Ռազմի դաշտում արագ արդյունքների հասնելու Ադրբեջանի ծրագիրը տապալվեց․ Եվսեև
«Ահաբեկչության վտանգն աշխարհում նոր ընկալում է ստանում, այդ հանգամանքը չի խոսում Ադրբեջանի օգտին»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Արցախյան պատերազմի 40 օրերին, ռազմաճակատում ստեղծված իրավիճակին ու դիվանագիտական գործընթացի հաջողության հնարավորություններին։
Վլադիմիր Եվսեևի խոսքով՝ Ադրբեջանի նպատակը՝ կարճ ժամանակում հասնել մեծ արդյունքների, տապալվեց և, այսպես կոչված, բլից-կրիգ կամ կայծակնային պատերազմ իրականացնել չհաջողվեց, թեև այդ նպատակի համար մեծ ռեսուրսներ ներդրվեցին՝ ինչպես տեխնիկական, այնպես էլ՝ մարդկային, այդ թվում՝ ահաբեկչական՝ Մերձավոր Արևելքից։
Ըստ նրա, դա է պատճառը, որ պատերազմը երկարաձգվել է, ու ինտենսիվությունը, տեմպը՝ նվազել, որում մեծ նշանակություն ունի պաշտպանվող կողմի դիմադրությունը ռազմի դաշտում, դիվանագիտական և քաղաքական ջանքերը և այն, թե ինչպես են ընկալվում հակամարտող կողմերի քայլերն աշխարհում, ինչպիսի արձագանք են դրանք ստանում:
Նրա դիտարկումների համաձայն՝ վերջին օրերին ահաբեկչության վտանգն աշխարհում նոր ընկալում է ստանում, այդ հանգամանքը չի խոսում Ադրբեջանի օգտին։ Այսինքն, Եվսեևի կարծիքով՝ նախնական ծրագիրը տապալվել է՝ դրանով իսկ կազմակերպող կողմի համար անորոշություն ստեղծել:
«Այսպես իրավիճակը երկարաձգվում է, քանի դեռ կողմերը չեն կարողանում հանդիպել ու բանակցել, իսկ դա իրապես չեն կարողանում, քանի որ չկա շահերի այն հավասարակշռությունը, որի մասին խոսում է թեկուզ ՌԴ նախագահն իր վերջին մեկնաբանություններում։ Մինչ այդ թուրք-ադրբեջանական ինտենսիվ շփումները պահպանվում են՝ ուղղված իրավիճակից ելք գտնելուն, Թուրքիան ավելի ու ավելի է մեծացնում իր ազդեցությունն Ադրբեջանում»,- ասաց Եվսեևը։
Նա նկատեց, որ, ինչպես նախկինում էր նշում՝ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կարող է գնալ խաղաղության պարտադրման ճանապարհով։
Ինչ վերաբերում է ՌԴ-ին ուղղված ՀՀ դիմումին՝ Եվսեևն ասաց, որ ՌԴ-ն պատրաստ է կատարել իր պարտավորությունները համապատասխան իրավիճակի պարագայում։ Նրա կարծիքով՝ Հայաստանն ու Ռուսաստանն այս ուղղությամբ կապ են պահպանում, ավելին՝ ՌԴ-ն ՀՀ-ում անհրաժեշտ կոնտինգենտ ունի նման տեղեկատվությունը ճշտելու նպատակով։
Բացի դրանից, իրականում Ռուսաստանը դիվանագիտական ու ռազմական ճնշում է բանեցնում Թուրքիայի նկատմամբ՝ խոսելով հակամարտության գոտում ահաբեկիչների ներկայությունից և որոշ քայլեր ձեռնարկելով Սիրիայի հյուսիսում, որը խոցելի գոտի է Թուրքիայի համար, քանի որ այնտեղ շատ են թուրք զինվորականները, ում կորցնելն Էրդողանի համար ցավոտ հարված կլինի։ Իսկ Ռուսաստանը համապատասխան սպառազինություն ունի ամեն տեսակի օպերացիա և գործողություն իրականացնելու համար, ուստի դեռ Ռուսաստանը խոսում է, որ հակամարտության գոտում կան հազարավոր ահաբեկիչներ, իսկ Սիրիայում ՌԴ-ն պայքարել է ահաբեկչության դեմ, և ռուս-թուրքական բանակցություններն ուղղված են այս գոտում այդ սպառնալիքի վերացմանն ու պատերազմի դադարեցմանը, իսկ քանի որ որոշումները կայացնում է Թուրքիան, պետք է խոսել Թուրքիայի հետ, որը Ռուսաստանի համար հեշտ չէ, քանի որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններն Արցախով չեն սահմանափակվում՝ դրանք բավականին լայն են ու բարդ, և զիջումը հակամարտության մեկ գոտում կարող է անդրադառնալ մյուսի վրա և հակառակը»,- բացատրեց Եվսեևը՝ շարունակելով, որ Ռուսաստանը փորձում է չապակայունացնել իրավիճակը և դիվանագիտական գործընթացի շրջանակում հասնել արդյունքների։
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահի բոլոր ելույթները, որոնցում խոսք է եղել հակամարտության մասին, եղել է հենց նման եղանակով հակամարտությունը կարգավորելու մասին։
«Այս պահին ասել, թե ինչ ուղիով կզարգանա իրավիճակը, բարդ է։ Սակայն ՌԴ նախագահն ասում է, որ պատերազմը ելք չէ, և կարելի էր խուսափել դրանից։ Ռուսաստանն իր դիրքորոշումը չի փոխել, պետք է լինեն բանակցություններ»,- ասաց Եվսեևը։