Դանիել Իոաննիսյանի «մարտական գործուղումը», «տոքսիկոքիմիական» գրառումները և Արցախի ԱԱԾ-ի խուսանավումը

Հայկական կողմը բազմիցս նշել է, որ Արցախի տարածքում գտնվող ադրբեջանցի զինվորների դիակների զննության արդյունքում գրեթե բոլորի գրպաններում հայտնաբերվել են ներարկիչներ:

Երեկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Երկու օր առաջ Ստեփանակերտում մոտեցավ մի ասֆալտի ֆիդային, ով պահանջեց, որ ռուսների դեմ չխոսեմ։ Երբ իրեն տարան մի կողմ, դողացող ձեռքերով հերթական պլանը քաշեց ու զրուցակիցներին էլ առաջարկեց։ Հիմա հասա Արցախի` ինտերնետով մի տեղ ու քարոզչությունից կարդացի, թե իբր կամավորականները ինձ խնդրել են լքել Արցախը»:

Այս գրառման տակ ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը մեկնաբանություն էր թողել.

«Պարոն Իոննիսյան, փաստերո՞վ եք խոսում հիմա, տոքսիկոքիմիական փորձաքննության պատասխանից ելնելո՞վ եք ասում, որ պլանքյաշ էր, թե՞ գլանակի տեսքից կամ հոտից»:

Ավելի ուշ Իոաննիսյանն անդրադարձել էր առաջին գրառման արձագանքներին:

«Բոլոր նրանք, ովքեր իմ նախորդ գրառումը մեկնաբանում են որպես ֆիդայինների հասցեին թթու խոսք՝ ստում են: Ես խոսել եմ մի «ասֆալտի ֆիդայինի» մասին: «Ասֆալտի ֆիդային» եզրույթի բառարանային սահմանումը՝ ստորև: Իսկ ֆիդայիններին՝ կամավորներին որևէ մեկը թթու խոսք չի կարա ասի: Բոլորին եղբոր պես սիրում եմ: Չի եղել գեթ մի կամավորական, ով ինձ հորդորել, խնդրել կամ պահանջել է լքել Արցախը: Ընդ որում, Ստեփանակերտի հիշատակված «ասֆալտի ֆիդայինը», ևս նման բան չի պահանջել:

Հ.Գ. Իմիջիայլոց, այսօր Քաշաթաղի շրջանում (Վարդութ գյուղում) հանդիպեցինք մեկ այլ ասֆալտի ֆիդայինի, ով գյուղից գյուղ էր գնում և խուճապային կեղծ լուրեր տարածում, թե իբր «Շուշին արդեն գրավված է, իսկ Բերձորից էլ հակառակորդը 6 կիլոմետրի վրա է»: Այդ անձն էլ պարզվեց կապեր ունի արցախյան պաշտոնաթող գեներալիտետի հետ: Դա Արցախի ոստիկանության բացթողումն է: Մանրամասների մասին շուտով կտեղեկացնեմ պատկան մարմիններին»,- գրել էր նա:

Այս գրառումը, իհարկե, շատերն անմեղ կհամարեն, բայց շատերն էլ հենց գրառման տակ ոչ ճիշտ էին համարում այն:

Ի դեպ, հիշյալ անձը նաև ռազմաճակատից տեղեկություններ է հրապարակել Ֆեյսբուքով, ինչո՞ւ չէ՝ պառակտող գրառումներ արել, թե «Հայաստանում կան մարդիկ, որոնք ուրախացել են, որ հակառակորդը Շուշիից մի քանի կիլոմետրի վրա է… Ուզում են, որ պատերազմը պարտվենք, որ իշխանություններին մեղադրեն տապալման մեջ։ Այդ մարդկանց հայրենիքը Հայաստանը չէ։ Այդ մարդկանց հայրենիքը փողն է»:

Գուցե իր կողքին կան նման մարդիկ, դրա համար գիտի, բայց մենք չենք ճանաչում որևէ մի հայի, ով կցանկանա Շուշին կորցնել, հայրենիք կորցնել՝ միայն, որ իշխանություններին ասի՝ դուք սխալ էիք, մենք՝ ճիշտ: Եվ այս ամենը մարսվել-գնացել է, համապատասխան մարմիններից ոչ մեկը չի ստիպել ջնջել գրառումը:

Այս հիշեցումների նպատակը գրառումների «ստուգաբանությունը» չէ, ոչ էլ «տոքսիկոքիմիական փորձաքննության» ենթարկելը, այլ ռազմական դրության պայմաններում երկրի անվտանգության ու վարկի ապահովումը, որ թշնամուն ավելորդ անգամ բարբաջելու առիթ չտանք: Եվ հետո իշխանությունն ինքն է, չէ՞, հետաքրքրված այս ամենով, ուստիև սահմանափակումներ է սահմանել ԶԼՄ-ների համար:

Եվ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ շատ անգամ տեղի լրագրողների «ձեռքը» չի հասնում ռազմաճակատային վայրերին, համապատասխան տեղեկությանը, ինչը չենք կարող ասել Դանիել Իոաննիսյանի մասին, փորձեցինք պարզել՝ ի՞նչ առաքելությամբ, ո՞ւմ թույլտվությամբ է նա Արցախում «մարտական գործուղման» մեջ, և այնտեղից ոգևորված տեղեկություններ ստանում և հրապարակում:

ՀՀ Պաշտպանության նախարարությունից ասացին, որ պատասխանատու են միայն առաջնագծի համար:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նա լրագրողների է ուղեկցել, տեղեկատվական շտաբին օգնել:

«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ից 168.am-ին ասացին, որ իրենք թույլտվություններով չեն զբաղվում, այդ թվում՝ լրագրողների:

«Մենք կապ չունենք որևէ մեկի Արցախ այցելության հետ»,- նշեցին ՊՈԱԿ-ից:

Իոաննիսյանի էջից, սակայն, տեղեկացանք, որ նա «պատերազմի առաջին օրերից թիմի ու այլ քաջ լրագրողների հետ ամենավտանգավոր տեղերում նկարում և աշխարհին (ներառյալ՝ Human Rights Watchին) է ներկայացնում Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործությունները և արգելված զինատեսակների օգտագործումը»:

Որքանո՞վ է անվտանգային առումով, այսպես ասած, վերահսկվում այս առաքելությունը, ի վերջո, դրսին է նաև տեղեկություն հասցվում, երեկ Արցախի ԱԱԾ-ից մեզ ասացին՝ «իրավիճակից ելնելով՝ այս պահին չենք կարող պատասխանել, խնդրում ենք հետո, հուսով եմ, հասկանում եք»:

Քիչ անց ԱԱԾ-ից մտափոխված զանգահարեցին և ասացին, որ այսօր կպատասխանեն հարցին, և առաջարկեցին զանգահարել առավոտյան, բայց ամբողջ օրվա մեր նամակային հիշեցումները և զանգերը մնացին այդպես էլ անպատասխան:

Մինչդեռ այս հարցադրումը հենց ռազմական դրության տրամաբանության մեջ է:

Գուցե հետո պարզ կդառնա Արցախի ԱԱԾ-ի լռության պատճառը, հիմա զերծ կմնանք ենթադրություններից…

Ի դեպ, մեզ տեղեկություններ էին հասել, թե իբր Արցախում տեսել են Գեորգի Վանյանին՝ օտարերկրյա լրագրողի ուղեկցելիս, մենք մեկ շաբաթից ավելի այս մասին չգրեցինք, մինչև հնարավոր եղավ տեղեկության իսկությունը ճշտել Արցախի ԱԳՆ-ից:

Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը հերքեց այս տեղեկությունը:

«Մենք նախևառաջ օտարերկրյա լրագրողներին ենք հավատարմագրում, ինչպես նաև՝ ուղեկցողներին, և նման ուղեկցող՝ Գեորգի Վանյան, չի եղել մեզ մոտ: Նման տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»,- ընդգծեց նա:

Տեսանյութեր

Լրահոս