Ամբիցիաներ, անհայտ ուժերի մոտ ստանձնած պարտավորություններ, քաղաքական հաշվարկներ, որոնց համար շատ թանկ վճարում է հայ ժողովուրդը

Արցախում պատերազմական գործողությունները շուտով կբոլորեն 40 օրը։ Ռազմաճակատում կարծես իրավիճակը պարզ է, ադրբեջանական-թուրքական-ահաբեկչական խմբերը, հատկապես հարավային ուղղությամբ, ճեղքում են կատարել և զբաղեցրել մեծ թվով բնակավայրեր, որոնք դեռ մինչև երկու ամիս առաջ Արցախի լիակատար վերահսկողության ներքո էին։

Ջեբրայիլի, Ֆիզուլիի, Զանգելանի, Կուբաթլուի շրջաններ, Հադրութի շրջանը գրեթե ամբողջությամբ, այդ թվում՝ շրջկենտրոն Հադրութը, ինչպես նաև՝ Ասկերանի շրջանի որոշ գյուղեր։ Հակասական տեղեկություններ կան նաև Բերձոր-Շուշի ճանապարհի տարբեր հատվածների նկատմամբ ադրբեջանական խմբերի՝ որոշակի պարբերականությամբ վերահսկողության հասնելու փորձերի մասին։

Հայաստանի ու Արցախի զինված ուժերը, որոնք համալրվել են պահեստազորայիններով, կամավորականներով, անում են հնարավորն ու անհնարինը թշնամու առաջխաղացումը կասեցնելու և հետ շպրտելու նպատակով։

Ցավոք, այդ ամենն արվում է մեզ համար բավականին թանկ գին վճարելով՝ մարդկային կյանքերի, ողբերգությունների գնով։ Արդեն պաշտոնապես զոհերի թիվն անցնում է 1100-ը, մեծ թվով զինծառայողների ճակատագիր դեռ հստակ չէ, ենթադրվում է, որ մի մասի դիերը գտնվում են Ադրբեջանի կողմից արդեն իսկ վերահսկվող հատվածներում։

Այն, որ մարդկային կյանքերն ամենաթանկն են մեզ համար, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում։ Այն, որ պատերազմը մահեր, վիրավորներ է ենթադրում՝ դա էլ է հասկանալի, իսկ թե ի՞նչ է անում ՀՀ իշխանությունն արձանագրվող ողբերգությանը վերջ տալու համար, դեռ չենք խոսում՝ այս ամենը ժամանակին կանխելու համար, որևէ մեկը չգիտի։

Կրկնում ենք՝ ՀՀ-ում գերագույն արժեքը մարդն է, ում կյանքի ապահովումը պետք է լինի առաջնահերթություն։ Սակայն իշխանությունների, արտաքին քաղաքական կորպուսի իներտության, անգործունակության գինը մարդկանց կյանքերն են, որի համար իշխանությունն անկասկած դեռ պատասխան է տալու։

Մի քանի օր առաջ, անդրադառնալով Արցախում տեղի ունեցող զարգացումներին, ՌԴ նախագահ Պուտինն իր ելույթի մի հատվածը հենց մարդկային կյանքերին էր հատկացրել։ Տպավորություն կար, որ Պուտինը խոսում է մի տարածքի մասին, որտեղ իր երկրի քաղաքացիներն են զոհվել։ Այնինչ այս օրերին վարչապետ Փաշինյանի խոսքում ոչինչ չկար մարդկային կյանքերի մասին, էլ չենք խոսում, որ նրա հատկապես առաջին օրվա ուղերձները կառուցված էին՝ հայրենիքի համար ամեն գնով մեռնելու, այլ ոչ թե՝ հաղթելու կամ ապրելու տրամաբանությամբ։

Ի՞նչ է ցույց տալիս այս դաժան պատերազմը։ Այն, որ իշխանության համար, փաստորեն, մարդը որևէ արժեք չունի։ Կան ամբիցիաներ, կան անհայտ ուժերի մոտ ստանձնած պարտավորություններ և անորոշ քաղաքական հաշվարկներ, որոնց համար շատ թանկ վճարում է հայ ժողովուրդը։ Սակայն գործող իշխանությունը պետք է գիտակցի, որ վաղը, մյուս օրը, մեկ շաբաթ կամ մեկ ամիս հետո էլ հատուցման պահը գալու է․ ՀՀ իշխանությունները պետք է պատասխան տան։

Տեսանյութեր

Լրահոս