Ավստրալիայի ցեղասպանության ուսումնասիրության ինստիտուտն Ադրբեջանի գործողություններում ցեղասպանության վտանգ է տեսնում

Ավստրալիայի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտն (AIHGS) Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններում ցեղասպանության վտանգ է տեսնում: Այս մասին ասված է Ավստրալիայի կառավարությանն ուղղված ինստիտուտի ուղերձում:

«AIHGS-ը լուրջ մտահոգություններ ունի Արցախում հակամարտության, մասնավորապես` բնիկ հայ բնակչության դեմ ցեղասպանության ռիսկի աճի վերաբերյալ: AIHGS-ը կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել` կանխելու հետագա վայրագությունները և պատերազմական հանցագործությունները մի ժողովրդի նկատմամբ, որն արդեն անցել է ցեղասպանության միջով և երբեք չի տեսել արդարություն: Սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանը, որին աջակցում է Թուրքիան, ագրեսիվ գրոհներ է սկսել Արցախի նկատմամբ, այդ թվում՝ հարձակումներ հայ խաղաղ բնակիչների դեմ: Ադրբեջանն օգտագործում է հեռահար հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և կասետային ռումբեր, որոնք արգելված են միջազգային օրենսդրությամբ»,- նշված է ուղերձում:

Ինստիտուտը նշում է, որ այդ հարձակումների հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, ավերվել են տներ մայրաքաղաք Ստեփանակերտում, ինչպես նաև հիվանդանոցներ, դպրոցներ և մշակութային-կրոնական վայրեր, ինչպիսիք են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարը, ինչն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով:

«Թուրքիան, որը շարունակում է հերքել իր օսմանցի նախնիների մեկ դար առաջ իրականացրած Հայոց ցեղասպանությունը, շարունակում է նյութական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին՝ զենքի և Սիրիայից բերված օտարերկրյա վարձկանների տեսքով: Ատելության խոսքը և մարդատյացությունը մոտալուտ ցեղասպանության կարևոր ցուցիչներ են: Ադրբեջանի ռազմական, մարդկության դեմ հանցագործությունների և էթնիկ զտումների հայտարարված մտադրության, ինչպես նաև հայերի դեմ անցած ցեղասպանությունների ժխտման և անպատժելիության համատեքստում, AIHGS-ը պնդում է, որ Արցախում ցեղասպանության մեծ վտանգ կա, եթե ադրբեջանական ուժերը վերահսկողության տակ վերցնեն այդ տարածքը»,- ասված է ինստիտուտի ուղերձում:

AIHGS-ի ներկայացուցիչներն ընդգծում են, որ Ավստրալիան պարտավոր է միջոցներ ձեռնարկել հանցագործությունները կանխելու և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար:

Ավստրալիայի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտն Ավստրալիայի կառավարությանը կոչ է անում օգտագործել բոլոր դիվանագիտական միջոցները`ստիպելու Ադրբեջանին` կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները, դատապարտել ատելության խոսքը, ցեղասպանության մտադրությունը և ցեղասպանության ժխտումը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, դատապարտել օտարերկրյա վարձկանների օգտագործումը, միջոցներ ձեռնարկել Ադրբեջանին և Թուրքիային վայրագությունների և ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու համար, մարդասիրական օգնություն տրամադրել Արցախի ժողովրդին:

Տեսանյութեր

Լրահոս