Սիրիայո՞ւմ, թե՞ Արցախում․ Ռուսաստանը հակաահաբեկչական օպերացիայի է պատրաստվում

Ռուսաստանը Հարավային Կովկասում ահաբեկչական ներկայության դեմ գործողությունների է պատրաստվում։ Վերջին օրերին ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները կրկին սկսել են ակտիվորեն շրջանառել Արցախյան հակամարտության գոտում ներգրավված վարձկանների թեման՝ այն ըստ էության դիտարկելով ՌԴ ազգային անվտանգության խնդիր։

Ըստ հեղինակավոր ռուս արևելագետների, քաղաքագետների ու քաղաքական գործիչների, Հարավային Կովկասում հայտնված ահաբեկիչները կարող են ամրապնդվել, ինչպես նաև շարժվել դեպի Հյուսիսային Կովկաս։ Այս օրերին «Կոմերսանտ» պարբերականին տրված գրավոր հարցազրույցում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն օրերս ասել էր, որ Ռուսաստանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգայնացմամբ և Մերձավոր Արևելքից զինյալների ներգրավմամբ:

«Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին խաղացողներին՝ օգտագործել իրենց կարողությունները՝ ճնշելու համար վարձկանների տեղափոխումը, որոնց թիվը հակամարտության գոտում, ըստ առկա տվյալների, արդեն մոտենում է 2000-ի»,- ասել էր Լավրովը։

ՌԴ արտգործնախարարը նշել էր, որ Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ քննարկել է Արցախում կռվող ահաբեկիչների խնդիրը։ «Զինյալների թեման Վլադիմիր Պուտինը բարձրացրել է հոկտեմբերի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ կանոնավոր շփումներում»,- ասել էր ՌԴ արտգործնախարարը։

Եվ չնայած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուզականորեն էր արձագանքել լավրովյան մեկնաբանություններին, այսօր Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում այս պատերազմի ընթացքում արդեն երկրորդ անգամ և ավելի ստույգ տվյալներ է ներկայացրել հակամարտության գոտում զինյալների ներկայության մասին՝ ասելով, որ տվյալներ է ստացել Լեռնային Ղարաբաղի մարտերին Սիրիայից զինյալների մասնակցության վերաբերյալ, այդ թվում՝ նաև Մերձավոր և Միջին Արևելքի երկրների գործընկեր հետախուզական ծառայություններից:

Նրա խոսքով ՝ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը «ճշգրիտ տեղեկություններ ունի մարտական ​​գոտում ահաբեկիչների ներկայության մասին, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից և, առաջին հերթին, Սիրիայից»:

«Այս տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից և մեր տարբեր գործընկերներից, Միջին Արևելքում, Մերձավոր Արևելքում գործընկեր ծառայություններից»,- հայտարարել է Նարիշկինը:

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ, բացի վերջին օրերին աշխարհում և, մասնավորապես, եվրոպական մայրաքաղաքներում գրանցված ահաբեկչական ակտերից և այդ թեմայի նկատմամբ եվրոպական մեծ ուշադրությունից, ՌԴ-ում ևս ահաբեկչական կազմակերպությունների գործունեության նկատմամբ ուշադրությունը սրվել է Արցախում սկիզբ առած պատերազմի ֆոնին, քանի որ ահաբեկիչների ներկայությունը հակամարտության գոտում մեծ սպառնալիք է դիտարկվում Ռուսաստանի Դաշնության համար, որը Սիրիայում ռազմական օպերացիա սկսեց հենց ահաբեկչության դեմ պայքարի պատճառաբանությամբ։

Ավելին, վերջին շաբաթներին ՌԴ-ում տարատեսակ տեղեկություններ են տարածվում այս կամ այն խմբավորման անդամներին բացահայտելու և ձերբակալելու վերաբերյալ, որոնցից վերջինն այսօր՝ ՌԴ-ում արգելված «Հիզբ ուտ-Թահրիր ալ Իսլամի» ահաբեկչական կազմակերպության 5 անդամ է ձերբակալվել Կազանում, որոնք Թաթարստանի մուսուլմանների շրջանում հավաքագրմամբ են զբաղվել։ «Կազանում ահաբեկիչների բջջի գործունեությունը կանխվել է հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից՝ ՆԳՆ ստորաբաժանումների և Ռոսգվարդիայի հետ համատեղ»,- այսօր հայտնեց ՌԴ ԱԴԾ Հանրային կապերի կենտրոնը։ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները Մերձավոր Արևելքից Ադրբեջան տեղափոխված զինյալների թեման քննարկում են ոչ միայն երկրի ներսում ՌԴ Անվտանգության խորհրդի նիստերում, այնպես էլ թուրք և ադրբեջանցի գործընկերների հետ շփումներում։ Եվ տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանը և քաղաքական հայտարարություններով, և տեղեկատվական արշավով գործողության է պատրաստվում այս հակամարտության գոտում ահաբեկչական ներկայությունը վերացնելու նպատակով։

Այստեղ հարկ է նաև հիշեցնել վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցը ռուսական ՏԱՍՍ գործակալությանը, որում նա ասել էր․ «Արդյոք Ռուսաստանը կսպասի՞, որպեսզի այս բոլոր տարրերը տեղափոխվեն Ռուսաստանի տարածք, և այնտեղ իրականացվեն հակաահաբեկչական արշավ կամ հակաահաբեկչական գործողություններ: Չգիտեմ, միգուցե Ռուսաստանի կառավարությունում կամ հատուկ ծառայություններում քննարկվո՞ւմ է հենց տեղում հակաահաբեկչական օպերացիա ձեռնարկելու հնարավորությունը»: Եվ գլխավոր հարցը ներկայումս հետևյալն է՝ ինչպե՞ս Ռուսաստանը կպայքարի Արցախյան հակամարտության գոտում ահաբեկչական ներկայության դեմ, դա կանի հակամարտության գոտո՞ւմ, թե՞ ահաբեկիչների մերձավորարևելյան բազաներում, ինչպես տասն օր առաջ, երբ տեղեկատվություն տարածվեց, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հուժկու հարված են հասցրել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի աջակցությունը վայելող գրոհայիններին։

168am-ի հետ զրույցում Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կետրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը նշեց, որ ՌԴ պաշտոնյաների արձագանքները և կոնկրետ տվյալները պատերազմի դաշտում ահաբեկիչների առկայության մասին ամենևին էլ պատահական չեն, և ՌԴ-ն որևէ պատահական հայտարարություն չի անում այս կապակցությամբ։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ սա դեռ ակնարկ է Թուրքիային ու Ադրբեջանին, որ այս ամենը Ռուսաստանին դուր չի գալիս, և Ռուսաստանը դրան կարող է արձագանքել ցանկացած պահի։

«Իսկ թե որքան հեռու կարող է գնալ Ռուսաստանն այն հարցում, թե իրեն ինչը և որքան դուր չի գալիս, դժվար է ասել։ Բայց ակնհայտ է, որ զսպող քայլեր ձեռնարկվել են ու ձեռնարկվելու են, եթե ակնարկները չհասնեն հասցեատերերին»,- ասաց Խրամչիխինը՝ հավելելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի արձագանքը դրան պետք է լինի այդ գործընթացը կանգնեցնելը։

Եթե դա տեղի չունենա, ապա, Խրամչիխինի կարծիքով, Ռուսաստանը կշարունակի հակաահաբեկչական արշավը։ Նա նշեց, որ ավելի հավանական է մտածել, որ կլինեն հարվածներ Իդլիբում ահաբեկիչների ճամբարներին։ «Այդ սցենարն ավելի հավանական է թվում, հատկապես, երբ Ռուսաստանի համար դա ավելի շահեկան գործողություն է շատ առումներով, քանի որ Ռուսաստանի դիրքերը Սիրիայում ռազմական առումով ավելի ամուր են և շահեկան»,- ասաց Խրամչիխինը։

Հարցին, թե ինչո՞ւ Ռուսաստանը կարող է իրականացնել հակաահաբեկչական օպերացիա Սիրիայում, իսկ Արցախյան հակամարտության գոտում՝ ոչ, Խրամչիխինը պատասխանեց, որ իրավական առումով տարբեր կերպ հիմնավորվող ռազմական օպերացիաներ կարող են տեղի ունենալ։

«Այս գոտում գործողությունը կնշանակի՝ հարձակվել Ադրբեջանի վրա, դա լիովին այլ իրողություն կլինի, դա նույնը չէ, ինչ գործողությունը Սիրիայում։ Նախ՝ Ռուսաստանն Ադրբեջանի հետ պատերազմի մեջ չէ և չի ցանկանում լինել պատերազմի մեջ, թեև եղել են զսպող քայլեր և ուժի ցուցադրություն։ Իսկ հարձակվել Իդլիբում հակաօրինական անկլավի վրա՝ դա լիովին այլ է, իսկ պետության վրա հարձակվելը՝ այլ։ Այստեղ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանը Սիրիայում լիովին օրինական ներկայություն ունի, և այստեղ քայլերն ավելի ձեռնտու են Ռուսաստանին։ Սակայն ակտիվ ակնարկներ են արվում Թուրքիային և Ադրբեջանին, որից նրանք կարող են հետևություններ անել»,- ասաց Խրամչիխինը։

Տեսանյութեր

Լրահոս