրականությունը և կոչ անենք նրանց, որ հանկարծ ու հանկարծ նման բանաձևեր չընդունվեն Գլխավոր ասամբլեայում: Իսկ այդպիսի բանաձևեր նախկինում ընդունվել են մի քանի անգամ, դրա համար Ադրբեջանն իր ձեռքերը սկսել է լայն օգտագործել: Մենք ինչ կարող ենք անել, այդ ուղղությամբ պետք է անենք:
Բայց մենք նաև չպետք է սպասենք, թե Ադրբեջանն ինչ գործողություն կանի, որ մենք դրան պատասխանենք, պաշտպանվենք ինչ-որ առումով: Այստեղ միջազգային իրավունքի խախտողն Ադրբեջանն է, ագրեսորն Ադրբեջանն է, միջազգային հանցագործություն կատարողն Ադրբեջանն է, իսկ ինքն է, փաստորեն, բանաձև մտցնում Գլխավոր ասամբլեա, կամ օրակարգային հարց մտցնում, որ դատապարտի իբր Հայաստանի հանցագործությունները: Հասկանո՞ւմ եք՝ ինչ սխալ իրականության մեջ ենք: Մենք ավելի նախաձեռնողական պետք է լինենք թե՛ դատական ատյաններում, թե՛ միջազգային մնացած կառույցներում»,- ի պատասխան՝ ասաց Տարոն Սիմոնյանը:
Պատգամավորից հետաքրքրվեցինք նաև, թե մեր խորհրդարանական դիվանագիտությունն այժմ ո՞ր փուլում է, ի՞նչ գործընթացներ է իրականացնում կամ կարող է իրականացնել կոնկրետ այս հարցում:
«Խորհրդարանական դիվանագիտությունն այս հարցերի հետ մեծապես կապված չէ: Մենք, օրինակ, Եվրանեսթի շրջանակներում, Եվրոպայի խորհրդի շրջանակներում, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում խորհրդարանական դիվանագիտության ջանքերն ամբողջությամբ իրականացրել ենք: Եվ, եթե ուշադիր լինեիք՝ եվրոպական երկրների պատգամավորների հայտարարություններն ինչքան հայանպաստ էին: Դա հենց այդ աշխատանքի արդյունքն էր մեծամասամբ: Սա կառավարության իրավազորության ներքո է գտնվում»,- ասաց պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Նշենք, որ ՄԱԿ պաշտոնական կայքեջից տեղեկանում ենք, որ օրակարգի հստակեցումից հետո որոշ պատվիրակներ մտահոգություն են հայտնել օրակարգի մի քանի կետերի վերաբերյալ: Կետերից 37-ը վերաբերում է պրոադրբեջանական բանաձևին:
«Հայաստանի ներկայացուցիչն ասաց, որ իր պատվիրակությունը չի աջակցում Ասամբլեայի 75-րդ նստաշրջանի օրակարգում 37-րդ կետի ներառմանը»,- ասված է հայտարարության մեջ:
ՄԱԿ-ում նման բանաձևերի չեզոքացման հնարավորությունների առկայությանն ուղղված հարցեր արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին էլ երկու օր առաջ խորհրդարանում ուղղեցին լրագրողները: Ի՞նչ քայլեր են ձեռնարկում իշխանությունները՝ մասնավորապես՝ արտաքին քաղաքականության գերատեսչությունը, ՄԱԿ-ում մեր երկրի ներկայացուցիչը։ Պատասխանը հակիրճ էր և ընդհանրական։
«Մենք ունենք հստակ նպատակներ, որոնց համար կան գործիքակազմեր: Թե՛ ՄԱԿ-ում, թե՛ մյուս կառույցներում ըստ անհրաժեշտության ձեռնարկվելու են համապատասխան քայլեր: Բայց նորից եմ կրկնում, ամենակարևորը նպատակներին ծառայեցնելն է այն, ինչ որ կա»,- ասել էր ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը:
Հ.Գ. Այս փուլում պրոադրբեջանական բանաձևի չընդունման ու դրան հակազդելու մեխանիզմների, ինչպես նաև ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից իրականացվող այլ քայլերի մասին տեղեկություն ստանալու համար դիմել ենք ԱԳՆ: Պատասխանը ստանալուն պես կներկայացնենք: