«ՄԻԵԴ-ը միջպետական գանգատի շրջանակներում կիրառել է անհապաղ միջոց՝ անհատական գործերը պահելով իր վերահսկողության ներքո». Սիրանուշ Սահակյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ տարածեց հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ միջանկյալ միջոցներ կիրառելու խնդրանքի առնչությամբ: Հայտարարությամբ Եվրոպական դատարանը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին՝ պահպանել գերիների հետ վարվելակերպի միջազգային նորմերը: ՄԻԵԴ-ը նաև հայտնել է, որ հաստատում է արդեն կայացրած որոշումները և նոր միջոցառումների պատճառ չի տեսնում՝ դրանով նաև պատասխանելով Ադրբեջանի կառավարության՝ ռազմագերիների հումանիտար պաշտպանության համար անհապաղ միջոց չկիրառելու, իսկ արդեն կայացված որոշումները վերացնելու խնդրանքին:

ՄԻԵԴ հայտարարության, ինչպես նաև ավելի վաղ ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների հարցերի վերաբերյալ 168.am-ը զրույցել է «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների հարցերով զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ:

– Տիկին Սահակյան, ի՞նչ է  ենթադրում ՄԻԵԴ-ի հայտարարությունը:

– Նախ, որ Եվրոպական դատարանը միջպետական գանգատի շրջանակներում կիրառել է անհապաղ միջոց, որն առնչվում է նաև ռազմագերիներին և գերիներին: Երկու պետություններն էլ պարտավոր են հարգել միջազգային պարտավորությունները և ռազմագերի, գերի ունենալու պարագայում ապահովել կյանք, բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և չենթարկել անմարդկային վերաբերմունքի:

Բայց դրանից զատ՝ դատարանը հատուկ նշել է, որ կան անհատական գործեր՝ ընդդեմ Ադրբեջանի, երբ հայ ռազմագերիների առնչությամբ դեպքեր են ներկայացվել դատարանին, և դատարանն այս հարցերի առնչությամբ տեղեկատվություն է պահանջել կառավարությունից: Եվ, ըստ էության, դատարանը շարունակում է իր հսկողության վերանայման տակ պահել այս գործերը: Միևնույն ժամանակ, դատարանը կարևորել է գերիների և ռազմագերիների հարցերով միջազգային կառույցների դերը՝  ըստ էության դրա տակ նկատի ունենալով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, և կոչ է արել, որպեսզի արագացնեն և հետևեն այդ գործընթացներին՝ դարձյալ նկատի ունենալով գերիների և ռազմագերիների փոխանակման գործընթացները:

– Նկատի ունենալով, որ Ադրբեջանի համար վերջնաժամկետ էր սահմանված նոյեմբերի 3-ը, որպեսզի ռազմագերիների վայրի, պահման պայմանների, բժշկական սպասարկման վերաբերյալ տեղեկություն տրամադրեին: ՄԻԵԴ հայտարարությունը ի՞նչ  է նշանակում՝պահանջվող  տեղեկությունը ստացե՞լ են, թե՞ ոչ։

– Կարող ենք ասել, որ դատարանը ստացել է տեղեկատվությունը, որովհետև դրա մասին ծանուցել է նաև մեզ, և դատարանն այս դիրքորոշումը հայտնելիս, ենթադրում եմ, որ հաշվի է առել նաև կառավարության տրամադրած տեղեկատվությունը:

Եթե այդ տեղեկատվությունը շատ գոհացնող լիներ, դատարանն անհատական գործերը չէր պահի իր հսկողության ներքո: Նշեմ, որ Ադրբեջանի փաստարկներում կային նաև պնդումներ, որ այդ միջոցը պետք է վերացվի, քանի որ իրենք գործում են իրենց միջազգային պարտավորություններին համահունչ: Բայց, թերևս, դատարանի համար դա համոզիչ չի եղել, և դատարանը որոշել է իր մշտական հսկողության ներքո պահել հայ ռազմագերիների վերաբերյալ գործերը:

– Այս պահին ռազմագերիների հարազատները կարո՞ղ են փոքր-ինչ հանգստություն ունենալ, որ նրանք լավ վիճակում են:

– Իհարկե, 100 տոկոսով նման պնդում չենք կարող անել: Մենք ինքներս էլ հետևողական ենք, որ դեկլարատիվ ներկայացված տեղեկատվությունից զատ՝ ավելի մանրակրկիտ տեղեկատվություն ներկայացվի և դրանց առնչությամբ ներկայացվեն նաև փաստաթղթեր, այսինքն՝ փաստաթղթավորված լինի տեղեկատվությունը: Բայց որոշակի առումով ավելի ապահով պետք է զգան այն ռազմագերիների հարազատները, որոնք նույնականացվել են և որոնց առնչությամբ գանգատներ կան Եվրոպական դատարանում, քանի որ այս անձինք գտնվում են Եվրոպական դատարանի հսկողության, ուստի՝ նաև պաշտպանության ներքո:

Եվ եթե Ադրբեջանը հասկանում է, որ ընթացող գործեր են, որոնց առնչությամբ պետության պատասխանատվության խնդիրներ են դրվում, և դատարանի հսկողության տակ եղած գործով, եթե ռազմագերուն ինչ-որ մի բան պատահի, վերջինները (ադրբեջանական կողմը) պետք է ողջամիտ բացատրություն տան, և դրա բացակայության պայմաններում հասկանալի է լինելու, որ միտումնավոր ռազմագերու նկատմամբ կատարվել են անթույլատրելի գործողություններ: Իսկ նման գործողությունները պատերազմական հանցագործություններ են, և միջազգային դատական ատյանի հսկողության ներքո գտնվող անձերի նկատմամբ նման հանցագործություններ կատարելը մեծացնելու է նաև միջազգային հանրության պահանջատիրությունը՝ հետամուտ լինել նման հանցագործությունների համար պատասխանատու անձանց քրեական պատասխանատվությանը, իսկ այդ շրջանակը ներառում է  բարձր քաղաքական ղեկավարությունը: Ենթադրում եմ, որ սեփական ճակատագրերի մասին անհանգստանալու վախերից ելնելով՝ պետք է ավելի զգոն լինեն և առնվազն չոտնձգեն կյանքի նկատմամբ:

– Մինչև հիմա ՄԻԵԴ-ից ստացված հայտարարությունները, այն գործիքակազմը, որ կիրառել է դատարանը՝ հաշվի առնելով ընթացող գործընթացները, բավարա՞ր  են այս պահի դրությամբ:

– Պետք է հասկանանք, որ Եվրոպական դատարանը Միջազգային քրեական դատարանը չէ, և նաև ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանը չէ և մարդու իրավունքների խնդիրներով է զբաղվում և որոշակի հարցերի առնչությամբ ունի սահմանափակվածություն: Բայց իր մանդատի շրջանակում, կարծում եմ, գտնվել է ավելի առաջադեմ և սկսել է կիրառել անհապաղ միջոցը նաև ռազմագերիների առնչությամբ՝ որոշակի պատասխանատվություն կիսելով միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կիրառության տեսանկյունից, և, ըստ էության, հսկողության տակ վերցնելով այս գործերը՝ փորձում է  աջակցել նախ՝ փոխանակման գործընթացների արագացմանը, և մյուս կողմից՝ ապահովել, երաշխավորել  ռազմագերիների կյանքը, մինչև որ փոխանակման գործընթացները տեղի կունենան: Ուստի, կարծում եմ՝ իր հնարավորության շրջանակում դատական ատյանն իրենից կախված ամեն ինչ կատարել է, իր բարձր առաքելությանը համապատասխան է գործել:

Այլ հարց է, որ միջպետական գանգատի շրջանակներում վերացական հայցի ապահովման միջոցներ են կիրառվել, օրինակ, ձեռնպահ մնալ քաղաքացիական օբյեկտները թիրախ դարձնելուց կամ քաղաքացիական բնակչությանը թիրախավորելուց: Մենք տեսնում ենք, որ այս մեխանիզմի կիրառությունից հետո էլ շատ ինտենսիվ կերպով հայկական քաղաքացիական բնակավայրերը միտումնավոր, դիտավորյալ  թիրախավորվում են: Եվ այստեղ հարց է առաջ գալու, որ այդ միջոցի չկիրառումն ի՞նչ հետևանքներ ունի: Անհապաղ միջոցը պարտադիր է, և դրա չկատարումը նորից անպատասխան չի մնա: Այլ հարց է, որ պետք է նաև ներգրավել Նախարարների կոմիտեին և քննարկման առարկա դարձվի Եվրոպական դատարանի վճռի չկատարման համար Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու հարցը: Դրանք գործնականում դանդաղաշարժ գործընթացներ են, իրենց մեջ անպայման ունեն քաղաքական տարր: Միգուցե այս պահին անմիջական ազդեցություն չունեն, բայց երկարաժամկետ հեռանկարում դրանք կարող են նաև վնասել ադրբեջանական շահերը:

Տեսանյութեր

Լրահոս