«Փառք Աստծո, Սեյրան Օհանյանը ողջ և առողջ է, նրա հետ Ստեփանակերտում շատ բովանդակալից մի շարք քննարկումներ կատարեցինք». Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն այսօր առավոտյան անդրադարձել էր ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած կեղծ լուրերին, թե իբրև Պաշտպանության նախակին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը վիրավորվել է։
«Իհարկե, թշնամին խորը պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել, ու, համոզված եմ, դեռ էլի կստանա, որովհետև նա ողջ և առողջ է ու լիարժեք կատարում է իրեն վստահված պարտականությունները»,- գրել էր Վահրամ Պողոսյանը։
168.am–ի հետ զրույցում Արցախի նախագահի արտաքին հարաբերությոնների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն ասաց, որ պետք չէ զարմանալ ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած կեղծ լուրերից, կեղծքի տարածելը բնորոշ է այդ երկրին։
«Փառք Աստծո, Սեյրան Օհանյանը ողջ և առողջ է, նա ներգրավված է Շուշիի պաշտպանության գործողություններում։ Երբ ադրբեջանական քարոզչամեքենան այդ լուրեը տարածեց, դրանից 4-5 ժամ հետո ես ևՍեյրան Օհանյանը Ստեփանակերտում շատ բովանդակալից մի շարք քննարկումներ կատարեցինք։ Սեյրան Օհանյանը ողջ և առողջ է․ նա շարքերում է»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ այցելել է Շուշի՝ հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, տեղում քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դեմ մեր պայքարի ռազմավարությունը: Արցախի նախագահն այդ գրառմամաբ նաև հատուկ շնորհակալություն էր հայտնել «Արցախի հերոս», հայ ժողովրդի նվիրյալ զավակ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին: