«Կարող ենք դիմել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան: Միակ խնդիրը՝ որ կառավարությունը հապաղում է». Տարոն Սիմոնյան

Սեպտեմբերի 27-ից սկսած, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ, ադրբեջանական իշխանության ներքո հայտնված հայ ռազմագերիների, որոնք, պաշտոնական վերջին տվյալի համաձայն՝ 21-ն են, իսկ 2 անձի վերաբերյալ տվյալները ճշգրտվում են, կյանքի ու առողջության պահպանման համար Ադրբեջանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացվել 22 գանգատ՝ 13 անհատական գանգատ՝ փաստաբաններ Սիրանուշ Սահակյանի և Արտակ Զեյնալյանի կողմից, և 9 միջպետական գանգատ՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության կողմից:

Միևնույն ժամանակ ՄԻԵԴ-ը, որը զբաղվում է մարդու իրավունքների խնդիրներով, ունի սահմանափակվածություն որոշակի հարցերի առնչությամբ:

Օրեր առաջ միջազգային իրավական կառուցակարգերին, «Ադրբեջանին, նրա ռազմական քաղաքական ղեկավարությանը միջազգային ատյաններով քարշ տալու հնարավորություններին» անդրադարձել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանը՝ միևնույն ժամանակ հարց բարձրացնելով, թե ինչո՞ւ են հապաղում, օրինակ, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան դիմել այն դեպքում, երբ կա դրա հնարավորությունը:

Միջազգային իրավական ընթացակարգերից օգտվելու, ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարան դիմելու ընթացակարգերի մասին զրուցեցինք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանի հետ:

– Պարոն Սիմոնյան, օրեր առաջ հարց էիք ուղղել, թե մենք ինչո՞ւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան չենք դիմում: Իրավական տեսանկյունից ի՞նչ կարող է այս դատարանը մեզ տալ, որովհետև հանրության մեջ կարծես այնպիսի կարծիքներ են, որ այս հարցում միայն ՄԻԵԴ-ից կարող ենք ստանալ որոշակի արձագանք:

– Չէ, տեսեք, ամեն դատական ատյան իր իրավազորությունն ունի: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով է հարցը քննում, որը մարդու իրավունքներին է վերաբերում: Մենք դիմել ենք, շատ լավ աշխատանք այդ առումով կատարվել է, կառավարության ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում շատ լուրջ աշխատանք է կատարել: Մենք դիմել ենք միջանկյալ միջոց կիրառելու միջնորդությամբ Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, որի իմաստը այն է, որ կապվի կյանքի իրավունքի նկատմամբ ոտնձգությունները քաղաքացիական բնակչության և խոշտանգումները, և մնացած իրավունքների պաշտպանություն տեղի ունենա:

Բայց կան նաև այլ ատյաններ: Նույն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն է, որը ունի հատուկ և ընդհանուր իրավազորություն: Ընդհանուր իրավազորությունն այս դատարանի Ադրբեջանը չի ընդունել, բայց հատուկ իրավազորությունը՝ առնվազն 3 կոնվենցիայով, որի անդամ ենք և՛ մենք, և՛ Ադրբեջանը, ընդունել է: Եվ իմ գրառումը հենց դրան էր վերաբերում: Մեկն Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ կոնվենցիան է, մյուսը Ռասայական խտրականության դեմ պայքարի կոնվենցիան է, և մյուսը, որը բոլորովին վերջերս Ազգային ժողովում վավերացրեցինք, Վարձկաններ ներգրավելու դեմ կոնվենցիան է: 3 կոնվենցիան էլ հնարավորություն տալիս են կողմերին մեկը մյուսի դեմ հայց ներկայացնել: Սկզբից դա արբիտրաժային ընթացակարգով է գնում, եթե արբիտրաժը չի կայանում, ապա գնում է Միջազգային արդարադատության դատարան:

Ամեն այս կոնվենցիայի խախտումները մենք փաստելով՝ մեր ձեռքում հզոր իրավական և դիվանագիտական գործիք ենք ունենում՝ ասելու համար, որ, օրինակ, Ռասայական խտրականության կոնվենցիան խախտելով՝ Ադրբեջանն ուղղակի հայատյաց քաղաքականություն է վարել և վարում է, և նաև թիրախավորում է Արցախի հայ բնակչությանը՝ հենց այդ տրամաբանությունից ելնելով, որպեսզի ցեղասպան քաղաքականությունը շարունակի: Եթե դատական ատյանը նման եզրակացություն տալիս է, Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան հզոր իրավական և դիվանագիտական, արդեն, զենք ենք մեր ձեռքում ունենում:

Մյուսն Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ կոնվենցիան է, որի անդամ ենք էլի և՛ մենք, և՛ Ադրբեջանը, և այդ նույն ընթացակարգն այստեղ երաշխավորված է: Այստեղ, եթե մենք դիմում ենք դատարան և ապացուցում ենք, որ Ադրբեջանը փաստորեն ահաբեկիչներ է ներգրավում և ֆինանսավորում է այդ ահաբեկիչներին Արցախում, մենք ունենում ենք հնարավորություն ոչ միայն՝ կանխելու այդ գործընթացը, այլ նաև՝ կանխելու Ադրբեջանի ռազմական և ֆինանսական աջակցություն տրամադրող պետությունների քաղաքականությունը: Իսկ Դուք գիտեք, որ այսօր Ադրբեջանին ռազմական ու ֆինանսական աջակցություն տրամադրող պետությունները շատ են, այդ թվում՝ որոշ մեր գործընկեր պետություններ են դա անում: Հետևաբար, եթե ունենք նման որոշում դատարանի, այդ խնդիրն էլ է փակվում:

Եվ երրորդը Վարձկանների դեմ կոնվենցիան է, որ նոր ենք վավերացրել և, բնականաբար, այդ գործիքն էլ կարող ենք օգտագործել: Էլի վարձկաններին արգելվում է պատերազմական գործողություններին ներգրավել, բայց Ադրբեջանը ներգրավում է, և առաջավոր բոլոր պետությունները հատուկ ծառայությունների միջոցով ունեն այդ տեղեկատվությունը, մենք ունենք փաստացի տեղեկատվություն, ցուցմունքներ ունենք՝ այդ վարձկանների, և դա կարող ենք ներկայացնել Արդարադատության միջազգային դատարան: Սա ունենալով՝ կրկին մենք լուրջ ճնշում կգործադրենք Ադրբեջանի նկատմամբ:

Իմ գրառումը հենց դրան էր վերաբերում, որ մի քանի ուղղություններով պետք է ճնշել Ադրբեջանին դիվանագիտական և իրավական հարթությունում:

– Այս գործընթացները պետք է սկսի՞ կառավարությունը:

– Այո:

– Դուք, բացի Ձեր գրառումից, որևէ այլ կերպ կառավարությանը նման առաջարկ արե՞լ եք: Կարող է նաև կարծիք հնչել, որ գուցե կառավարությունը չունի՞ մասնագետներ…

– Չէ, կառավարությունն ունի մասնագետներ, և ես գիտեմ, որ այդ մասնագետները շատ տքնաջան աշխատում են այդ ուղղությամբ: Միակ խնդիրը՝ որ հապաղում են: Հենց իմ գրառումը վերաբերում էր հապաղմանը: Կառավարությունն օր առաջ դա պետք է անի: Չպետք է սպասի ինչ-որ բանակցությունների, չպետք է սպասի պատերազմն ավարտելուն: Մենք դա պետք է անենք: Օրինակ, Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիան շատ վաղուց էր վավերացված Ադրբեջանի կողմից, և մենք դա պետք է անեինք դեռևս 10 տարի առաջ: Իսկ մինչև հիմա չենք արել: Հասկանո՞ւմ եք, հենց խնդիրը դա է: Մասնագետների մենք խնդիր չունենք, մեր մասնագետներն այստեղ շատ լուրջ են, այդ թվում՝ կառավարությունում աշխատող, ես շատ լավ ճանաչում եմ նրանց: Ունենք նաև դրսում շատ լավ մասնագետներ, ովքեր պատրաստակամ են անվճար հիմունքներով այդ ամեն ինչը կազմակերպել, մնում է, որ կառավարությունն օր առաջ դա իրականացնի:

– Պարոն Սիմոնյան, ՄՒԵԴ ընթացակարգի համաձայն՝ գործը ՄԻԵԴ-ում վարույթ է ընդունվում, երբ գանգատն այլ միջազգային ատյան ներկայացված չէ: Այս դեպքում խանգարող չի՞ լինի, որ նույն հարցով նաև այլ ատյան դիմենք, թե՞ այստեղ ոչ թե մարդու իրավունքների խախտում է դիտարկվում, այլ ուրիշ հարց, ու իրար չեն խանգարելու:

– Տարբեր հարթություններ են, լրիվ տարբեր հարթություններ են: Ես նշեցի, որ ամեն դատական ատյան իր կոնվենցիան ունի, որի շրջանակներում գործում է: ՄԻԵԴ-ն ունի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Իմ նշած Միջազգային արդարադատության դատարանը շատ կոնվենցիաներ է սպասարկում, բայց այդ դատարանի ընդհանուր իրավազորությունն Ադրբեջանը չի ճանաչել: Ճանաչել է միայն հատուկ իրավազորությունը՝ առանձին կոնվենցիաների շրջանակներում: Սրանք տարբեր ուղղություններ են, մեկը մյուսի հետ չեն էլ հատվում: Կարելի է ասել՝ ինչ-որ առումով հատման կետեր կան, բայց դա ոչ թե կարող է խանգարել, այլ հակառակը՝ անգամ դա կարող է օգնել: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ հոլիստիկ այդ համակարգային մոտեցման պայմաններում, երբ Ադրբեջանը բոլոր միջազգային կառույցներից հարվածներ ստանա իր ոչ իրավաչափ քաղաքականության, ցեղասպան քաղաքականության պատճառով, ինչպես կընկճվի իր արտաքին քաղաքանության մեջ, և մենք, փաստորեն, դիվանագիտական հարթակում հաջողություններ ունենալով՝ կկարողանանք զսպել Ադրբեջանին ոչ միայն՝ ռազմական մակարդակում, այլև՝ դիվանագիտական:

 

Տեսանյութեր

Լրահոս